Ինձ այն ժամանակ ասացին՝ տեսա՞ր, թե ոնց վարվեցին Ծառուկյան Գագոյի հետ, դու ո՞նց ես ընդդիմանում

Ինձ այն ժամանակ ասացին՝ տեսա՞ր, թե ոնց վարվեցին Ծառուկյան Գագոյի հետ, դու ո՞նց ես ընդդիմանում
«Երեւան» բժշկական կենտրոնը (6-րդ հիվանդանոց) փակվեց 2016թ․, իսկ նրա 172 աշխատակիցների մի մասը աշխատանք է գտել այլ հիվանդանոցներում, ոմանք էլ մնացել են առանց աշխատանքի։ «Երեւան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը երկու տարի անց հրավիրած մամուլի ասուլիսում այսօր ներկայացրեց այն բոլոր պատճառները, թե ինչու է փակվել հիվանդանոցը, ովքեր են նրա փակման գործում գլխավոր դերակատարները։ Տարոն Տոնոյանը ասուլիսին ներկայացել էր իր փաստաբան Արմեն Օհանյանի հետ, փաստաթղթերի հարուստ տրցակով եւ հիմնավորում էր, թե ինչպես է Զորի Բալայանը փորձել իրենից խլել հիվանդանոցը։ Տարոն Տոնոյանը եղել է հիվանդանոցի սեփականատերը։ Տարոն Տոնոյանը նշեց, որ հակամարտությունը սկսվել է 2014 թվականից, երբ Զորի Բալայանի եւ նրա որդու՝ Հայկ Բալայանի առաջարկով արել է բազմաթիվ կադրային փոփոխություններ։ Սակայն, ըստ նրա, դրանք չեն բավարարել Զորի Բալայանին ու նրա որդուն, եւ նրանք ուղղակի հասկացրել են, որ ինքը պետք է գնա այդտեղից։



«Ինձ գումար առաջարկեցին, ես էլ դրա եռակին առաջարկեցի, որ իրենք թողնեն-գնան։ Անցավ մի քանի ամիս, ինձ հրավիրեցին Բաղրամյան 26, ես վստահ էի, որ Զորի Բալայանի ճնշումների արդյունքում էին ինձ կանչել։ Տեղի ունեցավ կոշտ խոսակցություն, որ ես պետք է հեռանամ։ Ես ընդդիմացել եմ նաեւ այն ժամանակ։ Իրենց թվում էր, թե ես չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում պետական մեքենա։ 2015թ․ մարտն էր, իրենք ասացին՝ տեսա՞ք, թե ինչպես վարվեցին Ծառուկյան Գագոյի հետ, դու ո՞նց կարող ես մեզ ընդդիմանալ։ Ես ասացի, որ դա քննարկման ենթակա չէ, նրանք ուրիշ օրինակներ բերեցին։ Ես էլ ասացի, որ համաձայն չեմ ստորացուցիչ պայմանների, պատրաստ եմ նյութական կորուստներ ունենալ, բայց իմ կենսագրությունից չեմ հրաժարվում։ Բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, որոնք ասում էին՝ վերցրու՛ այդ գումարը, դուրս արի, գործ չունես դրանց հետ։ Ես եղել եմ ազատամարտիկ, ռազմական հոսպիտալի պետ, եւ արդարությունը պաշտպանելը համարել եմ Արցախը պաշտպանելու իմ գործի շարունակությունը»,- ասաց Տարոն Տոնոյանը։ Հետո փակված հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասաց, թե ինչպես են դրանից հետո այցելել հարկային մարմինները, ներկայացրել ֆանտաստիկ թվեր, ինչպես է հարուցվել քրեական գործ, ինչպես են գումարները մուծվել։ Տարոն Տոնոյանը չի նահանջել, իր կոլեկտիվի անդամների մի մասի հետ շարունակել է աշխատանքն այլ տեղ։ Նա պատմեց նաեւ, թե ինչպես է հայտ ներկայացրել պետգույքի վարչություն, շահել, վարկեր վերցրել, գնել մի շենք, սակայն այնտեղ էլ են բողոքել։ Հիմա էլ, պարզվում է, պայքարում են այդ շինարարության դեմ։ Իսկ այսքանից հետո Զորի Բալայանն ու իր որդին ակնկալում են, որ քննչական մարմինների միջոցով կարող են ճնշումներ գործել եւ իրեն առաջադրել մեղադրանք։



«Մի դատարանում գործը քննվում է, որ ես 50 տոկոս բաժնետեր եմ, ուզում է ինձ այդ բաժնեմասից զրկել, մեկ այլ դատարանում վիճարկում են, թե իբր ես չեմ ունեցել լիցենզիա»,- ասաց Տարոն Տոնոյանը, որը պնդում է՝ Զորի Բալայանի նպատակն էր իրեն «գցել» եւ հիվանդանոցի տնօրեն նշանակել իր որդուն։ «Տարիներ շարունակ օգտագործել եմ իմ անձնական կապերը, խոշոր ներդրումներ արել հիվանդանոցում, Հայկ Բալայանը արել է մեկ ներդրում, «Էրեբունի» հիվանդանոցից բերվել են սարքավորումներ, որոնք չեն դրվել բալանասի վրա։ Երբ այդ մասին հարցրել եմ, Հայկ Բալայանն ասել է, որ բալանսի վրա դրվելու դեպքում 50/50-ը պետք է խախտվի (50 տոկոս բաժնետերը Տարոն Տոնոյանն է) Հիմա այդ գույքը գտնվում է «Լեբեն» ՍՊԸ-ում, եւ ես դրա համար համար պատասխանատվություն չեմ կրում։ Եվ այդ սարքավորումների ճակատագիրը, չգիտեմ, թե ինչ կլինի, կոչ եմ անում, որ հիվանդանոցից գան ու տանեն»,- հայտարարեց Տարոն Տոնոյանը։ Տարոն Տոնոյանը ուշագրավ մանրամասներ ներկայացրեց նաեւ Հայկ Զորիի Բալայանի կենսագրությունից, ասաց, որ նա զորակոչվել է հայկական բանակ 1995թ․, ծառայել մինչեւ 1997թ․, ինչը վկայում է պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքը։ Մինչդեռ, ըստ Տարոն Տոնոյանի, կրթության եւ գիտության նախարարությունը Հայկ Բալայանին տրամադրել է մեկ այլ տեղեկանք, որ նա այդ նույն ժամանակահատվածում սովորել է։



«1994թ․ ընդունվել է Էրեբունու հայկական բժշկական ինստիտուտ, սովորել, 1995թ․ զորակաչովել բանակ, 1998թ․, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, Զորի Բալայանն իր տղային տեղափոխել է Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան։ Ինքը ստացել է լեյտենանտի կոչում՝ առանց զինվորական գործ անցնելու, քանի որ այդ բուհում չկա զինվորական ամբիոն։ Իսկ հայկական բանակում նա ծառայել է կենտրոնական զինվորական հոսպիտալում, գիշերակացը եղել է տանը։ Իր ծառայության ժամանակ Հայկ Բալայանը մեկնել է արտերկիր, մնացել այնտեղ երկար ժամանակ»,- նշեց Տարոն Տոնոյանը։ Այժմ Հայկ Բալայանը դասավանդում է Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանում, գիտությունների թեկնածու է, պատրաստվում է դառնալ դոկտոր, պրոֆեսոր։ Հիմա Տարոն Տոնոյանը այս ասուլիսի միջոցով օրինախախտումների վրա է հրավիրում առողջապահության, կրթության եւ գիտության, պաշտպանության նախարարների, Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի ղեկավարության ուշադրությունը։