«Աբիժնիկներից» զգուշացեք

«Աբիժնիկներից» զգուշացեք
Միանգամայն բնական է, որ արդարություն հաստատելու ճանապարհին, երբ կալանավորվում եւ հետապնդվում են հարյուր տարվա հանցագործները, որոնք անպատժելիության «լուսապսակ» էին կրում իրենց գլխավերեւում, մարդիկ պետք է հուսադրվեն եւ ոգեւորվեն։ Հույսեր պետք է արթնանան, որ բացվելու են ամենափակ ու անհույս գործերը, ինչպիսին են Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը։



Նախկինում ահուսարսափով գործող, Բաղրամյան 26-ի հրահանգներով առաջնորդվող քննիչ-դատախազների ձեռքերը պետք է ազատ արձակվեն, եւ նրանք պետք է վերաբացեն հին-փակված գործերը։ Նոր քննություններ պետք է սկսվեն, եւ նոր մեղադրյալներ հայտնվեն ամբաստանյալների աթոռներին՝ մարդիկ, որոնց մի քանի ամիս առաջ միայն պալատներում էինք տեսնում եւ թանկ մեքենաների մեջ։ Բայց արդարադատության հաղթանակի ճանապարհին նաեւ շատ բնական է, որ տարբեր «աբիժնիկներ» ու զրպարտիչներ գլուխ բարձրացնեն։ Չափից դուրս խիստ պետի, անօրինականությունը կասեցրած աշխատակցի, իր քրտինքով հարստացած հարեւանի դեմ «դանոսներ» գրվեն ու դեմագոգիկ արտահայտություններով հղվեն իրավապահ մարմիններին։ Եվ եթե թիրախը, ի դժբախտություն իրեն, նաեւ նախկին իշխանության մաս է կազմել կամ ՀՀԿ-ի անդամատոմս ունի, «վայն էկել է, նրան տարել»՝ արդարադատության սուրը կարող է իջնել նրա անմեղ մեջքին ու երկատել։



Ինչպե՞ս անել, որ թացը չորի հետ չխառնվի, եւ անմեղը մեղավորի հետ չպատժվի։ Ինչպե՞ս անել, որ մարդու քաղաքական հայացքները, կուսակցական պատկանելությունը դեր չխաղան, եւ վրեժը չշփոթեն արդարադատություն հաստատելու ազնիվ ձգտումի հետ։ Այստեղ արդեն իրավապահների դերակատարումն է մեծանում․ որքան էլ մեծ լինի քաղաքական պատվերը եւ հերոսանալու ձգտումը, օրենքն ու անաչառությունը ամենակարեւոր սկզբունքներն են, որոնք չի կարելի խախտել։