Դեղատունը՝ քույր ու եղբոր միջև կռվախնձոր․ միջադեպի հետ ի՞նչ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյան

Դեղատունը՝ քույր ու եղբոր միջև կռվախնձոր․ միջադեպի հետ ի՞նչ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյան
Մխոյանների ընտանիքում կռիվ է ընկել։ Բանն այն է, որ Կարեն Մխոյանի ձեռքից ուզում են խլել դեղատունը, որը կառուցվել է իր միջոցներով եւ արդեն 13 տարի է՝ օգտագործվում է իր կողմից, սակայն այսօր քույրը՝ Անահիտ Անանյանը եւ վերջինիս ամուսինը՝ Արմեն Անանյանը Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանի հետ ցանկանում են խլել դեղատունը, քանի որ այն գրանցված է Անահիտ Անանյանի անունով։



Կարեն Մխոյանի պատմելով ՝ տարիներ առաջ իր փեսան եւ Մուրադյանը համատեղ բիզնես են արել, վերջինս պարտքով գումար է տվել Արմենին, քույրն էլ ամուսնու համար երաշխավոր է կանգնել, այնուհետեւ դատարանի որոշմամբ ամուսինները ճանաչվել են սնանկ։



«Վահագն Մուրադյանը քրոջս տան հարեւանն է, փեսաս զբաղվում է հագուստի առեւտրով, 2015 թվականին Վահագնը փեսայիս՝ Արմենին, տալիս է 30 հազար դոլար՝ բիզնեսում ներդրում անելու համար։ Հետո՝ 2016 թվականին, նորից Վահագնից 10 հազար դոլար ուզում է, որպեսզի ավելի լավ լինի գործերը։ Վահագնը ասում է՝ պարտավորագիր գրեք, որ մեկ տարի հետո հետ եք տալու, կինդ էլ թող երաշխավոր լինի։ Ժամկետը գալիս է, իբր փողը չեն տալիս, բայց իրենց ասելով՝ ամեն ամիս տվել են։ 2005 թվականից սկսած դեղատուն կա, որը իմն է, բայց գրանցված է քրոջս անունով, իբր փողը չեն տալիս, Վահագնը գնում ա եւ դիմում ա դատարան, թե բա Արմենին ճանաչեք սնանկ, դատարանն էլ ճանաչում է։ Երբ դատարանը կանչում է Անահիտին եւ Արմենին, նրանք չեն ներկայանում։ Վահագնի բերած թղթերով ճանաչվում են սնանկ։ Ամբողջ մեխը նա է, որ Անահիտ Անանյանը սնանկ է ճանաչվում՝ որպես երաշխավոր, իսկ նախադեպ կա Վճռաբեկ դատարանի, որ երաշխավորին չի կարելի սնանկ ճանաչել։ Իրենց նպատակն այն է, որ քրոջս սնանկ ճանաչեն, որ գան հասնեն իմ դեղատանը։ Ըստ իս՝ Վահագնը ասել է՝ դու սուս, ես մնացածը կանեմ, պայմանավորվել են, որ Վահագնը իր զանգերով հարցերը լուծի, սնանկ ճանաչեն»։



