Մանվելից ուժեղ ա ինքը․ նոր մեղադրանքներ՝ Ուրասարի դպրոցի տնօրենին

Մանվելից ուժեղ ա ինքը․ նոր մեղադրանքներ՝ Ուրասարի դպրոցի տնօրենին
Լոռու մարզի Ուրասար համայնքի դպրոցում տնօրեն Մարիամ Շոլինյանի դեմ պայքարը շարունակվում է։



Մեզ են դիմել դպրոցի նախկին ուսուցիչները՝ պատմելով, թե տնօրենը դպրոցը դարձրել է իր դուքանը, ցանկանում են օր առաջ դպրոցը ազատել Շոլինյանից։



«Ինքը հավաքել ա նենց մարդկանց, որ գիտելիք չունեն։ Աշխատավարձի սաղ քարտերը վերցրել ա ձեռքներից, ուսուցիչներին ինքը սովորեցրել է, թե կասեք փողը ես լրիվ տվել եմ, սրանից հետո կսկսեմ տալ։ Նորմալ մարդկանց կամ ազատել ա, կամ էլ ազատվել են։ Մինչեւ հիմա չգիտեն իրենց աշխատավարձն ինչքան ա եղել։ Ուսուցիչները իր հետ համաձայնության են եկել, որ ասեն՝ լրիվ ստացել են։



Ինքը հայտարարել ա, թե սեպտեմբերի 1-ից գալու է աշխատանքի, ոչ մեկ ինձ ոչ մի բան չի կարա անի, իսկ ով իմ հետեւից ընկել ա, տես ինչ եմ անելու իրան։ Ինքը իրեն ջիպ առավ»,- նշեց նախկին ուսուցչուհին։



Մեր զրուցակցի խոսքով՝ Շոլինյանը ձմռան ընթացքում 2 սենյակ է ջեռուցել միայն իր համար, իսկ երեխաները դասը անցկացրել են ցուրտ դասասենյակներում․ «Ես սենց մարդ դեռ հանդիպած չկամ, ուրեմն ինքը ջիպով անցնում ա, ոչ մեկին չի վերցնում երբեք։ Մեծամիտն է։ Ոչ բարեւ տալ ժողովրդին, արհամարհանքով։ Իրեն Կիրովականից են ուղարկել, արդեն 5 տարի ա։ 2 սենյակ ա սարքել, ջեռուցում ա իր համար, էրեխեքին սառույցի մեջ ա թողել։ Ասում ա՝ ես նենց թիկունք ունեմ, բայց չգիտեմ՝ ով ա թիկունքը, Մանվելից ուժեղ ա ինքը։ Օգտվում են, որ հեռու ա, ոչ մեկ չի հասնում էնտեղ։ Ես զանգել էի նույնիսկ կրթության տեսչություն, քիմիայի ուսուցիչները ֆորմուլա չգիտեն էնտեղ։ Ասում են՝ երեք տարի մեկ է ստուգվում, էն էլ ոչ բոլոր դպրոցները։ Գոնե մեկ անգամ գնան, դասերը լսեն, տեսնեն ինչ մակարդակ ունեն այդ ուսուցիչները»։



Բացի սրանից, մեզ նամակով դիմել է նաեւ դպրոցի նախկին հավաքարար եւ խոհարար Ալինա Սարգսյանը։ Ըստ նրա՝ 2015-2018թթ. աշխատել է դպրոցում: Հավաքարարի աշխատավարձ ստանալիս յուրաքանչյուր ամիս ստացել է 26 000 դրամ, բայց ստորագրել եմ 53 000 դրամի դիմաց, իսկ խոհարարության համար, որպես աշխատավարձ, կիսամյակի կտրվածքով ստացել է 2 պարկ 50 կիլոգրամանոց ալյուր և 5 շիշ 1 լիտրանոց բուսական յուղ, մինչդեռ հարևան գյուղի ավելի փոքր դպրոցում նույն աշխատանքի համար փոխհատուցվել է 4 պարկ ալյուր և 11 շիշ բուսական յուղ․ «Դպրոցի տնօրենը նաև ձևակերպել էր գիշերային 3 պահակ, որից մեկն իմ սկեսուրն էր, որոնք 63 000 դրամի դիմաց ստորագրել, բայց վարձատրվել են 10 000 դրամ: Ըստ լուրերի՝ ուսուցիչներին էլ ստորագրել էր տալիս ուրիշ թվի դիմաց, բայց վարձատրում ավելի ցածր՝ կամայական չափերով, վճարում էր առձեռն 22 000 դրամից սկսած: Ուսուցիչները խոսում էին, որ մինչև վերջերս տեղյակ չէին իրենց աշխատավարձի չափից: Իսկ առանց այն էլ սուղ պայմաններում ապրող աշակերտների ծնողներից միշտ պահանջել է թանկ ծաղիկներ և որակով կոնյակ: Ծնողների նվիրած ծաղկեփունջը նույնիսկ մի անգամ նրանց ներկայությամբ վրդովված նետել է աղբամանը՝ դժգոհելով, թե էժանագին են: Ձմռանը 2 ժամից ավելի չէր թողնում աշակերտների համար միացնել էլեկտրական վառարանը, մինչդեռ ինքը իր սենյակը տաքացնում էր միաժամանակ երկու վառարանով»։



Մարիամ Շոլինյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում հերքեց նախկին աշխատակիցների խոսքերը՝ նշելով, որ բոլոր դասասենյակները ջեռուցված են եղել, ինքը ոչ մի չարաշահում չի արել․ «Եթե իրենք նախկին աշխատակիցներ են, ինչպե՞ս են իմանում ես իմ գործընկերոջը վերցնո՞ւմ եմ, հարգալի՞ց եմ իմ գործընկերների նկատմամբ։ Հենց առաջին օրվանից, երբ ես գնացել եմ դպրոց, նախկին տնօրենին գործից ազատել են, երկրորդ օրից սկսած նախկին տնօրենն անընդհատ կազմակերպում էր բողոքներ իմ դեմ առ այսօր։ Ես 5 տարի է աշխատում եմ այս դպրոցում, մտեք դպրոցների վարկանիշավորման համակարգ, բացեք 2013 թիվը եւ նայեք Ուրասարի դպրոցը 140 դպրոցների մեջ զբաղեցրել է 120-րդ տեղը։ Այս տարիների ընթացքում դպրոցը գտնվում է 8-րդ տեղում։ Մտեք Dasaran.am-ի աշխատանքներ, որը տնօրենի եւ ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է, ամբողջ Հանրապետության 1500 դպրոցների մեջ 31-րդ տեղում ենք։ Լոռու մարզի 150 դպրոցների մեջ 3-րդ տեղում ենք։ Դպրոցի մակարդակը բարձրացել է»։



Անդրադառնալով Ալինա Սարգսյանի նամակին՝ Շոլինյանը նշեց՝ աղջիկը իր աշխատանքից ազատվելուց հետո փորձում է վրեժխնդիր լինել՝ իր մասին ստահոդ տեղեկություններ տարածելով․ «Ես ունեի մի հավաքարար աղջիկ, բոլորս գիտեինք՝ սուսուփուս աղջիկ ա, մի 10 օր առաջ բերել են նկարներ՝ Օդնոկլասսնիկից հանած, մինչ այդ գյուղն իմացել ա, ես իմացել եմ ամենավերջում, բերում են նկարներ, շշմում եմ, իմ հավաքարարուհին դպրոցի դասասենյակներից մեկում իրեն սելֆի է արել կիսատկլոր՝ առանց ներքնազգեստի։ Ուրեմն, նա այդ նկարները տեղադրել է, գյուղի բնակչությունը, մանավանդ՝ երիտասարդությունը, դրանք տեսել են, իր ամուսնուն ցույց են տվել։ Էդ աղջիկը, որ մարտին գնացել ա, մի անգամ գյուղ չի եկել, երես չունի։ Ինքը, որ արդեն գիտի երես չունի հետ գալու, հազար ու մի խայտառակ բան ա ասում իմ մասին»։



Նշենք, որ Շոլինյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ դպրոցի տնօրենը մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու գործառույթը, 2 հավաքարարների և պահակի անվամբ ելքագրված աշխատավարձից պակաս է վճարել ընդհանուր շուրջ 3 500 000 դրամ։



Բացի այդ, տնօրենը 2014 թվականի հունվարի 8-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի մեկ բնակչի դպրոցում ձևակերպել է որպես գործավար, սակայն վերջինս փաստացի այդ աշխատանքը չի կատարել, իսկ նրա անվամբ ելքագրված խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 960 000 դրամը տնօրենը յուրացրել է:



**Աննա Պապիկյան**