Հանքերի շահագործումը՝ չարորակ նորագոյացությունների պատճառ

Հանքերի շահագործումը՝ չարորակ նորագոյացությունների պատճառ
Հայաստանի տարբեր բնակավայրերում հանքերի շահագործումը մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել։ Այս մասին տարիներ շարունակ ահազանգել են առողջապահության ոլորտի մասնագետները, բժիշկները, համեմատություններ անցկացրել, թե ինչու հատկապես այս կամ այն մարզում, ի տարբերություն այն մարզերի, որտեղ հանքեր չեն շահագործվում, տարածված են հիվանդությունները։ Ներկայացվել է վիճակագրություն, որ նույնիսկ երեխաները վաղ տարիքից ձեռք են բերում տարբեր հիվանդություններ։ Դեռ մեկ ու կես ամիս առաջ, երբ նոր-նոր էր ձեւավորվում ապրիլյան հեղափոխություն իրականացրած կառավարությունը, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ:



Պատրաստվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: «Ընդամենը 664 ք/կմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում:



Մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում և պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս նոր հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան և ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության և այլ հարակից բնագավառների զարգացման մեջ», - նշված էր հանրագրի տեքստում: Իսկ Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պղնձի հանքավայրի վերաբերյալ նշված է. «Հաշվի առնելով հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում և պահանջում ենք հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնել և փորձաքննություն նշանակել: Նշենք նաև, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու, ըստ էության, անտեսել ակնհայտ փաստերը»։



Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե իրականացնո՞ւմ են իրենք հետազոտություն՝ պարզելու, թե հանքարդյունաբերական ոլորտի շահագործումն ինչ հետեւանքներ է թողնում տվյալ մարզի բնակիչների առողջության վրա, ի՞նչ հիվանդություններ են տարածված տվյալ բնակավայրերում։ Նախարարությունից հաստատեցին, որ իրականացվում է մարզերում հանքարդյունաբերական ոլորտի գործունեությամբ պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների շարունակական վերլուծություն եւ մեզ ուղարկեցին հետեւյալ տվյալները:



Ըստ առողջապահության նախարարության վերլուծության՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշը Սյունիքի մարզում 2016 թվականին 2015 թվականի համեմատ աճել է 1.01 անգամ, սակայն 1.16 անգամ ցածր է միջին հանրապետական ցուցանիշից, և մյուս մարզերի ցուցանիշների համեմատ՝ գտնվում է 9-րդ տեղում, իսկ չարորակ նորագոյացություններով հիվանդացության ցուցանիշը աճել է 1.06 անգամ, սակայն 1.51 անգամ ցածր է միջին հանրապետական ցուցանիշից և գտնվում է վերջին 11 տեղում, իսկ Լոռու մարզում՝ 2016 թվականին 2015 թվականի համեմատ աճել է 1.08 անգամ՝ գերազանցելով միջին հանրապետական ցուցանիշը՝ 1.17 անգամ, և մյուս մարզերի ցուցանիշների համեմատ՝ գտնվում է 4-րդ տեղում (Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից հետո), իսկ չարորակ նորագոյացություններով հիվանդացության ցուցանիշն աճել է 1.05 անգամ՝ գերազանցելով միջին հանրապետական ցուցանիշը՝ 1.17 անգամ, և գտնվում է Երևանից հետո 2-րդ տեղում: «Լոռու մարզում նշված հիվանդությունների տարածվածության բարձր մակարդակի պատճառ տեսականորեն կարող է հանդիսանալ նաև հանքարդյունաբերությունը, առավել ևս, որ այն ներկայացված է հիմնականում բաց հանքարդյունաբերությամբ, իսկ հանք վերամշակող հիմնարկները գտնվում են բնակավայրերի տարածքում՝ ի տարբերություն Սյունիքի մարզի, որտեղ հիմնականում «խորը» տիպի են և գտնվում են բնակավայրերից հեռու»,- նշված է առողջապահության նախարարության՝ մեզ ուղարկած պատասխանում:



Միաժամանակ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ բնակչության շրջանում վերը նշված հիվանդությունների ընդհանուր հիվանդացության ցուցանիշների վերլուծության և շրջակա միջավայրի հետազոտությունները բավարար չեն շրջակա միջավայրի գործոնների բնակչության առողջության վրա բացասական ազդեցության պատճառահետևանքային կապը բացահայտելու համար, քանի որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ առկա են ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես չարորակ նորագոյացությունների, արյան շրջանառության հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսացող այլ ռիսկի գործոններ` ծխախոտի օգտագործումը, անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը և ալկոհոլի չարաշահումը, որոնք լայն տարածում ունեն ՀՀ-ում:



«Շրջակա միջավայրի և այլ գործոնների մարդու առողջության վրա բացասական ազդեցության պատճառահետևանքային կապը հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատև և խորացված համաճարակաբանական հետազոտություններ` զուգորդելով լաբորատոր հետազոտությունների հետ` ներգրավելով գիտական ներուժը, որի ուղղությամբ առողջապահության նախարարությունը նախատեսում է աշխատանքներ իրականացնել, մասնավորապես՝ մշակվում է «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատում» մեթոդական ուղեցույցը, որը հնարավորություն կընձեռի իրականացնել ռիսկերի գնահատում՝ համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների»,- գրել են վերլուծության հեղինակները:



**Թագուհի Հակոբյան**