Իմ հետ տանելու եմ հուշանվերներս ու պապուս նկարը. Հրազդանի քաղաքապետը հեռացավ

Իմ հետ տանելու եմ հուշանվերներս ու պապուս նկարը. Հրազդանի քաղաքապետը հեռացավ
Այսօր Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Օրակարգային հարցերից մեկն էլ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հրաժարականն էր։



Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը դիմեց ավագանու անդամներին, որ կողմ քվեարկեն իր ներկայացրած հրաժարականին. «Իմ հրաժարականը եկել է քաղաքակական իրավիճակի փոփոխությունից: Ես նպատակահարմար եմ գտնում իմ տեղը զիջել նոր ուժի ներկայացուցչին, որը կաշխատի համապատասխան կառույցերի հետ եւ մեծ ներդրումներ կանի: Մեր որոշումներով՝ մենք շատ աշխատանքներ ենք կատարել քաղաքում: Մեր ֆեյսբուքյան էջում կա մեր կատարած աշխատանքները, կարող եք համոզվել, որ մենք բազմածավալ աշխատանքներ ենք կատարել: Իմ համոզմունքներից ելնելով ես ձեզ խնդրում եմ, որ կողմ քվարկեք, առանց հարցերի»,-իր ելույթում ասաց Արամ Դանիելյանը:



Ավագանու նիստի վերջում միայն քաղաքապետի «թանկարժեք» մամուլի խոսնակ Ալվինա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին. «Շնորհակալություն, որ ձեր նման ղեկավար է այսքան տարի ղեկավարել այս համայնքը, այն տարել է դեպի զարգացում: Ինձ համար պատիվ էր աշխատել Ձեզ հետ»:



Ավագանին կողմ քվարկեց, ՀՀԿ-ական քաղաքապետն էլ հրաժեշտ տվեց: Մի քանի հարց ուղղեցինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին:



**-Պարո´ն Դանիելյան, մտավախություն չունե՞ք, որ քաղաքապետարանում ստուգումներ կլինեն: Մարզպետը դիմել է նախարարություն եւ ստացել է որոշում ստուգումներ իրականացնելու համար:**



-Ամսի 4-ին սկսվելու են ստուգումները, ես խնդիր չեմ տեսնում, դա նորմալ ա:



**-Քաղաքապետարանում ստուգումներ իրականացվել են նաեւ ՀՀԿ-ի օրոք, սակայն շատ դեպքերում չարաշահումները կոծկվել են, որոշ գործեր կարճվել:**



-Եթե դուք ուզում եք իմանալ, ՀՀԿ-ի օրոք ամենատուժված քաղաքապետը ես եմ ստուգումների առումով:



**-Ինչո՞ւ:**



-Որովհետեւ ես ե´ւ ընդիմության դեմ եմ պայքարել, ե´ւ իշխանության:



**-Հեռանալուց հետո ի՞նչ եք տանելու ձեր աշխատասենյակից:**



-Ես իմ աշխատասենյակից ոչինչ չեմ վերցնելու, տանելու եմ հուշանվերներս, մեկ էլ՝ պապուս նկարը:



**Նելլի Կարապետյան**