Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Ինձ համար Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողի թիվ մեկ գլխավոր թեկնածուն արդեն իսկ պարզ է՝ դա Բելգիայի հավաքականն է: Խմբային մրցափուլի երեք հանդիպումներում գերազանց արդյունքներ ցուցաբերած Բելգիան ոսկե գավաթին տիրանալու համար ամեն ինչ ունի: Տաղանդավոր, առաջատար ֆուտբոլիստներով համալրված կազմ, մարզչական լավ, գրագետ ղեկավարություն, խաղային բավարար փորձառություն եւ, ամենակարեւորը՝ բարձր նպատակին հասնելու մեծ ցանկություն, որ զգալի է բելգիացիների բոլոր գործողություններում: Բելգիայի ընտրանու հիմնական եւ երկրորդ կազմերը, իհարկե, չես ասի, թե հավասարազոր են, սակայն երկրորդ կազմի ֆուտբոլիստները եւս աչքի են ընկնում վերին աստիճանի կայուն որակներով, լայն օժտվածությամբ, եւ հարկ եղած դեպքում նրանք ունակ են փոխարինելու իրենց աստղային թիմակիցներին:



Անգլիայի հավաքականի հետ հանդիպումը դրա վառ ապացույցներից մեկն էր: Չնայած այն բանին, որ Անգլիան իր հերթին հանդես էր գալիս երկրորդ կազմով, այդուհանդերձ, բելգիացիների երկրորդ կազմը մի քանի անգամ ուժեղ տպավորություն էր թողնում: Վերջնարդյունքում Բելգիան իր երկրորդ կազմով արժանի հաղթանակ տարավ Գարեթ Սաութգեյթի սաների նկատմամբ: Ամեն ինչով հանդերձ՝ Բելգիայի հավաքականն ունի նաեւ մի շատ կարեւոր հատկանիշ. այս ընտրանին, ինչպես ասում են, սիրել է տալիս իրեն, ունի յուրօրինակ, միայն իրեն հատուկ հմայք: Իհարկե, առաջին հերթին երկրպագուներին հմայում է Բելգիայի անկաշկանդ, թեթեւասահ, հարձակվողական ֆուտբոլը, մարդկանց նաեւ կախարդում են Ազարի, Մերտենսի, Լուկակուի, Միշի Բաչուայիի պես վարպետների անհատական խաղը, նրանց վառ, անմոռանալի գործողություններն ու խփած գնդակները: Անկասկած, բելգիական ֆուտբոլի համար սա պատմական, նաեւ որոշ առումներով՝ ճակատագրական պահ է: Երբեւէ Բելգիայի հավաքականը նման զորեղ կազմ չի ունեցել, վստահ կարելի է ասել, որ սա բելգիական ֆուտբոլի «ոսկե շրջանն» է, «ոսկե տղաների» բացառիկ շանսը, որը, ինչ խոսք, օգտագործել է պետք, եւ այժմ երկրպագուները նրանցից միմիայն չեմպիոնություն են ակնկալում եւ ուրիշ ոչինչ:



Այս առաջնությունում Բելգիայի հավաքականի վերջնական հաջողությունը, միանշանակ, թարմություն կբերի համաշխարհային ֆուտբոլին, լրջագույն խթան կհանդիսանա այն թիմերի համար, որոնք մեծ առաջնություններում նույնիսկ արծաթե կամ բրոնզե մեդալների հույսեր չեն փայփայում: Մնում է ֆուտբոլային բախտը հարկ եղած դեպքում նույնպես բելգիացիների կողմը լինի։ Ինչպես գիտենք՝ մեծ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ էլ պատահում է․ ահա՝ դու կարող ես զորեղ խաղ ցուցադրել, ունենալ բացառիկ տաղանդավոր կազմ, սակայն հանգամանքների բերումով ավելի թույլ մի թիմ վերջնարդյունքում կարող է գրավել առաջին հորիզոնականը:



Ինչեւէ, լավ ֆուտբոլի երկրպագուների համար Բելգիայի ընտրանու ներկայությունն անչափ կարեւոր է այս առաջնությունում, եւ շատերն են համոզված՝ քանի կա Բելգիան, գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլի պակաս չի զգացվի: Եվ բավականին հետաքրքիր է լինելու Բելգիայի հավաքականի խաղին հետեւել հենց փլեյ-օֆֆում՝ առաջնության բախտորոշ ու վճռական փուլում:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**