Սամվել Բալասանյանի մտադրությունն ի չիք եղավ

Սամվել Բալասանյանի մտադրությունն ի չիք եղավ
Ավելի վաղ [գրել էինք](https://www.hraparak.am/posts/5b30ad285724f9386185f414/%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%B8%D6%82-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81-%D5%B8%D6%80%D5%B6-%D5%A7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A8), որ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից։



Մեր տեղեկություններով՝ Արտուշ Մկրտչյանը ազատման դիմում է գրել քաղաքապետի հորդորով, որպեսզի նշանակվի Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն: Թատրոնի նախկին տնօրենը թոշակի է անցել , եւ սա ամենահարմար պահն էր, որպեսզի քաղաքապետն այս պաշտոնին նույնպես իր մարդուն կարգեր:



Սակայն ինչպես Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը ընդդիմացավ, երբ իմացան, որ թատրոնի տնօրենի պաշտոնը որոշ չինովնիկներ ցանկանում են վստահել թատրոնի հետ որևէ աղերս չունեցողներին, այնպես էլ տիկնիկայինի թատրոնի անձնակազմը դեմ կանգնեց քաղաքապետի որոշմանը: «Մենք աշխատողներով հստակ որոշել էինք, որ դրսից մարդ չի գալու եւ թատրոնի տնօրենի պաշտոնում տեսնում ենք միայն բեմադրող ռեժիսոր Արմենուհի Մանուկյանին:



Մենք ավելի համառ գտնվեցինք, հանդիպեցինք քաղաքապետին ու բացատրեցինք, որ թատրոնն առանց այդ էլ մի շարք խնդիրներ ունի, ինչ կլինի եթե տնօրենն էլ բանից անտեղյակ մեկը լինի, էլ մեր աշխատելը քանի կոպեկ արժի »,-մեզ հետ զրույցում ասաց տիկնիկային թատրոնի աշխատակցուհիներից մեկը: Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում Բալասանյանն ամենևին էլ չի հերքել իր մտադրությունը, թե տնօրենի պաշտոնը ցանկանում է վստահել Արտուշ Մկրտչյանին: Այնուամենայնիվ ընկրկել է, տեղի տալով թատրոնի անձնակազմի ցանկությանը, ինքը ևս հսվանություն է տվել թատրոնի բեմադրող ռեժիսոր Արմենուհի Մանուկյանի թեկնածությանը: Իսկ ի՞նչ է սպասվում աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Արտուշ Մկրտչյանին: Քաղաքապետարանի մեր զրուցակիցը նկատեց. «Հնարավոր է վերականգնվի, դիմումը կարծեմ քաղաքապետը դեռ չի ստորագրել»:



**Արևիկ Հակոբյան**