«Ձեզ պարացնելու եմ». Հայկ Դեմոյանը` ԿԳ նախարարին և նրա տեղակալին

«Ձեզ պարացնելու եմ». Հայկ Դեմոյանը` ԿԳ նախարարին և նրա տեղակալին
ՀՀ ԿԳ նախարարության կայքէջը հետաքրքրասեր ընթերցողին ոչ միայն տեղեկություններ է հաղորդում գերատեսչության ղեկավարների հանդիպումների, ելույթների մասին, այլև հարուստ փաստական նյութ: Փաստական նյութ, պատկերացնո՞ւմ եք, նախարարի ու նրա տեղակալների մասին:



Անձամբ ես ցնցված էի, երբ նախարար Արայիկ Հարությունյանի կենսագրությունից իմացա, որ նա հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության օրերին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում: Խնդրում եմ` ինձ չհամոզեք, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանը չի սկսել: Եվ, ահա, պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի ուշիմ աշակերտներից է, որն այդ ոլորտում իրեն «լավագույն կողմերով է դրսևորել» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»): Հետաքրքիր է, թե այդ աշխատանքում ինչ է գրել Արայիկ Հարությունյանը` Մերձավոր Արևելքում Ռուսաստանի պատմական առաքելության մասին:



2011 թվականից պարոն Հարությունյանը կամաց-կամաց անցել է ընդդիմություն և մասնակցել տարատեսակ շարժումների, որոնք հիմնականում կուրացիա էին արվում պետական համապատասխան օղակների, հնարավոր է, այդ թվում և ԱԱԾ-ի կողմից: Ավելի ուշ Արայիկ Հարությունյանին կյանքի ուղիները բերել են ՔՊ, ապա` «Ելք» դաշինքով նրան դարձրել Երևանի ավագանու անդամ: Իսկ ահա, հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնով, որն արդեն վարում է մեկ ամսից ավելի և հասցրել է ընկնել զանազան, այդ թվում նաև անցանկալի պատմությունների մեջ:



Իր շեֆից հետ չի մնում տեղակալը` Հովհաննես Հովհաննիսյանը, որ կյանքի առանձին դրվագներով, մասնավորապես գիտական գործունեության մեջ, նույնիսկ գերազանցում է շեֆին: Դրա մեջ արտառոց բան, իհարկե, չկա, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ է փոխնախարարն իր կենսագրությունը ներկայացրել այդքան մանրամասն` ընդհուպ ժամերի կտրվածքով: Կարդում ենք` սովորել է, սովորել է, սովորել է, վերապատրաստվել է, արտասահմաններում (Գերմանիա, ԱՄՆ) ծրագրերի է մասնակցել… Կարևոր տողը չկա այս ամենի մեջ: Հայոց բանակում ծառայելու մասին: Փոխարենը Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրության մեջ երկու անգամ նշված է, որ նա հիմնականում արտասահմանյան ժուռնալներում տպված 40-ից ավելի գիտական հոդվածների (հրապարակումների) հեղինակ է: 40 գիտական հոդվա՞ծ: Մի քիչ շատ չէ՞ 40-ը չբոլորած վունդերքինդի համար:



Միշտ ասել ենք` համեստությունն է գեղեցկացնում մարդուն: Այս հասարակ ճշմարտությունը, սակայն, ԿԳՆ ղեկավարների համար չէ, որոնք իրենց գործողություններով հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում: Այսօր իր ֆեյսբուքյան էջում նրանց մասին թունոտ գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով, թե ինչպես են Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Շմայսի ասած` քաղաքավարի ներխուժել թանգարանի իր աշխատասենյակ ու մատ թափ տվել, որ տնօրենին թույլ չեն տալու մտնել հաստատություն:



Չգիտեմ` ինչին վերագրել պետական այրերի այդ պահվածքը, գուցե հեղափոխության օրերից մնացած սովորություն է։ Իսկ Դեմոյանը, մարդկանց անձնական կյանք ներխուժելու տգեղ փորձը եթե անտեսենք, իր գրառմամբ սպառնում է․ «Վերադառնամ Երևան` ձեզ պարացնելու եմ»:



**Էդիկ Անդրեասյան**