Քաղաքական իրավիճակի փոփոխությունը բարենպաստ է բիզնեսի զարգացման համար

Քաղաքական իրավիճակի փոփոխությունը բարենպաստ է բիզնեսի զարգացման համար
_Հարցազրույց Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ __**Սարիբեկ Սուքիասյանի**__ հետ։_



**- Պարո՛ն Սուքիասյան, երեկ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովն էր, ինչը նշանակում է, որ 2017թ. արդյունքներն արդեն ամփոփված են։ Ինչպիսի՞ն էր անցած տարին բանկի համար։**



2017-ն առաջընթացի հերթական տարի էր մեզ համար: Բանկի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն ապահովեցին ծրագրային նպատակները ինչպես ծավալային, այնպես էլ որակական առումով։ Օրինակ՝ այսօր մենք ունենք արդեն 50 մասնաճյուղ, որոնք թույլ են տալիս ապահովել հաճախորդների արդյունավետ սպասարկումը հանրապետության ողջ տարածքում եւ Արցախում։ Վստահեցնում եմ, որ այս թիվը վերջնական չէ. անհրաժեշտության դեպքում բանկն օպերատիվ արձագանքելու է ծագած պահանջարկին եւ բացելու է նոր մասնաճյուղեր։



Նշեմ նաեւ մի քանի այլ ցուցանիշ։ Նախորդ տարվա արդյունքներով՝ բանկի ակտիվներն աճել են 30,5%-ով, հաճախորդների ավանդները՝ 37,3%-ով, իսկ շահույթն աճել է ավելի քան 2,5 անգամ։ Հաշվի առնելով ՀՀ բանկային համակարգում օրեցօր սրվող մրցակցությունը՝ սրանք բավականին տպավորիչ արդյունքներ են, ինչը, սակայն, չի նշանակում, որ բանկը բավարարվելու է ձեռք բերվածով։



Ի դեպ, այս տարի նույնպես նախատեսում ենք շահաբաժիններ վճարել մեր բաժնետերերին։ Սա, կարելի է ասել, արդեն բարի ավանդույթ է մեր բանկում։



**- 2004-ից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մասնակցություն ունի բանկի կապիտալում: Բացի ՎԶԵԲ-ից, նախատեսո՞ւմ եք որպես բաժնետեր ներգրավել այլ միջազգային ֆինանսավարկային կառույց։**



Մենք կարեւորում ենք միջազգային բաժնետիրոջ մասնակցությունը, քանի որ դա նպաստում է բանկի գործունեության մեջ միջազգային բանկային փորձի արդյունավետ կիրառմանը։ Հետեւաբար, այո՛, նախատեսում ենք, սակայն կնախընտրեի այս պահին դեռ չմանրամասնել, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Ասեմ միայն, որ բանակցում ենք միջազգային ամենահեղինակավոր ֆինանսավարկային կազմակերպություններից մեկի հետ։



Ի դեպ, փոփոխություն ենք նախատեսել նաեւ բանկի խորհրդի կազմում՝ ներգրավելով արտասահմանյան խոշորագույն առեւտրային բանկերում ղեկավար աշխատանքի տասնամյակների փորձ ունեցող անդամի, որը համակարգելու է բանկի միջազգային կապերի ընդլայնումը։



**- Այսօր պայթյունային արագությամբ զարգանում են բարձր տեխնոլոգիաները, եւ առանց այդ տեխնոլոգիաների ներդրման բանկը չի կարող մրցունակ լինել։ Ինչպե՞ս է Հայէկոնոմբանկն օգտագործում այդ նորագույն տեխնոլոգիական գործիքները։**



Արդիական տեխնոլոգիաներին, անշուշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում։ Օրինակ՝ 2017թ. գործարկվեց 24/7 սկզբունքով աշխատող «ՆԱՆՈ» մասնաճյուղը, որտեղ գործարքներ կատարելու համար աշխատակիցների ներկայություն առհասարակ չի պահանջվում։ Շատ շուտով կսկսի գործել մեր «մոբայլ բանկինգ» համակարգը, որի օգնությամբ մեր հաճախորդները հնարավորություն կունենան տարաբնույթ գործարքներ կատարել իրենց բջջային հեռախոսների օգնությամբ՝ առանց ոչ միայն բանկ այցելելու, այլ նաեւ համակարգչի մոտ նստելու անհրաժեշտության։



Ներկայումս աշխարհը շատ արագ է զարգանում: Հաշվի առնելով արագությամբ աճող մրցակցությունը՝ հաջողություն եւ համակարգում ուրույն տեղ ունենալու համար պիտի ժամանակին համընթաց շարժվենք՝ կիրառենք նորագույն տեխնոլոգիաներ, վերապատրաստենք մեր մասնագետներին:



**- Մեր երկրում փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպե՞ս եք տեսնում բանկային համակարգի հետագա զարգացումը Հայաստանում:**



Մեր երկրում, իսկապես, առկա է նոր իրողություն: Քաղաքական իրավիճակի փոփոխության շնորհիվ այժմ օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Մենաշնորհների դեմ պայքարը, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը, գործարարների համար բարենպաստ դաշտի ապահովումն այսօր շատերին ստիպում են սեփական բիզնես ունենալու կամ առկա բիզնեսը զարգացնելու եւ ընդլայնելու մասին մտածել: Երկրում տեղի ունեցող փոփոխությունները, վստահ եմ, նպաստելու են տնտեսական ակտիվության բարձրացմանը, իսկ, ինչպես գիտեք, իրական հատվածի ակտիվությունն անկասելիորեն հանգեցնում է բանկային համակարգի ակտիվության մեծացման:



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**