Ընտրությունների մասին` ինչպես եւ խոստացել էի

Ընտրությունների մասին` ինչպես եւ խոստացել էի
Կարծում եք` ընտրություններ շո՞ւտ կլինեն: Մի քանի ժամկետ է շրջանառվում` աշնան սկիզբ, աշնան վերջ, գարնան գլուխ, հենց որ ԸՕ-ն պատրաստ լինի… Ասում է` մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Մեր քաղաքագետներն էլ ապագա ԱԺ պատկերը հազրել, աջ ու ձախ ինտերվյու են տալիս, թե այս, այս, այս ուժերը կանցնեն խորհրդարան, իսկ այս, այս, այս` չեն անցնի: Իսկ ընտրություններ կլինե՞ն: Նկատի ունեմ` ողջամիտ ժամկետներում:



Արտահերթ ընտրություններ, սովորաբար, լինում են, երբ քաղաքական պայքարն ի վերջո հանգում է դրա անհրաժեշտությանը: Հայաստանում, գոնե այս պահի դրությամբ, քաղաքական պայքարի մասին խոսելն անգամ մեղք է, էլ ուր մնաց ասենք, թե այդ պայքարը կհանգեցնի արտահերթ ընտրությունների: Ընտրությունները (այդ թվում եւ՝ արտահերթ) սովորաբար նախորդում են իշխանափոխությանը: Մենք իշխանափոխությունը կատարել եւ նոր ենք գնում ընտրության: Սա էլ մի տարբերակ է, որ կիրառել են շատ ժողովուրդներ, օրինակ՝ ուկրաինացիները` մի տարբերությամբ միայն, որ նրանց մայդանը մերի պես խաղաղ, սիրառատ ու ջերմ չէր: Դա չէ հարցը, կարծում եմ` դեռ պետք է պարզել` որեւէ մեկին այսօր պե՞տք են ընտրություններ սեղմ կամ ողջամիտ ժամկետներում, թե՞ ոչ:



Մեր կարծիքով` իշխանություններին դրանք պետք չեն, ՀՀԿ-ին` առավել եւս: Արագացված ընտրությունների պատրաստ չեն նաեւ արտախորհրդարանական ուժերը: Մի խոսքով` թավշյա վիճակ է, քաղաքական պայքար էլ, որպես այդպիսին, չկա, որ ասենք, դիցուք` այսինչ ուժն ընտրություններ է պահանջում: Գործող կառավարության համար այս վիճակը միանգամայն ընդունելի է: Կասեի` նրա համար հիանալի վիճակ է. ընդդիմախոսներ չկան, ժողովուրդը չի տրտնջում, վարչապետն ինչ ուզում` անում է, մատն ում վրա դնում է` բռնում են, ում ուզում` ազատում են, մի խոսքով` ամեն ինչ ՕԿ է: Եվս մեկ-երկու ամիս` նախարարներն էլ աշխատել կսովորեն, եւ այլեւս որեւէ խնդիր չի լինի:



Ընտրությունները, մինչդեռ, լուրջ միջոցառում են եւ, սովորաբար, առանց անակնկալների չեն լինում: Կարող եք հարցնել Մուկուչյանին, եւ նա ձեզ կասի, որ իր անցկացրած ընտրություններում չնախատեսված արդյունքներ միշտ էլ գրանցվել են: Ի՞նչ չի տեսել Մուկուչյանը, տիտանների ինչպիսի պայքարների միջով ասես, որ չի անցել իր պաշտոնավարման ընթացքում: Նաեւ պատահել է, որ մի քանի ամսական քաղաքական ուժը` չճանաչված, ընտրողի հետ նույնիսկ հարաբերվել չկարողացող, «տոկոս» է խփել եւ հայտնվել ընտրովի մարմնում:



Կարո՞ղ են, արդյոք, նոր ընտրություններն ավելին տալ «Ելք»-ին կամ «ՔՊ»-ին, քան մինչ օրս ստացել են: Չենք կարծում: Չենք կարծում, որ այս կառավարությունը կարող է ավելի արդյունավետ գործել այլ պայմաններում, երբ չունենա գործողությունների այս ազատությունն ու հատկապես քարոզչական բնույթի այս մեծ աջակցությունը, որ Հայաստանից անցել է ընդհուպ եվրոպական կառույցներ, որտեղ ՀՀԿ-ականները (Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, այլք) անթաքույց գովերգում են մեր խաղաղ «հեղափոխությունն ու հեղափոխական բարեփոխումները»:



Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քանի՞ տոկոս ձայն կհավաքի «ՔՊ»-ն, եթե ապավինի միայն իր ուժերին (ժողովրդի ոգեւորությանը) եւ նախընտրական փուլում հրաժարվի այն բարենպաստ մթնոլորտից, որ մյուս քաղաքական ուժերի շնորհիվ գոյություն ունի իր շուրջը: Շատ քաղաքագետներ եւ քաղտեխնոլոգներ, հմայված վերջին ձերբակալություններից ու բերման ենթարկումներից, կարծում են, որ ՀՀԿ-ի «ընտրազանգվածը» բարոյահոգեբանորեն պատրաստ է քվեարկել «ՔՊ»-ի կամ «Ելքի» օգտին: Սա միագիծ մտածողության տիպիկ օրինակ է: Մարդիկ ինչպես հավատացել էին հեղափոխությանը, այդպես էլ շարունակում են հավատալ Հայաստանում իշխանափոխության փաստին, մինչդեռ իշխանափոխությունը տակավին ընթացքի մեջ է եւ այսօր շարունակվում է կաբինետային ռեժիմով` խիստ վերահսկողության եւ լուրջ հաշվարկների պայմաններում: Սա է պատճառը նաեւ, որ արտահերթ ընտրությունների ողջամիտ ժամկետների հարցում կարծիքներն այսպես բաժանվում են:



Դիցուք` Փաշինյանը նշել էր, որ մյուս քաղաքական ուժերին պետք է ժամանակ տալ ընտրություններին պատրաստվելու համար: Այս հարցում վճռորոշը, ինչ խոսք, նոր ԸՕ-ն է, որ դեռ պետք է ընդունվի, բայց պակաս կարեւոր չէ նաեւ ապագա խորհրդարանի պատկերը, որի համեմատ էլ կձեւավորվի նոր կառավարությունը` առանց ավելորդ էպիտետների` ժամանակավոր, հաշտության, համերաշխության եւ այլն: Այս ուղղությամբ են այսօր ընթանում «աշխատանքները», որոնք խիստ որոշակի ժամանակ են պահանջում: Կարծում եմ` մենք առիթներ շատ կունենանք լսելու անուններ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել մեզ, խորհրդարանում եւ ապագա կառավարությունում տեսնելու մարդկանց, որոնց չենք տեսել ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ էլ «թավշյա հեղափոխության» հարթակին: Ովքե՞ր են նրանք… Չշտապենք հետեւություններ անել, մանավանդ, որ նոր ԸՕ-ով ամեն ինչ արվում է, որպեսզի ընտրողն իր ապագա ընտրյալներին չճանաչի: Եվ դրա «լավագույն» տարբերակն էլ կառավարությունից են հուշել` ընտրողը, առանց որեւէ նշումի, կուսակցության անունով քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ եւ վերջ: Սա խոսում է ինչպես արտահերթ ընտրությունը «Նիկոլի ընտրության» վերածելու, այնպես էլ նոր անունները ժամանակից շուտ չհրապարակայնացնելու, ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունների կաբինետային ու «դաչայում» բարիդրացիական համագործակցությունը միառժամանակ թաքցնելու մեծ ցանկության մասին: Առայժմ վատ չի ստացվում: Իսկ ի՞նչ կունենանք նախընտրական փուլում, եթե առանձին ուժեր, այնուամենայնիվ, բարձրաձայնեն այս մասին, եւ որոշ փակագծեր բացվեն:



**ՀԳ**. _Գեղեցիկ հեղափոխությունների եւ ստի հարաբերակցությանը նվիրված համաշխարհային կոնգրեսում հայերին հարցնում են` իսկ դուք Հայիթիում եղե՞լ եք: Հայերը պատասխանում են. «Հայիթի՛, Հայիթի՛… Հայաստանում էլ մեզ վատ չեն կերակրում»: Եվ սա` արտահերթ ընտրություններից առաջ:_



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**