Լարված է ընդհանուր մթնոլորտը Հայաստանում․ Հռիփսիմե Հակոբյանը՝ արժանացած քննադատությունների վերաբերյալ

Լարված է ընդհանուր մթնոլորտը Հայաստանում․ Հռիփսիմե Հակոբյանը՝ արժանացած քննադատությունների վերաբերյալ
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր՝ «Ցավդ տանեմ» տեսահոլովակը երեկվանից բուռն քննարկումների եւ քննադատությունների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Բանն այն է, որ սա երգչուհու կատարմամբ հերթական կլկլոցով կատարումն էր, որի բառերի հեղինակը հանրահայտ Ավետ Բարսեղյանն ու Ռիչարդ Մադլենյանն են, իսկ երաժշտության հեղինակը միայն Մադլենյանը։ Ոչ միայն կլկլոցը, այլ նաեւ երգի բառերը դուր չէին եկել շատերին, հատկապես այն տողերը, երբ Հռիփսիմեն երգում է՝ «Եդրվում եմ, եթե չգաս, մի օր քեզ կսպանեմ, այ, ցավդ տանեմ»։ Սարկազմով մեկնաբանություններն ու գրառումները մեկ օր է, ինչ շարունակվում են։ Այսօր արդեն երգչուհին Յութուբում տեսահոլովակի մեկնաբանությունների բաժինը փակել է։



Hraparak.am-ը Հռիփսիմե Հակոբյանից հետաքրքրեց՝ ինչպե՞ս է վերաբերում հնչած քննադատություններին։ Երգչուհին նշեց, որ դրանց նորմալ է նայում․«Նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ վերջին ժամանակահատվածում որեւէ մեկը որեւէ նոր աշխատանք ներկայացնելիս արժանանում է նման քննադատությունների։ Էնպես որ, ժողովրդի ներկայիս կարգավիճակից է դա բախում»։



Հարցին՝ այսինքն հեղափոխության հե՞տ է կապում, ներկայիս կարգավիճակը ո՞րն է, մեր զրուցակիցը պատասխանեց․«Ոչ, հեղափոխության հետ չէ։ Ներկայիս լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ, լարված է ընդհանուր մթնոլորտը Հայաստանում, երեւի դա էլ կարող է նպաստել, որ երգիչը, որը նոր բան կներկայացնի, ապա բուռն քննարկումներ կլինեն։ Այն մարդկանց կարծիքը, որը շատ կարեւոր է՝ հաշվի եմ առնում ու էնպես, որ շնորհակալ եմ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքների եւ խոսքերի համար։ Ողջունելի եւ ընդունելի է, որ բացասական կարծիք հնչեցողները, այդ տեսակը չի սիրել։ Ավելի կտխրեի, որ այդ տեսակը սիրեր»։



Տեսահոլովակը մեկ օրում 55 հազարից դիտում ունի եւ արժանացել է ավելի շատ դիսլայքերի, քան լայքերի։