Այնուհետեւ Կարեն Մխոյանը դիմել է դատարան՝ դեղատունը իր անունով դարձնելու համար, դատարանը ճանաչել է Մխոյանի սեփականության իրավունքը․ «Ասել եմ՝ եկեք, անվանափոխենք, իրենք ինչ-ինչ պատճառներով 1-2 անգամ չեն եկել, դրանից հետո դիմել եմ դատարան՝ իմ սեփականության իրավունքը ճանաչելու նպատակով։ Դատարանը այդ հիմքերը սաղ տեսավ, եկան իրենք, ասին՝ ճիշտ ա ասում, դատարանը դրանով իմ սեփականության իրավունքը ճանաչեց։ 8-րդ ամսին իրեն սնանկ են ճանաչում, իսկ ես 2018 թվականի հունվարի կեսերին երկրորդ անգամ գնում եմ դատարան,որովհետեւ կալանք է դրված։ Երբ ես դիմում եմ դատարան, իմ դիմելուց հետո Անանյանները սկսում են վիճարկել իրենց սնանկությունը։ Հետո Վահագն Մուրադյանը եւ կառավարիչը դիմում են դատարան՝ իմ սեփականության իրավունքի ճանաչման որոշման վերաբերյալ, սակայն օրենքով այդ իրավունքը չունեն, անգամ Վերաքննիչը իրավունք չուներ Մուրադյանի բողոքը ընդունելու, ուր մնաց քննելու։ Երկրորդը՝ սնանկության կառավարիչն է դիմել, ինչի իրավունքը եւս չունի։ Հուլիսի 3-ին վճռի հրապարակումն է լինելու։ Բացի սրանից, Վերաքննիչ բողոքի պատասխանով մանրամասն ներկայացրել ենք փաստարկ այն մասին, որ նշված վճռով չի խախտվել Վահագն Մուրադյանի որեւէ իրավունք, ավելին՝ ներկայացվել է Արմեն Անանյանի գույքերի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաեւ դրանց գնահատում, այսինքն՝ կատարել ենք մի գործողություն, որի պարտավորությունը կրում էր սնանկության կառավարիչը, ապացուցել ենք այն, որ Արմեն Անանյանը իր անվամբ ունի բավականաչափ գույք, որոնցով հնարավոր կլինի կատարել Վահագն Մուրադյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները»։



Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն նաեւ Վերաքննիչ դատարանի դատավորները, որոնք օրենքի խախտմամբ վարույթ են ընդունել բողոքները, եւ հուլիսի 3-ին հրապարակվելու է որոշումը։



Մինչդեռ Վահագն Մուրադյանը պնդեց՝ ինքը Անանյանների հետ չի ցանկանում դեղատունը խլել։



Մեզ հետ զրույցում նա այլ պատկեր ներկայացրեց․ «Մի քանի տարի առաջ մեր ընտանիքը գույք էր վաճառել, մեր մոտ հարեւանը, որը զբաղվում էր շորերի առեւտրով, խնդրեց, ասեց՝ ի՞նչ կլինի պարտքով գումար տաս, երկու ամսվա ընթացքում ամենուշը ետ կվերադարձնեմ։ Դա 2016 թվականի փետրվարի վերջ, մարտի սկիզբն էր, ես ասեցի՝ խնդիր չկա, կտրամադրեմ, բայց փոխառության պայմանագիր կնքեցի օրինական։ Կինը երաշխավոր կանգնեց, ստորագրեցին ամուսիններով, գումարը տվեցի։ Այդ ժամանակահատվածում իրենից հետաքրքրվեցի, ասեց՝ բերել եմ այդ զգեստը, ամեն ինչ նորմալ է։ Եվ խնդրեց, որ մեկ ամիս էլ սպասեմ, սպասեցի, բայց մենք թուղթը գրել էինք, մեկ տարի էլ եմ սպասել։



Այդ ընթացքում իմացա, որ բանկի հետ խնդիրներ ունի, բանկից վարկ ուներ, նորմալ փակում էր, բայց ֆինանսական խնդիրներ էր առաջացել՝ այլեւս չէր կարողանում փակել, 4-5 ամիս բանկին գումար չի փակել եւ իր գույքերը կալանքի տակ էր։ Ես այդ մարդուն զգուշացնելով դիմեցի դատարան, որովհետեւ ասացի, որ մտավախություն ունեմ, պետք է դիմեմ դատարան։ Գրավի առարկա գույքից բացի կալանքի տակ ընկավ նաեւ ոչ գրավի տակ եղած իրենց անունով եղած գույքեր։ Սնանկ էր ճանաչվել Արմեն Անանյանը, մի շարք անգամ ես իրենց զգուշացրել եմ, որ խնդիր չունեմ գույքի վաճառքի կամ վատ դրության մեջ իրենց դնելու, ուզում եմ ոտքի կանգնեք՝ բանկի հարցերը լուծեք եւ իմ պարքերը վերադարձնենք։ Ինքն էլ ասաց, որ խանութ ունի, կարող է վաճառի, տա։ Էս ընթացքում իր կինը ծանր հիվանդ էր, փաստորեն մեծ գումարներ էր ծախսել վրան, եւ ֆինանսական ճգնաժամը առաջացել էր դրա համար։ Դա էլ ես որ իմացա, անգամ իրենց ինչով կարողացա՝ օգնեցի։



Հետագայում մի անձնավորություն հայտնվեց, որ ասեց՝ կնոջ եղբայրն է, այդ գույքերից մեկը, որը կալանքի տակ է գտնվում, իմն է, իրենցը չի։ Ճիշտն ասած, ինձ համար անակնկալ էր, փաստաբանը փորձեց ճշտել եւ իմացավ, որ այդ գույքը եղել է կնոջ անունով։ Ես ասեցի՝ ձեր ընտանեկան խնդիրն է, իմ ի՞նչ գործն է՝ ում անունով է․․․ Եթե մարդն ուզենա իր եղբորից տանի, պիտի լինի առնվազն վատ մարդ։ Եթե վատ մարդը 10 տարուց ավելի է էդ գույքը իր անունով է, ինչի՞ն եմ պետք ես, որ իրար հետ միանանք, տանենք, վաղուց կվաճառեր։ Եվ, ընդհանրապես, որեւէ մեկի գույքի հետ խնդիր չունեմ, հակառակը՝ մի փոքր էլ ուրախացա, որ մեր նոր վարչապետն ասաց, որ օրենքի փոփոխություն պետք է լինի, զրոյական պետք է դարձվի տոկոսը, տույժերը, հարեւանիս հրավիրել եմ, ասել եմ՝ գնա, խոսի, եթե իրենք կզրոյացնեն, դու կսկսես աշխատելը, կփակես, ես անգամ կսպասեմ, որ դու ոտքի կանգնես»։



Անդրադառնալով իր եւ սնանկության կառավարչի Վերաքննիչ դատարան բողոքարկելուն՝ Վահագան Մուրադյանն ասաց․ «Անանյանները այս ընթացքում եւս մեկ հայցով մտան դատարան, թե ես գումարը չեմ տվել, թուղթ եմ ստորագրել։ Հետո, որ տեսան դա իրական չէ, դրանից հետո մտել էին դատարան, այդ գույքերից մեկը ճանաչել էին Մխոյանի անունով, փաստաբանն ասաց, որ ապօրինություն է կատարված, որովհետեւ նախ, եթե սնանկության վարույթ կա, իրավունք չկա, որ սնանկության վարույթով մեկ այլ դատարան հայցը լսի։ Պետք է դա նույն դատարանը, դատավորը լսի, որը տեղյակ է այդ մարդկանց ֆինանսական վիճակից։ Բացի դրանից ասաց՝ քանի որ քո շահերին է հակասում, առանց քո ներկայության հնարավոր չի դատական նիստ անել։ Դրա համար մենք Վերաքննիչ դատարան դիմեցինք, հիմա հրապարակման փուլն է։ Սա է։ Որպես իրավաբան եմ ասում՝ չեմ կարծում, որ խախտում կա արված, թե դատարանն իրավունք չուներ լսելու, բայց չեմ կարա ասեմ՝ դատարանը ինչ վճիռ կկայացնի։ Ես որեւէ մեկի հետ որեւէ գործունեություն չեմ ունեցել, իմ անձնական գումարը օրինական կարգով տվել եմ, որը ետ չի վերադարձվել, մտել եմ դատարան, ուրիշ ի՞նչ անեի։



Իմ անձնական կարծիքը այն է, որ այդ տղան, օգտվելով, որ պաշտոնատար անձ եմ, խոսում է լրատվական միջոցներով, փորձում է ազդեցություն գործի։ Բայց ես նորից եմ ասում՝ ինչքան ճանաչում եմ քրոջն ու ամուսնուն, այդ ընտանիքին, աբսուրդ է, նրանք ոչ կարող էին տենց դիտավորություններ կատարել, այդ տպավորությունն ինձ վրա չեն թողել, որ իրենք խարդախ են»։



_Անգամ եթե հավատանք, որ դատախազության աշխատակցի գործողություններում չկա հանցակազմ եւ նա իր օրինական աշխատած փողերն է պարտքով տվել, այլ ոչ թե ապօրինի հարստացման արդյունքում կուտակածը, միեւնույնն է՝ պետական ծառայողի դեպքում էթիկայի եւ այլ խնդիրներ են առաջ գալիս, իսկ Վահագն Մուրադյանն անցյալում բազմաթիվ աղմկոտ գործերով մեղադրանքներ է պաշտպանել, մեղադրականներ հաստատել։_



**Աննա Պապիկյան**