Ռուսական դեսանտ՝ զորավարժությունների ֆոնին

Ռուսական դեսանտ՝ զորավարժությունների ֆոնին
Հուլիսի 2-ին Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում: Այս ֆոնին Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միջազգային եվրասիական շարժումը, Իզբորգյան ակումբը նախաձեռնել են «Կովկասում Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է» անվանումով խորհրդաժողով, որը բացվում է այսօր՝ «ապրիլյան մարտերի արդյունքում հայկական օկուպացիայից ազատագրված Ջոջուկ Մարջանլի գյուղում»: Խորհրդաժողովի կազմակերպիչը Միջազգային եվրասիական շարժում կազմակերպության նախագահ Ալեքսանդր Դուգինն է: Մասնակիցների թվում են ոչ անհայտ Մաքսիմ Շեւչենկոն, ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա»հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, քաղաքագետ Եվգենի Բախրեւսկին, Russia today-ի առաջատար մեկնաբան Ալեքսանդր Բոնդունովը, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Սավելեւը, պետդումայի խոսնակի օգնական Վլադիսլավ Կալխիդովը եւ մի շարք այլ գործիչներ:



Ինչպես հայտնի է, վերջերս Ադրբեջան էր այցելել ՌԴ պետդումայի խոսնակը, որն ադրբեջանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ «կառուցողական» էր բնութագրել ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը եւ արդեն չի էլ թաքցնում, որ բանակը նախապատրաստում է հարձակողական պատերազմի: Նման իրավիճակում, ինչ խոսք, չափազանց խորհրդանշական է, որ ռուսաստանցի պետական ու հասարակական գործիչները խորհրդաժողովի են հավաքվում հակամարտ զորքերի շփման գծում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների նախապատրաստության ավարտական փուլն է իրականացնում: Կարելի՞ է դա համարել ռուսական կողմի եթե ոչ պետական, ապա առնվազն հանրային որոշակի շրջանակների աջակցություն ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին: Ի՞նչ է նշանակում խորհրդաժողովի գլխավոր ուղերձի՝ «Կովկասում Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է» հրապարակայնացումն այն պահին, երբ գրեթե բոլոր մեկնաբանություններում խոսվում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի թեժացման եւ պատերազմի վերսկսման բարձր հավանականության մասին:



Ի՞նչ խնդիր է լուծում ռուսական դեսանտը, որին ադրբեջանական կողմը պարտադրել է Բաքվից ուղեւորվել Ջոջուկ Մարջանլի եւ հենց շփման գծից խոսել ռուս-ադրբեջանական դաշինքի մասին: