Ենթադրվում է, որ հանրապետականները փորձելու են դիմադրել. Լևոն Բարսեղյանը՝ ընտրական բարեփոխումների մասին

Ենթադրվում է, որ հանրապետականները փորձելու են դիմադրել. Լևոն Բարսեղյանը՝ ընտրական բարեփոխումների մասին
Ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովը որոշել է խորհրդարանական ընտրության՝ նախագծում առաջարկվելիք անցողիկ շեմն իջեցնել մեկական տոկոսով՝ թե դաշինքների, թե կուսակցությունների համար: Կուսակցությունների դեպքում դարձնելով 4, դաշինքի դեպքում՝ 6 տոկոս: Առաջարկում են անցնել 100 տոկոսանոց, փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին: Անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշում է. «Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, այդ խայտառակ վարկանիշային ընտրակարգը մտցրել էին օրակարգ, մենք դեռ այն ժամանակ բազմիցս քննադատել ենք:



«Ազատություն» ռադիոկայանով լսեցի Հանրապետականի ներկայացուցիչ, մի քանի անգամ ընտրական օրենսգիրքը փոփոխած Դավիթ Հարությունյանի կարծիքը, այն ինձ շատ ուրախացրեց: Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չի ուզում իջնել էշից, որը հեծնել է: Ինչպես ասում են՝ էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Պնդում էր իր տեսակետը, թե վարկանիշայինը շատ կարևոր է, տոկոսները իջեցնելու հետ էլ այդքան համաձայն չէր: Սրանում ուրախալի է այն, որ եթե նախագիծը Դավիթ Հարությունյանին դուր չի եկել, ուրեմն այդ նախագիծը շատ լավը կարող է դառնալ: Ենթադրվում է, որ հանրապետականները փորձելու են դիմադրել, որ այդ փոփոխությունները տեղ չգտնեն ընտրական օրենսգրքում»: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ նրանք կամ տաք եմ, կամ Սերժ Սարգսյանի հորդորներին են ականջալուր լինում, որ մի քիչ էլ դիմանան, Նիկոլի կառավարությունը երկար չի ձգելու: «Անսպասելի չէր, որ հրաժարականի պահից մտածել են, որ մարտավարական նահանջ են անում, քանի որ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում, հետո ինչ կուզեն, կանեն»,-նշում է Բարսեղյանը: