Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն․ կրքերը չեն հանդարտվում ԿԳՆ-ի և Հայկ Դեմոյանի միջև

Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն․ կրքերը չեն հանդարտվում ԿԳՆ-ի և Հայկ Դեմոյանի միջև
«Ներխուժում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»․ երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի վերնագրով գրառում էր արել **Հայկ Դեմոյանը**՝ տեղեկացնելով, որ, նախօրեին օգտվելով իր՝ Հայաստանից բացակայելու հանգամանքից, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վարչական մաս, մուտք են գործել իր առանձնասենյակ, փորձել անձնակազմի շրջանում լուրեր տարածել, թե իր մուտքն այլեւս արգելված է թանգարանի վարչական մաս: Հայկ Դեմոյանը վիրավորված է՝ Հարվարդի համալսարանում գիտահետազոտական աշխատանքով զբաղվելուց հետո վերադարձել է եւ արժանացել նման վերաբերմունքի։ Ասում է՝ դեռ Բոստոնում գտնվելու ժամանակ մոտ մեկ ամիս փորձել է կապ հաստատել նախարարի, փոխնախարարի հետ, որպեսզի մի շարք խնդրահարույց հարցեր քննարկեին՝ առանց աղմուկ-աղաղակի, բայց «պարոնները չցանկացան ոչ մի կերպ։ Ստանում էի պատասխան, որ մենք զբաղված ենք։ Այս խոսակցությունը եղել է փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով հոխորտաց ինձ, որ եթե Դուք թանգարանում մնաք, մենք ոստիկան կուղարկենք։ Ես իրեն հարցրի՝ դուք պատկերացնո՞ւմ եք հետեւանքներն ինչ կլինեն, եթե ես պատասխան հայտարարությամբ հանդես գամ։ Ասաց՝ այո, շատ լավ պատկերացնում եմ»։



Դեմոյանին հայնտնի չէ իրեն սպառնալու պատճառը։ «Ծիծաղելի է, չէ՞, նմանատիպ հիմնավորումը, որ ես որեւէ առնչություն չունեմ թանգարանի հետ։ Այսինքն՝ 11 տարի թանգարանում աշխատելուց հետո իրենք որոշում են, որ ես առնչություն չունեմ թանգարանի հետ, եւ դիմում են ոստիկաններին, որ չմտնեմ թանգարան»,- ասում է նա ու նշում, որ առաջարկել է նաեւ մեկ այլ տարբերակ․ «Մենք ընդհանուր ժողով արեցինք աշխատակազմով, եւ ասացի՝ կո՞ղմ եք, որ մենք տեքստ տարածենք թանգարանի անունից, որ ցանկանում ենք ԿԳ նախարարը գա, եւ համատեղ քննարկում անենք, որը պարտադիր լինի ԶԼՄ-ների ներկայությամբ, բոլորը միաձայն կողմ քվեարկեցին»։



Բայց նախօրեին, երբ ինքը մեկնել է Վաշինգտոն, նախարարն ու փոխնախարարը մտել են իր աշխատասենյակ։ Դեմոյանը վստահ է՝ նրանք տեղյակ են եղել, որ ինքը բացակայում է քաղաքից․ «Երկուսով մտնում են ներս, այդ պահին գործավարը տեղում չի եղել, բայց հավաքարարն իմ աշխատասենյակում աշխատելիս է եղել, հետո գործավարը եկել ասել է, որ սա առանձնասենյակ է, եւ իրեր կան թանգարանային, չեք կարող մտնել։ Ի պատասխան հնչել է՝ բա դուք չգիտե՞ք ես ով եմ, սա արդեն մեր ենթակայության տակ գտնվող սենյակ է։ Նստել է իմ աթոռին ու սկսել ցուցումներ տալ՝ կանչեք սրան, կանչեք նրան, հետո ժողով է արել ոչ լրատվամիջոցների ներկայությամբ, ինչը ես պնդելու եմ Երեւան վերադառնալով»։ Ո՞րն է պատճառը նման պահվածքի, ունեցե՞լ են որոշակի աշխատանքային տարաձայնություններ։ Դեմոյանն ասաց, որ կա 2 պատճառ․ «Մեկը չերեւացողն է, որ պետք է ներկայացնեմ իր եւ ԶԼՄ-ների ներկայությամբ։ Իսկ ամենագլխավորը, որը ես դեռ չեմ բացահայտել, դա այն է, որ իրենք այդ անօրինական պահվածքով հովանավորչական գործունեություն են ծավալում եւ փորձում են իրենց ընկերոջը՝ Սուրեն Մանուկյանին, ով այս պահին աշխատում է որպես գիտական գծով փոխտնօրեն, ամեն կերպ պաշտպանել ինձնից, որովհետեւ սեպտեմբերին Սուրենը դիմեց մի քանի անօրինականությունների, որի կապակցությամբ գոյություն ունեն զեկուցագրեր աշխատողների կողմից, աշխատանքից հանելու անօրինական փորձ, անձը վիրավորելու փորձ, օրինակ՝ դու կին ես, մայր ես, գնա էրեխեքիդ նայի, թանգարանը քո տեղը չէ՝ այդպիսի հիմնավորմամբ ուզեցել էր մարդ հանել։ Բացի դրանից, Սուրեն Մանուկյանը 5 ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, եկել է, բացակաների փոխարեն մատյանում ստորագրել է եւ ստացել է աշխատավարձ, եւ դրա շուրջ կա 2 զեկուցագիր՝ անվտանգության աշխատակիցների զեկուցագիրը, նաեւ տեսագրությամբ է դա երեւում, թե երբ է եկել աշխատանքի։ Եթե իրենց ընկերն է, ուրեմն այդ զեկուցագրերը կարող ենք շպրտել մի կո՞ղմ»։



