Մտորումներ` Արամի արձանի տակ

Մտորումներ` Արամի արձանի տակ
Չեմ հիշում մի դեպք, երբ արվեստի գործը, մինչև ամբողջական տեսքի բերվելն ու ցուցադրվելն արժանանար նման հակասական արձագանքների: Կանգնեցվում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, ուշադրություն, Հայաստանի Հանրապետության հիմնադրի, ոչ թե Եգիպտոսի վարչապետի կամ Սուդանի թագավորի: Եվ համատարած ոռնոց` ոչ թե Ստամբուլում և Բաքվում, այլ Երևանում` էլ չարչրկված արձան, էլ վիճահարույց, էլ աղմկահարույց, էլ տխրահռչակ: Եվ աղմկողն էլ մեր միջի այն շերտն է, որ եթե թույլ տաս, Նժդեհի արձանն էլ կպոկեն տեղից, միայն թե հագուրդ տան իրենց նեոբոլշևիկական ցնորքներին:



Բոլոր նորմալ մարդիկ, ովքեր արդեն տեսել են Արամի ամբողջական արձանը (հեղինակ` Դավիթ Մինասյան) միահամուռ պնդում են, որ այն իր կատարմամբ հիրավի նոր խոսք է հայ քանդակի պատմության մեջ, որ այն միանգամայն համահունչ է շրջապատին` պատվանդանով ձուլված մետրոյի մուտքի համալիրին: Խոսել ենք նաև պատահական անցորդների հետ, ովքեր առաջինն էին տեսնում ողջ հասակով կանգնող արձանը.



-Շատ լավն է, մոնումենտալ, հզոր, հպարտանալու գործ է…



Ինչպես կընդունի ժողովուրդը, դա էլ կլինի բոլոր ժամանակների ամենավառ հայ քաղաքական գործչին պատկերող արձանի լավագույն գնահատականը: Մնացածը` խոսակցություններ են:



Մեզ, սակայն, ավելի շատ հետաքրում են մրցույթում հաղթած նախագծի և արդեն կանգնեցված արձանի թիկունքում որոշ արվեստագետների և պետական այրերի ինքնադրսևորման փորձերը, որոնք ոչ միայն գեղեցիկ չեն, այլև չեն ներդաշնակում նորօրյա Հայաստանին:



Ամեն ինչ, կարելի է ասել, սկսվեց Հեռուստալրագրող Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում «Սովորական վանդալիզմ» վերնագրով գրառումից, որտեղ նա կոչ էր արել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահին, մշակույթի նախարարին, քաղաքապետարանին եւ «Ելք» խմբակցության անդամներին կանխել Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, քանի որ, ըստ իրեն, վերանում է ժամանակակից ճարտարապետության մի սքանչելի կառույց: Սրանից մեկ օր անց, իսկ արձանի վերնամասը մոնտաժելուց մեկ օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանը փութաջանորեն արձագանքեց դրան և առաջարկեց դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։ Նա մասնավորապես գրել էր․ «Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարեւոր հանգամանքի. նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել՝ խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները: Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ առաջարկում ենք դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ տվյալ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»: Ճիշտ է, հետագայում գերատեսչության աշխատակիցը փորձել է մեղմել իր նորանշանակ ղեկավարի հայտարարությունը, նշելով, թե դա ընդամենը առաջարկ է եղել, բայց փաստը մնում է փաստ, որ քաղշինը «անհրաժեշտ է համարել» դադարեցնել կիսակառույց արձանի շինարարությունը: Շտապելուց, սակայն, Ավետիք Էլոյանը թույլ է տվել մեկ այլ և շատ ավելի կոպիտ սխալ: Նա, խախտելով որոշ պրոցսների հետևառաջությունը, ըստ էության մոլորության մեջ է գցել հանրությանը, իսկ մեր կարծիքով նաև իշխանություններին: Բանն այն է, որ քաղշինի բերած պատճառաբանություններից մեկն էլ, իբր, ստացվող բողոքներն են, այդ թվում և «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի հեղինակներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի ժառանգների բողոքները: Մամուլի հրապարակումներից, սակայն, պարզ դարձավ, որ մասնավորապես Ջիմ Թորոսյանի դստեր` Անահիտ Թորոսյանի հետ մեկ-երկու օր առաջ են քաղշինից կապվել և առաջարկել բողոք գրել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման կապակցությամբ: Սա մեկ արտահայտությամբ կոչվում է «մերժելի գործելաոճ», պարոն Էլոյան: Իսկ որպեսզի հասկանանք, թե որտեղից է այն գալիս, պետք չէ շատ հեռու գնալ: Բարձրացրեք Երևանի ավագանու նիստերի արձանագրությունները և «Ելք» դաշինքի ավագանիների ելույթներում կտեսնեք այս գործելավոճի օրինակները:



