Մարդիկ ասում են՝ գույքը վերցնում եք, գոնե մի քիչ շատ փող տվեք

Մարդիկ ասում են՝ գույքը վերցնում եք, գոնե մի քիչ շատ փող տվեք
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ սկսեցին կառուցել Հյուսիսային պողոտան, չի մոռացվել, թե ինչ ճակատագրի արժանացան նրանց բնակիչները․ ոմանք հուսահատ արտագաղթեցին, ոմանք չնչին կոպեկների դիմաց տեղափոխվեցին Երեւանի ծայրամասերում հատկացված բնակարաններ, ոմանք էլ շարունակեցին պայքարել՝ հասնելով մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։



ՄԻԵԴ-ն էլ մի շարք հայցերի վերաբերյալ կայացրել է վճիռներ։ 2006 թվականից առ այսօր գործող «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ «բացառիկ գերակա շահ» հանրային տարածքում գտնվող Ֆիրդուս թաղամասի, Տերյան, Աբովյան-Պուշկին-Սախարով- Բելյակով փողոցների բնակիչների գույքը դեռ 2006 թ․ կառավարության 108-N որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։ Մինչ այժմ, սակայն, ոչինչ չի արվել, չնայած օրենքի սահմանմամբ՝ ժամկետ է տրվում, որ «բացառիկ գերակա շահ» հասկացողությունն ի կատար ածվի։ Իսկ դա պետք է տեւի յոթ տարուց ոչ ավելի։



Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է, որ բնակիչները դիմել են դատարան, սակայն մեր դատարանները մերժել են, գործը վերադարձրել, հետո այդ գործը հասել է մինչեւ Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն էլ ճանաչել է, որ դատարանն իրավունք չուներ գործը վարույթ չվերցնել, պարտադրել է գործը վերցնել վարույթ, պարտադրել է գործը վերցնել վարույթ։ Սակայն մեկ ու կես տարի է, ինչ դատարանը չի կարողանում նիստ նշանակել, որպեսզի գործը քննի։ Քննելու դեպքում, պարզ է, պետք է բավարարի բնակիչների հայցը։



Վերջերս Սեդրակ Բաղդասարյանը վերը նշված փողոցների բնակիչների հետ դիմել է երկրի վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, որ, քանի որ «բացառիկ հանրային շահ» հասկացությունը հստակեցված չէ օրենքով, այն չի համապատասխանում հանրային շահի գաղափարներին, միայն էլիտայի, օլիգարխների շահերը պաշտպանելու նպատակ ունի, պետք է վերանայվի «Սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, հիմքում դրվի քաղաքացիների եւ հանրության շահը։ Եվ այդ օրենքը կարող է վերանայվել, երբ ընտրվի նոր ԱԺ։



«Մինչ այդ մենք առաջարկել ենք եւ պահանջել, որպեսզի վարչապետը իր որոշումով դադարեցնի այդ տարածքում «բացառիկ գերակա հանրային շահ» հասկացությունը կյանքի կոչելը։ Մենք միեւնույն ժամանակ նամակով դիմել ենք մշակույթի նախարարություն, որպեսզի նա իր կարծիքը հայտնի եւ մասնակցի այդ գործընթացին։ Այդ տարածքում գտնվում են պատմամշակութային հուշարձան շենքեր, որոնց չի կարելի քանդել ու տեղափոխել։



Հույս ունենք, որ նոր մշակույթի նախարարը, որը Հասմիկ Պողոսյանի նման կամակատար մեկը չէ, կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը։ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը հարց է ուղղում, թե նեղ փողոցներ ունեցող Երեւանում արդյոք նպատակահարմա՞ր է կառուցել այդքան բարձրահարկ շենքեր, եւ դա չի՞ հանգեցնի կոլապսի։ Շոգ եղանակին Երեւանում շնչել չի լինում։ Սեդրակ Բաղդասարյանի հավաստմամբ՝ «Հյուսիսային պողոտայով անցնելիս մի ծիտ չեք տեսնի, բնության հերն անիծել են, նույնիսկ մրջյուն չկա»։



Նոր իշխանություններին մեր զրուցակիցը հորդորում է խորհրդակցել, հաշվի նստել հեղինակավոր ճարտարապետների՝ Մկրտիչ Մինասյանի, Գուրգեն Մուշեղյանի, Աշոտ Քալաշյանի հետ։ Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտան կառուցելու ընթացքում տուժած քաղաքացիներին, ապա Սեդրակ Բաղդասարյանը նշում է, որ իրենք ուղղություն են տալիս քաղաքացիներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս։ «Ցավոք, մինչեւ հիմա քաղաքացիները չեն հավատում արդարությանը, եւ նրանք ասում են՝ իմ գույքը վերցնում եք, գոնե մի քիչ շատ փող տվեք։



Այդ դեպքում իրենք չեն մտածում իրենց իրավունքների մասին։ Ես առաջիններից մեկն էի, որ դիմեցի ՄԻԵԴ, մարդիկ պետք է օրինակ վերցնեն։ Կոզեռն թաղամասը ճանաչվում է բացառիկ հանրային գերակա շահի տարածք։ Եթե ուշադիր նայենք, թաղամասը գծած է, բայց մի քանի տներ դուրս են գալիս գծագրից։ Դրանք մեծահարուստների տներն են, որոնք չեն մտնում «հանրային բացառիկ գերակա շահ» հասկացության մեջ։ Տեսեք, Ֆիրդուսու տարածքը տվել են նոր կազմակերպությունների, բայց չէ՞ որ այնտեղ տասը տարի է, ինչ փոս են փորել։ Հիմնական կառուցապատող կազմակերպություններն էլ «Գլենդել Հիլզն» էր եւ «Սիթի սենթր դիվելոփմենթը»։ 12 տարի է անցել, «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը լուծարվել է, գոյություն չունի, սնանկ է ճանաչվել։ Կառավարության վերջին որոշման մեջ, որ կայացվել է այս տարվա ապրիլին, նշված են այդ կազմակերպությունները։ Զարմանալի է, որ կառավարությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ընդունել է այդ որոշումը, մշակույթի նախարարության կարծիքը, սակայն, հաշվի չի առել։



Իսկ այդ տարածքում գտնվում են չորս պատմամշակութային հուշարձաններ։ «Գլենդել Հիլզը» եւ «Սիթի սենթր դիվելոփմենթը» բավականին մեծ փոս են փորել, բազմաթիվ քաղաքացիներ կնքել են պայմանագրեր, եւ պետք է կառուցվող շենքից ստանային բնակարաններ։ Բայց այդ խեղճ մարդկանցից մի քանիսը մահացել են, իսկ մյուսներն էլ, պայմանագրերը ձեռքին, վարձակալությամբ ապրում են՝ հույս ունենալով, որ շենքը կկառուցվի, իրենք էլ մի տանիք կունենան »,- հիշեցնում է մեր զրուցակիցը։



**Թագուհի Հակոբյան**