Ա՛յ ծեր մասնիկ

Ա՛յ ծեր մասնիկ
_Պատմվածք_



Սիրտս նեղված էր: Ասի՝ գնամ Օպերայի հրապարակը, թարմանամ, մի քիչ ազատություն վայելեմ: Չեմ հիշում՝ ամսի 28-ն էր, թե 12-ը, կեսգիշերին մոտ էր: Այդ օրից ամեն ինչ շփոթում եմ, խառնում:



Գնացի: Թումանյան փողոցով ինձ համար հանգիստ, խաղաղ քայլում էի: Տեսա մարդիկ խմբերով արշավում են: Մտածեցի՝ երեւի արտասահմանցիք էլի ձրի բան են բաժանում, մոտենամ՝ մի փալաս-փուլուս էլ կարող է ինձ հասնի (աչքածակություն): Հավաքվածներին չհասած՝ բարձրախոսի ձայն լսվեց: Մոտ հիսուն քայլ էր մնում նրանց խառնվելուն, դեմս համազգեստով մարդիկ դուրս եկան:



-Էս ո՞ւր:



Ասեմ՝ փալասի, կծիծաղեն, մուրացիկի տեղ կդնեն:



-Գնում եմ… տեսնեմ…



-Հա՛, ցիրկ է, յալանչին էլ ճառում է: Նրանցի՞ց ես:



-Ումոնցի՞ց… Չէ, ես Հունանանցից եմ:



-Լավ էլ պապ ես ունեցել՝ հունարով: Ծագումդ չեմ հարցնում, բատրակի ծոռ: Ուրեմն՝ բունտավշչիկներից ես, խառնակչիներից: Աչքերիցդ, դեմքիցդ երեւում է՝ հեղափոխական ես…



-Ի՜նչ հեղափոխական, ես ընդամենը փոփոխական եմ:



Անկեղծորեն ասած՝ այդպես էլ կա. մեջս միշտ ինչ-որ եռ է գալիս, հա ուզում եմ ամեն ինչ շրջել, ջարդել, քանդել, ավերել: Բայց որ դա բացահայտ նկատվում է, ա՜յ, արդեն լավ չէ:



Փորձեցի բացատրել.



-Ես ժողովրդի մասնիկն եմ, գնում եմ ժողովրդին միանամ, որ ժողովուրդը ժողովուրդ դառնա: Առանց ինձ չի դառնա…



-Լսիր, փիլիսոփա…



-Ե՞ս…



-Մի զազրախոսիր:



Անծանոթ բառից խուճապի մատնվեցի: Մտքումս մինչեւ «զազրը» կվերլուծեի, կընկալեի կատարվողը, ոստիկանն արագ լուծեց հասկանալու խնդիրը. ռետինե մահակն իջավ գլխիս, ես՝ մայթին:



…Բացատրությունը գրում էի՝ սրբելով քթիս արյունը, շոշափելով շրթիս ուռուցքը, գլխիս մղկտացող պոպոզը, զգում աչքերիս այրոցը, վարտիքիս թրջվածքը, զսպում ձեռքերիս դողը, լսում սրտիս խփոցը:



-Ո՞վ ես, ընդդիմադի՞ր:



Դիմադիրը գիտեի՝ ժամանակին դեմ տվողներից մի քանիսի հետ գործ եմ ունեցել՝ շշպռել, հետադարձ ճամփես են ցույց տվել: Հակառակ կողմի հետ առնչություն չեմ ունեցել:



-Ո՞ր շարժման անդամ ես:



-Անդամ չեմ, անդեմ եմ: Նախկին եմ:



Քննիչն այնքան հաճելի դեմք ուներ՝ կարմրաթուշ, միայն ծանր էր շնչում:



-Էլի՞ բերիք: Հիմա, հիմա սրանից կազատվեմ, դրան կանցնեմ: Հիվանդությո՞ւն ունես:



-Պոչկեքումս քար կա, գեմառո ունեմ, ատամներիս կեսը պրոտեզ է: Գլխիս էլ որ խփում են, աչքերիցս ջուր է թափվում: Ինչո՞վ խփեցիք,- հարցրի կողքիս աժդահակին:



-Մատնոցով: Կանցնի: Կամոն սրանից չմեռավ: Զգում եմ, որ ոչ մեկին չես ուզում մատնել: Գոնե ընդունո՞ւմ ես սխալդ:



-Ընդունում եմ, միանգամից՝ իմ բոլոր սխալները: Երեք տարեկանից սկսած: Չէ, այդ երեք տարվանն էլ հետը, երբ տեղի-անտեղի, պատեհ-անպատեհ տակս թրջում էի: Ընդունում եմ նույնիսկ ծնողներիս (համբարձվածների) սխալը, այն պահից, երբ պապաս ու մամաս ինձ էին քանդակում: Հիմա գործուն զղջում եմ, խնդրում, աղաչում, պաղատում, աղերսում եմ ինձ ներել, էլ չեմ անի, ազնիվ պիոներական, հորս արեւը վկա: Այսուհետեւ, երբ տեսնեմ հավաքվել են, կշրջվեմ ու կփախչեմ, թող ժողովուրդն անմասնիկ մնա ու չամբողջանա: Որ պետք լինի, ուրիշ խոստումներ էլ կտամ, մենակ ատամներիս չխփեք, երեք-չորս հատ է մնացել, նորից ծախսի տակ չընկնեմ:



-Մի րոպե,- լսեցի բամբ ձայն,- էս ի՞նչ է, ազգանունդ նո՞ր ես փոխել:



-Դե, տեսա, որ մեր ցեղը վերջանում է, ազգանունս փոխեցի, որ Շատվորանցից լինեմ:



-Թե՞ փառավոր անցյալդ թաքցնես, տո բոլշեւիկի ճուտ, հեղափոխական վիժվածք: Պապերի՞դ ես հիշել, թե՞ Ձմեռային պալատը: Հիմա էլ նախագահի շենքն եք ուզում գրավել: Բան դուրս չի գա, քանի մենք կանք: Վերջին խոսքդ ասա:



-Զղջում եմ, բաց թողեք: Էլ չեմ անի:



-Ի՞նչ չես անի:



-Այդ փողոցով չեմ անցնի:



-Բա կոչե՞րը:



Կոչե՞րը: Հա՛, երեւի, երբ մահակով խփել են գլխիս, չեմ զգացել, կոչեր եմ արել, «Ինտերնացիոնալը» հիշել՝ «Ելիր, ում կյանքն անիծված է»: Ուրեմն՝ նույնիսկ երգել եմ: Բարձրաձա՞յն:



-Էլ չեմ երգի:



-Կոչերը, կոչերն ի՞նչ ես անելու:



-Մոռանալու եմ…



-Լավ, հեռացիր… Թե չէ էնպես կմոռացնեմ, որ ազգանունդ կփոխես, անապատյան կդառնաս:



Բա՛: Տանս մեջ միամիտ նստած էի, անշարժ, երբ փողոց դուրս եկա, շարժման մեջ ընկա: Է˜, ինչ շահեցի եւ ինչ հասկացա: Չէ, մի բան լավ ըմբռնեցի. ոստիկանները ծեծում են մասնագիտորեն, խփում, ինչպես բժիշկը՝ ցավոտ տեղերին. լյարդին (քարակալած էր՝ երկու կտոր գցեցի), գեմառոս պատռվեց, պրոտեզիս կեսը կորավ:



Դե, հիմա գնա, ա՛յ ծեր մասնիկ, ու ժողովրդին միացիր… Ո՛նց չէ:



**Ներսես ԿՈՍՏԱՆՅԱՆ**