Թվում էր, թե քաղաքական այրերի տապալումը կփորձեին շտկել և խնդիրը հարթել մեր արվեստագետները, որոնք ընդհուպ կողմ են քվեարկել մրցույթի ներկայացված աշխատանքին: Ավաղ, որոշ արվեստագետներ նաև հայտնի ծափահարողներ են, երբ խնդիրը կապված է իրենց բնագավառի ղեկավարների հետ: Հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին, կարծում եմ, կարիք չկա ներկայացնելու: Չգիտեմ նրան հայտնի՞ է, որ տեղադրված իր արձաններից շատերի մասին էլ միանշանակ կարծիք չկա, բայց ենթադրում եմ, որ այս լուրը նա նույնպես հանգիստ կընդուներ, համարելով արվեստի ոլորտի համար բնական: Տարօրինակ է, երբ պարոն Թոքմաջյանը, որպես հանձանժողովի անդամ, մասնակցելով մրցույթի ողջ գործընթացին եւ ըստ լուրերի կողմ քվեարկելով այս նախագծի օգտին, հիմա այնպես է ներկայացնում կարծես այդ ամենն արվել է ծածուկ ու դավադրաբար՝ «շահագրգիռ» կողմերի ձեռամբ: Թոքմաջյանն ի վերջո լսել է Արամ Մանուկյանի արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի մեկնաբանությունը, որ եռագույնը խորհրդանշում է անդունդից, փոսից վեր հառնող Հայաստանի անկախությունը: Դե իսկ Արամի ու դրոշի կապը, որ Թոքմաջյանը, վախ, վախ, վախ, չի հասկանում, թույլ տվեք որևէ բառով չորակել:



Թոքմաջյանը եւ ուրիշներ այսօր, երբ արձանն այլևս տեղադրված է, երազում են նրա ապամոնտաժման մասին և որպես օրվա գործելաձեւ համարում են, որ դրա համար հանրային ճնշում է պետք: Մեր կարծիքով` Թոքմաջյանն ավելի ազնիվ կլիներ, եթե պահանջեր, որ Երևանի կենտրոնում Արամ Մանուկյանի արձան, այն էլ այդքան շքեղ, ընդհանրապես չտեղադրվեր, իսկ Ոստիկանության շենքի մոտ տեղադրված իր` Արամի կիսանդրին մնար միակ հիշատակությունը բոլոր ժամանակների հայ ամենաակնառու քաղաքական գործչի ու մեր պետության հիմնադրի մասին: Փաստորեն չստացվեց, իսկ փողոցում էլ հայտնի 37 թիվը չէ, պարոն Թոքմաջյան, որ այսպիսի ելույթներով արվեստի գործեր բանտարկեք:



Եվ վերջում մի հասարակ բանի մասին: Ոմանց, այդ թվում և Լևոն Թոքմաջյանին թվում է, թե Արամ Մանուկյանի արձանի բուն շահառուն Դաշնակցությունն է, որ ամեն ինչ արել է, որպեսզի Արամի արձանը տեղադրվի մայրաքաղաքի սրտում: Այս պոզավոր մտածելակերպին պետք է վերջ տալ, բարեկամներ: Արամը նախևառաջ իր ժողովրդինն է, բոլորինս` որպես մեր անկախության ու պետականության գաղափարի մարմնացում:



**Էդիկ Անդրեասյան**