Դեմոյանը մեջբերում է ԿԳՆ իրավաբանական վարչության պետի խոսքերը․ «Ձեր իրավունքները խախտվել են, պարոն Դեմոյան, մասնավորապես՝ ԳԱԱ-ն հայտարարում է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, որին միաձայն իմ թեկնածությունն է առաջադրում թանգարանի աշխատակազմը, բայց քանի որ ակադեմիային ձեռնտու չէ իմ անձը, այդ ընտրությունները չեն կայացել առանց որեւէ հիմնավորման եւ ծանուցման։ 2-րդ․ երբ ես մեկնում էի երկարաժամկետ գործուղման Հարվարդի համալսարան, ակադեմիան հրաման է տվել՝ քանի որ Հայկ Դեմոյանը մեկնում է գործուղման եւ արձակուրդի մեջ է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները դրվում են Սուրեն Մանուկյանի վրա։ Դեկտեմբերին նաեւ կարգավիճակ է փոխվում, եւ թանգարանը ՊՈԱԿ-ից վերածվում է հիմնադրամի եւ դուրս է գալիս ակադեմիայի կազմից»։ Նա ընդգծում է, որ Հայաստանից մեկնելու պահին գործուղման է եղել՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում։ Հիմա վերադարձել է եւ ուզում է ճշտել իր կարգավիճակը։



«Եկեք քննարկենք՝ ես գիտխորհրդի նախագա՞հն եմ, վերականգնվելո՞ւ եմ, ու սա այն դեպքում, երբ մայիսի 30-ին գործող ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը հրաժարական է տվել, եւ ոչ մի կերպ չենք կարողանում այդ տղային գտնել։ Թանգարանում իմ՝ Բոստոնից վերադառնալու պահին չկար ո՛չ տնօրենի ԺՊ-ն, ո՛չ Սուրեն Մանուկյանը, ո՛չ գլխավոր ֆոնդապահը, որը հիվանդանոցում էր, եւ ես 3 արձանագրություն եմ ուղարկել նախարարի անունով, որ թանգարանում վտանգված է հավաքածուն, եւ չկա պատասխանատու մեկը, անգամ գազն անջատվեց հավերժական կրակի, եւ կարող էր հուշարձանը պայթել գազի արտահոսքից, եթե այդ պահին ես այնտեղ չլինեի»,- ասում է Դեմոյանն ու նշում, որ ոչ մի ուշադրություն չի դարձվել թե՛ իր եւ թե՛ աշխատակիցների զեկույցներին։ «Եվ վերջում, խնդրեմ՝ սանձարձակի, փոքրիկ գողիկների պես, իմանալով, որ ես 5 օրով բացակայելու եմ, նույն օրը փողոցային ոճով գալիս-մուտք են գործում մի տարածք, որտեղ, անկախ վերադաս-ստորադաս հարաբերություններից, անթույլատրելի է մուտք գործելը՝ առանց տեղեկացնելու։ Այնտեղ իմ անձնական իրերն են, գաղտնագրերը, բաց իմ համակարգիչը, թանգարանային արժեքներ կան, որ կարող էին վնասվել»։



Դեմոյանը ԿԳ նախարարին հրավիրում է մամլո ասուլիսի, ասում է, որ բազմաթիվ հարցեր ունի նրան ուղղելու, եւ խոստանում է հրապարակել շատ լուրջ փաստեր՝ նախարարության գործելաոճի հետ կապված, օրինակ՝ թե ինչու են իրենք հետամուտ, որ նախորդ իշխանությունների կողմից ընդունված որոշումները նույնձեւ շարունակեն․ «Իսկ գլխավոր բացահայտումը կլինի մամլո ասուլիսի ժամանակ, երբ վերադառնամ Երեւան։ Ես, ըստ օրենքի, շարունակում եմ մնալ գործող տնօրեն, քանի որ վերադարձել եմ գործուղումից»։



