Քիչ էր մնացել դուխով խայտառակվեի

Քիչ էր մնացել դուխով խայտառակվեի
Հարգելի Ոստիկանություն և ԱԱԾ, պաշտոնապես ցուցմունք եմ տալիս, որ այս «դուխով» շարժումն ինձ հետ կապ չունի: Բնականաբար, ես էլ` այդ շարժման հետ: Ինձ «դուխով» գլխարկ պետք չէ, ոչ էլ առաջնորդի դիմապատկերով մայկա: Ես, առհասարակ, չզբաղվել պոլիտիկա և կխնդրեի, որ պոլիտիկան էլ չզբաղվի ինձնով:



Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, մտնում եմ խանութ, եղած-չեղած դրամս ծախսում մի բուռ ուտելիքի վրա, զայրացած դուրս գալիս ու հանկարծ նկատում, որ տոպրակի վրա գրված է «դուխով»: Միանգամից չհասկացա` դա տոպրակ խփող գործարարի մտահղացո՞ւմ է, թե՞ վարչապետի որոշում, բայց մեծ տհաճություն ապրեցի այն զգացումից, որ իմ սեփական փողով ակամա դարձել եմ «դուխով»-ի գովազդային շարժվող վահանակ:



Իմ տունն այդ խանութին կպած է, բայց մի քանի քայլ կար, որ հասնեի մեր մուտքին: Տոպրակը պտտեցի, որպեսզի մակագրությունն ընկներ իմ կողմը և անցորդները չտեսնեին «գովազդը»: Մեր հարևան Շմավոնը որ նկատեր, ի՞նչ է, շենքում ասելիք էի դառնալու` հա՛, դո՞ւ էլ անցար Նիկոլի կողմը… Դե արի ու էդ սահմանափակ խալխին բացատրիր, որ դու ընդամենը հաց ու մածուն ես առել, իսկ վաճառողուհին այդ տոպրակով ծաղկեցրել է քո համեստ առևտուրը: Ախր ինչի՞ համար:



Շրջվեցի և ուղիղ խանութ գնացի: Վաճառողուհին աչքերը չռեց վրաս` մտածելով, որ ինչ-որ սխալ բան կա հաշիվներում:



-Բան եք մոռացե՞լ:



-Չէ, տոպրակը…



-Ճղվե՞ց, բերեք փոխեմ,- թեթևացած ասաց նա և մի ուրիշ տոպրակ պոկեց մեխից:



-Չէ, չի պատռվել, բայց փոխեք:



-Ինչո՞ւ:



-Սա կպահեք ձեր դուխով այցելուների համար, իսկ ինձ ուրիշը տվեք:



Ինձնից հետո ներս մտած այցելուները հետևում էին իմ և վաճառողուհու խոսակցությանը: Նրանցից մեկը թե.



-Այ ախպեր, ի՞նչ տարբերություն, տոպրակ է էլի՞:



-Կներեք,- ասացի,- ես հպարտ քաղաքացի եմ, ոչ թե «դուխով քարոզիչ»:



Նոր ու անշառ տոպրակով և թեթևացած հոգով դուրս եկա խանութից:



Մեծարգո դատախազ, հարգելի տարատեսակ իրավապահներ, ՊԵԿ, ՊՆ, ԱԻՆ ղեկավարներ, սոցապ և մշակույթի նախարարներ, կրթության և գիտության ոլորտի ակնառու բարենորոգիչներ, ՄԻՊ և, իհարկե, իմ հին ծանոթ Տիգրան Մուկուչյան, հարցս ուղղում եմ ձեզ` Հայաստանի իշխանությունը իրավունք ունի՞ բացահայտ քաղաքական քարոզչություն իրականացնել որևէ շարժման կամ խմբակի օգտին, մանավանդ, որ առջևում ընտրություններ են, իսկ քարոզարշավը դեռ չի մեկնարկել: Մյուս կողմից էլ` կա՞ Հայաստանում մի կառույց, որ կարող է «դուխով» տոպրակների տարածումը, «քըռթ», դադարեցնել ընտրությունների նախօրյակին: Չեմ կարծում:



Իսկ ո՞ւր է նայում ՄԻՊ-ը, երբ այսպես կոպտորեն խախտվում է մարդու մի քանի իրավունք միաժամանակ: Հայաստանում որևէ մեկն իրավունք ունի՞, արդյոք, առանց քաղաքացուն զգուշացնելու, առանց նրա համաձայնությունն ստանալու` նրան օգտագործել իր գովազդային ծրագրերում: Հայկոն ու Մկոն, օրինակ, ինչ ասես` գովազդում են: Բայց նրանք նախ` համաձայնում են դա գովազդել, «փող են խոսում» վերջապես: Ես Հովոյի 2 բոյին եմ, բայց կարո՞ղ են Հովոյին ստիպել, օրինակ, բադրջան գովազդել` առանց էս գլխից վճարելու և նրա համաձայնությունն ստանալու:



Առակս զի՞նչ ցուցանե: Առանձնապես ոչինչ։ Սակայն, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այս պահին ինչ մտածեցին առակիս հասցեատերերն ու «դուխով» տոպրակների շահառուները:



**Էդիկ Անդրեասյան**