Խախտվե՞լ է արդյոք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը

Խախտվե՞լ է արդյոք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ձերբակալության շուրջ մի շարք կնճռոտ հարցեր կան: Այսպես․ ԱԱԾ-ն հայտնել էր, թե Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում նա պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով՝ 1,5 միլիարդ դրամ: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ: Բանկային համակարգում այս օրերին քննարկվում է, որ «Արդշինբանկ»-ը նախօրոք տեղեկություններ է փոխանցել ԱԱԾ-ին:



Նախ՝ բանկային ոլորտի մասնագետներին զարմացրել է հրապարակված միջնորդավճարի վրա՝ 17 մլն դրամ, ինչը նորմալ չէ, քանի որ միջնորդավճարը առավելագույնը 0.3% կարող է լինել, այսինքն՝ 5 մլն 100 հազար դրամ: Բայց եթե Վաչագան Ղազարյանն ինքն է գումարը մուտք արել եւ հանել, միջնորդավճար չպետք է լինի առհասարակ․ հենց բանկի կայքից տեղեկանում ենք, որ իրենց մոտ կանխիկացումն անվճար է: Իսկ այն, որ իրավապահները տեղեկացված են եղել նախատեսվող գործարքից, խոսում է այն մասին, որ այստեղ գործ ունենք բանկային գաղտնիքի հրապարակման հետ, ինչը քրեորեն պատժելի արարք է համարվում։ Քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրվում են միայն դատարանի որոշման հիման վրա:



Հարց է առաջանում՝ Սերժի Վաչոյի դեպքում եղե՞լ է դատարանի որոշում, թե՞ ոչ։ Լավատեղյակները պնդում են, որ ոչ: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Արդշինբանկից», սակայն վարչության անդամ, ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը մեզ ասաց, որ հարցազրույց տալու իրավունք չունի, պետք է դիմել մամուլի ծառայությանը: Այստեղ մեր զանգերն անպատասխան մնացին:



Մենք զրուցեցինք փաստաբան Արամ Օրբելյանի հետ, ով նախ հիշեցրեց, որ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենք ունենք, որը նախատեսում է, որ որոշակի պարամետրերի դեպքում տարբեր անձինք (բանկեր, նոտարներ, փաստաբաններ, խաղատներ եւ այլն) իրենք իրենց գումարների ծագման մասին տեղեկացնելու կամ հայտնելու պարտավորություն ունեն։ «Դրա մեջ կան կանխիկով գործարքի սահմաններ եւ անկանխիկ։ Եթե մենք խոսում ենք անկանխիկի մասին, դա 20 միլիոն դրամ է ու դրան գերազանցող գումարը»,- ասաց Օրբելյանը։ Այսինքն՝ մարդը եթե մեծ գումար է դնում բանկ, նրան անպայման հարցնում են այդ փողերի ծագման աղբյուրը եւ կասկածների դեպքում տեղեկացնում իրավապահներին։ Վաչոյի փողերը պահած բանկերը տեղեկացրե՞լ են համապատասխան մարմիններին այդ մասին։



Ինչ վերաբերում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի խախտմանը, հետաքրքրվեցինք՝ եթե անձն իր ներդրած ավանդը, օրինակ՝ 1 միլիոն դոլարը, մի օր որոշում է կանխիկացնել, բանկն իրավունք ունի՞ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, թե՞ դա համարվում է բանկային գաղտնիք։ Արամ Օրբելյանն ասաց․ «Հիպոթետիկ վերցնենք․ եթե ես տարել բանկում դրել եմ 1 միլիոն դոլար, բանկը ստուգել է, տեսել է՝ ամեն ինչ օրինական է, խնդիր չկա, կանխիկացման փուլում չեմ պատկերացնում՝ ոնց պետք է բանկը գնահատի դա որպես խնդրահարույց գործարք։ Ընդ որում՝ բանկն իրավապահ մարմիններին երբեք չի տեղեկացնում, իր տեղեկացման պարտավորությունը գործում է միայն Կենտրոնական բանկի դիտարկումների կենտրոնի մասով»։



Ըստ մամուլում հրապարակված լուրերի, Սերժի Վաչոյի՝ բանկից գումար կանխիկացնելու ինֆորմացիան իրավապահներին տրամադրել է «Արդշինբանկը», մեկ այլ տեղեկությամբ՝ բանկի նախկին նախագահ, այժմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փաստաբանն ասաց․ «Չգիտեմ, թե որքանով էր ճիշտ գրված, բայց գրված էր, որ փոխվարչապետը, որն էդ բանկից է եղել, ինքն է տեղեկացրել։ Առաջին մոտեցմամբ՝ եթե ինչ-որ մեկը բանկից է ասել, այդ թվում՝ նաեւ բանկի նախկին կառավարիչը, բանկային գաղտնիքի բացահայտման պոտենցիալ ռիսկ կա։ Եթե ուրիշ բան չկա։ Իհարկե, կարող է պարզվի, որ ինչ-որ հանգամանքներ կան, որի մասին մենք տեղյակ չենք»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**