Երեկ արդեն ընթերցման օլիմպիադայի եզրափակչի ժամանակ ԿԳ նախարար **Արայիկ Հարությունյանը** որոշ պարզաբանումներ տվեց թանգարան-ինստիտուտ իր այցի մասին՝ նշելով, որ ինքը, որպես նախարար, իրավունք ունի գնալ ցանկացած վայր, որի հիմնադիրն են պետությունը եւ ԿԳՆ-ն։ Նա նշեց, որ Դեմոյանը տնօրեն չէ, քանի որ անցած տարվա դեկտեմբերին որոշում է կայացվել, որ ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, եւ դրա արդյունքում հիմնադրամի տնօրենի ԺՊ է նշանակվել Գեւորգ Վարդանյանը։ «Ինքն անցած տարվա սեպտեմբերին մեկնել է Հայաստանից, սկզբում պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, հետո՝ Գեւորգ Վարդանյանը, այս տարվա հունիս ամսվա սկզբին նա վերադարձել է եւ զավթել տնօրենի սենյակը։ Ես երեկ տեղեկացա, որ նա օգտագործել է տնօրենի մեքենան։ Նրան զգուշացրել են, որ այն, ինչ նա անում է, հակաօրինական է։ Նախարարությունը եւ իշխանությունն իրավապահներին դիմելու բոլոր իրավունքներն ունեն՝ այդ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար»։ Ի՞նչ նկատի ունի «հակաիրավական գործողություններ» ասելով։ «Սենյակը գրավելը, ինչ-որ նիստեր գումարելը, անձնակազմի անունից ուղերձներ հղելը»։



Ըստ ԿԳՆ-ի՝ առաջիկայում կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ խորհուրդը կորոշի նոր տնօրենի ընտրության ժամկետը, իսկ քանի որ ՊՈԱԿ-ն արդեն հիմնադրամ է դարձել, կառավարությունն այլեւս իր որոշմամբ կարող է ղեկավար նշանակել․ «Պարոն Դեմոյանը տեւական ժամանակ արդեն որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, անօրինական են իր գործողությունները, եւ զգուշացրել ենք, որ եթե շարունակի դա, համապաստասխան միջոցներ կձեռնարկվեն»։



Ինչ վերաբերում է այցի մանրամասներին, ապա․ «Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենների հետ, պարոն Դեմոյանը, որի ստատուսներից հասկացվում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում, ես փոխտնօրեններին հարց եմ ուղղել՝ արդյոք խնդիր ունե՞ն, որեւէ մեկը որեւէ խնդրի մասին բան չի՞ ասել, բացի այդ, մենք երեկ հանդիպել ենք նաեւ անձնակազմի հետ, նույն հարցն ուղղել եմ անձնակազմին, եւ խնդիրների մասին չի խոսվել: Միայն հաշվապահն է ասել, որ փոխանցումների հետ կապված խնդիր կա, ասել ենք, որ առաջիկա օրերին լուծում կստանա: Այսինքն` այն ապոկալիպտիկ իրավիճակները, որ ներկայացնում է պարոն Դեմոյանը Հայոց ցեղասպանության ինստիտուտի շուրջ, չկան։ Նա փորձում է ամեն ինչից շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի, ինչպես չեն ստացվել նախկինում իր բազմաթիվ սկանդալները»:



Անդրադառնալով տնօրենի ԺՊ Գեւորգ Վարդանյանին՝ նախարարն ասաց, որ նա իրենց հետ զրույցում ասել է, որ Հայկ Դեմոյանը տարբեր միջոցներով իր վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի ինքը հրաժարականի դիմում գրի։ Նախարարը չի վախենում Դեմոյանի ոչ մի բացահայտումից, ասում է՝ ո՛չ ինքը, ո՛չ Հովհաննիսյանը մութ պատմություններ չունեն, եւ ինչ էլ «բացահայտի», կպատասխանեն։ Ավելին՝ Հարությունյանը սթափվելու կոչ է արել Դեմոյանին եւ նշել, որ կդիմի ոստիկանապետին, որպեսզի «այս կարգազանցին կարգի հրավիրի»․ «Նա նախկին ՊՈԱԿ-ի տնօրենն էր, հիմա ձեւավորվել է հիմնադրամ, որի տնօրենն այլեւս ինքը չէ»։



Ինչ վերաբերում է Սուրեն Մանուկյանին հովանավորելուն, ապա նախարարը կարծում է, որ մարդիկ ժամանակի ընթացքում կհասկանան, որ այս իշխանությունը եւ ինքը որեւէ անձնական շահով չեն առաջնորդվում։



Այս պատմությանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր նաեւ տնօրենի արդեն նախկին ԺՊ **Գեւորգ Վարդանյանը**՝ նշելով, որ իր հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում է այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի․ «Ես նախատեսածից մեկ ամիս շուտ հրաժարական եմ տվել՝ Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար։ Դա արել եմ մեկ ամիս շուտ, բացառապես իմ որոշմամբ: Այս առումով առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետեւանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որեւէ հարցի վերաբերյալ որեւէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա եւ չէր կարող լինել որեւէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ: Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել»,- գրել էր նա:



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**