Որդիս նոր սերնդի քաղաքական գործիչ է, ես՝ հին․ Կարապետ Ռուբինյան

Որդիս նոր սերնդի քաղաքական գործիչ է, ես՝ հին․ Կարապետ Ռուբինյան
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի քաղաքական խճանկար է սպասվում ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ «Նույն խճանկարը կլինի, ինչ որ հիմա ունենք»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ «Բայց չէ՞ որ քաղբանտարկյալներից շատերն ազատ արձակվեցին, նրանք նոր նախաձեռնություններով հանդես չե՞ն գա, չե՞ն դառնա քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներ»,- հետաքրքրվեցինք մենք։



«Դա արդեն մոտ ապագա չէ, հեռու ապագա է»,- ասաց նա։ Կարապետ Ռուբինյանն քսան տարի շարունակ ակտիվորեն պայքարել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, նույնիսկ ազատազրկվել քաղաքական հայացքների համար։ Ինչպե՞ս է պատկերացնում իր առաքելությունը իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունների օրոք։ «Իմ առաքելությունը, որպես Կարապետ Ռուբինյան, տեսնում եմ գնահատականներ տալու մեջ, ուրիշ առաքելություն չեմ տեսնում։ Որպես անկախ քաղաքական գործիչ՝ օբյեկտիվ, անաչառ գնահատականներ եմ տալու կառավարության, ԱԺ-ի, դատական համակարգի գործունեությանը։ Ուրիշ առաքելություն չեմ տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը։



Մեր հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի՞ դրանց որեւէ կուսակցության, դաշինքի կազմում, Կարապետ Ռուբինյանն արձագանքեց․ «Դրա մասին դեռ չեմ էլ մտածում, շատ շուտ է»։ Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ նոր կառավարության օրոք նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Հնարավո՞ր է, որ իրենք ունենան տարբեր հայացքներ, տարբեր ճանապարհներով գնան։ «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Իմ որդին նոր սերնդի քաղաքական ներկայացուցիչ է, ես արդեն, կարելի է ասել, հին սերնդի քաղաքական ներկայացուցիչ եմ, բնականաբար, հայացքներում կարող են լինել ինչ-որ տարբերություններ»,- արձագանքեց մեր զրուցակիցը։



**Թագուհի Հակոբյան**