Այդ խորհրդանիշն ի սկզբանե վարկաբեկված է

Այդ խորհրդանիշն ի սկզբանե վարկաբեկված է
Հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովում պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել է գործընկեր Հայկ Խանումյանին: Միջադեպից հետո նա տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, թե զայրացել է, քանի որ Հայկ Խանումյանը վիրավորել է պետության խորհրդանիշ հանդիսացող՝ երկրի «համաժողովրդական ընտրված նախագահին»: Նախ, այս դեպքում գործ ունենք Ազգային ժողովի կողմից լիազորությունների եռամյա ժամկետով ընտրված նախագահի հետ: Երկրորդ, Արցախի սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահը կարող է հրաժարական տալ, ուստի նրա հրաժարականի պահանջը չի կարող դիտվել որպես վիրավորանք: Ավելին, ԱՀ սահմանադրության հոդված 96- ը ձեւակերպված է այսպես. «Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը»: Ըստ այդմ, Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել երկրի նախագահին: Հարցի քննարկման համար բավական է, որ նման որոշման նախագիծ ներկայացնի պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը: Որոշումն [ընդունվում](http://www.nankr.am/hy/1838) է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:



Այսինքն, ԱՀ ԱԺ 11 պատգամավոր կարող է նախաձեռնել հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու ընթացակարգ, հարցը քվեարկության է դրվում որոշման նախագիծը ներկայացնելուց հետո ոչ շուտ քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Եւ բավական է, որ 17 պատգամավոր կողմ քվեարկի, որպեսզի համարվի, որ հանրապետության նախագահին անվստահություն է հայտնված, եւ նրա լիազորությունները դադարեն: Սահմանադրությունն ընդունվել է 2017թվականին: Սահմանադրական հանձնաժողովը գլխավորել է Ազգային ժողովի նախագահը, որ նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն է: Ժաննա Գալստյանը պատգամավոր է ընտրվել այդ կուսակցության համամասնական ցուցակով:



Զարմանալի է, թե ինչու՞ սահմանադրության նախագծի քննարկումներում տիկին Գալստյանը չի բարձրացրել մի տրամաբանական հարց՝ ի՞նչ հիմքով կարող է Ազգային ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ անվստահություն հայտնել հանրապետության նախագահին: Սահմանադրության մեջ նման նորմ սահմանելով չի՞ վարկաբեկվում երկրի նախագահի ինստիտուտը, պետության խորհրդանիշը չի՞ վիրավորվում: Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահին խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել: Ահա այս եւ այլ հարցեր պետք է քննարկվեին եւ լուծում ստանային սահմանադրության նախագծի քննարկումներում: Ոչինչ չի արվել: Չի արվում նաեւ այսօր: