Ո՞րն է պաշտոնական Ռուսաստանը

Ո՞րն է պաշտոնական Ռուսաստանը
Միջազգային եվրասիական շարժումը եւ Իզբորգյան ակումբը կազմակերպել են «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» [խորհրդաժողով](https://minval.az/news/123804326), որն անցկացվել է Ջոջուկ Մարջանլի գյուղում: Այդ բնակավայրն սկսել է կառուցապատվել ապրիլյան պատերազմից հետո եւ համարվում է «օկուպացված տարածքների ազատագրման եւ վերաբնակեցման» քաղաքականության խորհրդանիշ: Հասարակական գործիչներից բացի խորհրդաժողովին մասնակցել են ՌԴ պետդումայի երկու պատգամավորներ: Նրանցից Դմիտրի Սավելեւը նաեւ ռուս-ադրբեջանական խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի համանախագահն է, ՌԴ պետդումայի կոմիտեներից մեկի նախագահի տեղակալը: Խորհրդաժողովի շրջանակներում Սավելեւը շփվել է լրագրողների հետ եւ արել մի շարք հայտարարություններ: Նա, մասնավորապես, ասել է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը գտնվում է շրջափակման եւ տնտեսական ճգնաժամի մեջ, բայց «ցավոք՝ Հայաստանի իշխանությունները դա դեռեւս չեն հասկանում»:



Ռուսաստանցի խորհրդարանականը նաեւ ասել է, որ Մոսկվան «հիասթափված է Հայաստանի նոր կառավարության փոփոխական քաղաքականությունից, մինչդեռ ի դեմս Բաքվի Մոսկվան տեսնում է հուսալի դաշնակցի: Մենք Ադրբեջանին վստահում ենք որպես մերձավոր դաշնակցի, ուստի մենք միլիարդավոր դոլարների զենք ենք վաճառում, քանի որ գիտենք, որ այդ զենքը երբեք չի շրջվի Ռուսաստանի դեմ, այլ կծառայի երկու երկրների շահերին»: Եթե ադրբեջանական մամուլը բարեխղճորեն է փոխանցել Սավելեւի հայտարարությունները, մանավանդ՝ վերջին միտքը, ապա պետք է արձանագրել, որ լայնածավալ զորավարժություններից մեկ օր առաջ Ռուսաստանի պետդումայի պատգամավորը փաստացի «օրհնել է»ադրբեջանական կողմի հավանական ագրեսիան: Այս դեպքում ո՞րն է պաշտոնական Ռուսաստանը:



Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին դիվանագիտական հայտարարություններո՞վ, թե՞ պետդումայի պատգամավոր Սավելեւի ներկայացրածն է, որը Բաքվին անուղղակի դրդում է պատերազմի վերսկսման՝ դա համարելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ շահի սպասարկում: Այս հարցը պետք է հստակ դրվի: Ընդ որում, առաջինը պետք է ահազանգի պաշտոնական Ստեփանակերտը՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի եւ ՌԴ ԱԳՆ ուշադրությունը հրավիրելով պետդումայի պատգամավոր Սավելեւի հայտարարությունների բացահայտ սադրիչ, ադրբեջանական ագրեսիան հովանավորող բնույթի եւ դրանից բխող եզրահանգումների վրա: