Ֆեյսբուքը՝ որպես ուղիղ ճանապարհ

Ֆեյսբուքը՝ որպես ուղիղ ճանապարհ
Կար ժամանակ, երբ լրագրության ասպարեզի մարդիկ վիճում էին` պահե՞լ թերթերը, թե՞ անցնել դրանց էլեկտրոնային տարբերակներին: Կարծիքները բաժանվում էին` մի մասը թվարկում ու հիմնավորում էր թղթի վրա տպագրվող թերթի առավելություններն ու անփոխարինելիությունը, մյուս մասն էլեկտրոնային տարբերակի կողմնակից էր եւ պնդում էր, որ ժամանակակից, առաջավոր տեխնոլոգիաների պայմաններում թղթի վրա թերթ տպելը քարի դար է հիշեցնում: Այսօր արդեն այդ վեճը չկա, բայց Հայաստանում շարունակում են թերթեր տպվել, որոնք այս կամ այն չափով սպառվում են: Եվ ի՞նչն է մեր հարգելի խմբագիրներին ստիպում պահել տպագիր մամուլը` հաճախ մեծ վնասների, լրացուցիչ ծախսերի շնորհիվ, սեփական ժամանակի եւ առողջության հաշվին:



Տպագիր թերթը, մեր կարծիքով, նախեւառաջ մշակույթ է, ավանդույթ` եթե կուզեք: Թերթի փակվելը միշտ տխրություն է եղել, կորուստ, նոր թերթի ծնունդը` իրադարձություն, ուրախություն: Թերթերի հավաքածուներով ժողովրդի պատմություն է գրվում, գիտական հետազոտություններ են կատարվում, թերթը տվյալ ժամանակաշրջանի հավաստի աղբյուրն է, հզոր քարոզչամիջոց, երկրում ժողովրդավարության մակարդակի հստակ ցուցիչ: Արժե՞ հիշեցնել, որ խորհրդային իշխանության տարիներին տպագիր մամուլը պետության հենասյուն էր, թերեւս՝ ամենահզորը, եւ թերթերը տպագրվում էին հարյուր հազարի հասնող տպաքանակներով: Թեեւ այսքան ազատ չէին, եւ ընթերցանության էլ այդքան նյութ չկար, ինչքան այսօր։



Փառք ու պատիվ մեր այն խմբագիրներին, որոնք Հայաստանի անկախացումից հետո ամեն ինչ արեցին թերթերը պահելու համար, փառք ու պատիվ մեր սփյուռքյան այն գործընկերներին, որոնք աշխարհի տարբեր ծագերում դեռ հայատառ թերթ ու ամսագիր են տպագրում` գիտակցելով մամուլի հսկայական նշանակությունը հայապահպանության գործում:



Տպագիր թերթը նաեւ պատասխանատվություն է, էլեկտրոնային կայքում հեշտ է սխալն ուղղելը, խոսքը վերախմբագրելը, ընդհուպ որեւէ հրապարակում հեռացնելը: Դրա համար համակարգչի մեկ կոճակ է պետք սեղմել: Իսկ ի՞նչ անել, երբ թերթն արդեն տպագրված է, կրպակում է, ընթերցողի սեղանին, գրադարանի հավաքածուի մեջ, փոստի ճանապարհին: Վայն էկել-տարել էր այն սրբագրիչին, պատասխանատու քարտուղարին, որ տառասխալ բաց կթողներ վերնագրում, սխալ ազգանուն կամ պաշտոնի ոչ ճիշտ ձեւակերպում: Անցել ենք այս ամենի միջով:



Սոցիալական կայքերը, որոնք համեմատաբար նոր երեւույթ են մեզանում, մամուլի եւ մանավանդ թերթերի համար իսկական աղետի են վերածվել: Գիտեմ` կասեք, որ դրանք առաջադիմական են, դրանցով ինֆորմացիան ավելի արագ է տարածվում, մարդիկ դրանց շնորհիվ առավել իրազեկված են: Այո, ավելի առաջադեմ են, քան տպարանում ծնվող թերթը, որ ընթերցողին է հասնում հաջորդ առավոտյան միայն: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում սոցցանցերում արագ պտտվող, հաճախ չստուգված, չմշակված, սխալներով լի տեղեկատվության հսկայական հոսքը: Խուճապ, հասարակության պառակտում, վիրավորանք, անմիտ քննարկումներ, բանավեճ հիշեցնող գզվռտոց։ Սոցիալական կայքերը, ի լրումն այս ամենի, լիքն են նաեւ «ֆեյք» օգտատերերով:



Ամբողջ աշխարհում այսօր ընդունված է, որ երկրի ղեկավարը կամ պետական այրերը էջ վարեն սոցիալական ցանցերում: Հայաստանն էլ բացառություն չէ: Բայց մեզ հայ չէին ասի, եթե մենք Ցուկերբերգի գյուտը չվերածեինք «հայկական Ֆեյսբուքի»: Երեւի դա նաեւ նրանից է, որ մենք քիչ ենք, բայց սիրում ենք շատ-շատ ընկերներ ունենալ, շատ «լայքեր» ու «սրտիկներ» հավաքել: Այս միտումները կային արդեն, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Փաշինյանի եւ նրա թիմակիցների «լայվերով» կյանքն աստիճանաբար տեղափոխվեց Ֆեյսբուք, եւ, կարելի է ասել, այսօր այդ սոցիալական ցանցից է ղեկավարվում Հայաստանը, այդ ցանցում է աշխատում կառավարությունը, այդ ցանցով է նախարարը նախարար, խոսնակը` խոսնակ: Իրենք իրենց լուսաբանում են ինչպես հարմար է, իրենք իրենց «լայքում» են հարյուրավոր ֆեյքերով, իրենք իրենց համար «ընթերցող» ապահովում տարբեր համակարգիչներից, պատասխան ֆեյք գրառումներով խեղդում-խլացնում պատահական օգտատիրոջ ոչ հաճելի գրառումը: Մի խոսքով` իրենք իրենց համար երջանիկ ապրում են Ֆեյսբուքում:



Եվ աստված մի արասցե, որ մի «հետամնաց» թերթ կամ կայք իրենց վարքուբարքի, իրենց սխալների, իրենց անգիտության ու անփորձության մասին մի բան հրապարակի: Ֆեյք հորդաներն են գործի անցնում, կռիվ-ղալմաղալ, հայհոյանք, սպառնալիք` ուղղված թերթին ու կայքին, թե ձեզ փակել կտանք: Ակամա հարց է առաջանում` ո՞ւր են իշխանությունները, որոնց համար մամուլն ու ԶԼՄ-ները պետք է կայացման, ամրապնդման, կատարվող աշխատանքի քննադատության, անձամբ իրենց լավագույնս քարոզելու, ցուցադրելու, մեկնաբանելու հարթակ դառնային: Նորընծա իշխանություններն ապավինել են Ֆեյսբուքին, լրագրողներին թողած` նախընտրում են պատասխանել տարատեսակ ֆեյքերի հարցերին, հա-հա, հի-հի անել նրանց հետ եւ համընդհանուր «ղժժոցով» ընթերցող փախցնել լուրջ լրատվամիջոցներից` չխորշելով նույն ֆեյքերի միջոցով հակառակ կամ տարբեր կարծիք ունեցող հեղինակներին մեղադրել «ծախվածության, փողով հոդված գրելու» մեջ:



Վաղը եթե մի երիտասարդ ուսումնասիրող որոշի մեջբերում անել Նիկոլ Փաշինյանից, ստիպված կլինի նշել, որ վարչապետը տվյալ խոսքն ասել է իր այսինչ թվի, այսինչ օրվա «լայվի» ժամանակ: Մի ծիծաղեք, այդպես է: Մերօրյա նախարարների ֆեյսբուքյան ստատուսներն էլ մի օր կժողովեն ու կհրապարակեն, եւ երկիրը կրկեսի կվերածվի: Իսկ մի ժամանակ կառավարության անդամներն ասուլիսներ էին տալիս, հարցազրույցներ, որոնք հեռարձակվում կամ հրապարակվում էին՝ մեծացնելով լրատվամիջոցների նկատմամբ ուշադրությունը եւ ավելացնելով հարգանքը՝ որպես ինֆորմացիայի փոխանցման միակ միջոցի։



Խեղճ Արմեն Աշոտյան, մի անգամ շորտիկով նկար էր դրել` ինչ ասես, որ չասացինք: Իսկ հիմա՞… է՛լ կիսամերկ նկարներ, է՛լ բլոտ, է՛լ աշխատասենյակում ընկերների հետ գարեջուր խմել, է՛լ գործի ժամին սրճարանում ֆուտբոլ դիտել, է՛լ ռեստորանում պարել ռաբիզագույն երգի տակ… Իշխանության 100 օրը սարերի հետեւում չէ, ուշքի եկեք, դուրս եկեք վիրտուալ տարածքից եւ գործով զբաղվեք վերջապես: Եվ մամուլի ու լրատվամիջոցների հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ կառուցեք:



**ՀԳ**․ Մի տեղ կարդացի, որ Ցուկերբերգը որոշել է հեռանալ Ֆեյսբուքից: Առաջարկում եմ ազգովի խնդրենք` չանի այդ բանը, քանզի մեր կառավարությունն այդ հարվածին չի դիմանա:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**