Քաղավիացիայի «խամ ու խոպան» ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի

Քաղավիացիայի «խամ ու խոպան» ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի
Քաղավիացիայի գլխավոր վարչության (առայժմ վարչության կարգավիճակ ունեցող՝ պետք է դառնա կոմիտե) պետ Սերգեյ Ավետիսյանը, որն այս պաշտոնում նշանակվել էր դեռեւս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք, 3 շաբաթ առաջ հրաժարական է տվել, սակայն այս պաշտոնում փոխարինող դեռեւս չկա, անգամ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Ավետիսյանը, որի աշխատանքից, մեղմ ասած՝ գոհ չէին նախկին կառավարությունում, փոխարինեց կոռուպցիոն սկանդալի հետեւանքով պաշտոնին հրաժեշտ տված Արտյոմ Մովսեսյանին: Վարչության պետի պարտականություններն այժմ ստանձնել է պետի տեղակալը՝ Արսեն Պողոսյանը: Մեզ տեղեկություն էր հասել, որ պետի ԺՊ է նշանակվելու օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ, 31-ամյա Աննա Չոբանյանը, սակայն վարչությունից հայտնեցին, որ նման բան չկա:



«Չոբանյանն Ավետիսյանի հետ էկոնոմիկայի նախարարությունում է աշխատել՝ որպես փորձագետ, եւ նրա հետ էլ եկել է ՔԱԳՎ: Նա էլ ավիացիայի գծով մասնագիտական կրթություն չունի, վերապատրաստվել է Սինգապուրում, Ավետիսյանի հետ մասնակցել է օդային տարածքի օգտագործման նախագծի աշխատանքներին»,- հայտնեց մեր աղբյուրը՝ չբացառելով, որ առաջիկայում գուցե նա ԺՊ նշանակվի եւ, ինչպես ասում են՝ «յոլա տանի» կառույցը՝ մինչեւ արտահերթ ընտրություններ, նոր կառավարության ձեւավորում:



ՔԱԳՎ-ում մեր աղբյուրները տարակուսում են՝ հաշվի առնելով նոր կառավարության հակակոռուպցիոն արշավը, ենթադրվում էր, որ նախկին պետի հետ պետք է հեռանային նաեւ ավիացիայի ոլորտի պատասխանատու եւ ոչ այնքան բարի համբավ ունեցող պաշտոնյաները, մինչդեռ շարունակում են պաշտոնավարել: «Այսինքն՝ հեղափոխությունը դեռ քաղավիացիայի վարչություն չի հասել, այլապես Ավետիսյանի հրաժարականին պիտի հաջորդեր մի խումբ «ավիացիոննիկների» հրաժարականը, ովքեր նոր Հայաստանում շարունակում են հին ոգով աշխատել»,- նշում է մեր աղբյուրը։



Մինչդեռ այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրների, կոռուպցիոն գործարքների, ապօրինությունների, կարճ ասած՝ բարձիթողի վիճակի մասին ոլորտին քաջատեղյակները պարբերաբար են ահազանգում, սակայն ավիացիայի առաջին դեմքը փոխվում է՝ խնդիրները մնում են չլուծված: Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր բաց նամակով դիմել նախկին օդաչու Դավիթ Սարգսյանը եւ մի շարք հարցեր բարձրացրել: Մասնավորապես՝ քաղավիացիայի գլխավոր վարչությունը չափից շատ աշխատակիցներ ունի, «որոնք պարզապես նստած են իրենց աթոռներին՝ փորձելով ամեն ինչից գումար վաստակել, ընդ որում՝ իրենց անվանելով ավիացիայի առաջատար մասնագետներ»։



«Նման մարդիկ իրենց գումարը վաստակում են՝ թույլատրելով այս կամ այն ավիաընկերությանը իրականացնել չարտերային թռիչքներ ...Ռեգիստրացիայի բաժնի մի շարք աշխատողներ, որոնք կանգնած են բաժնի մուտքի մոտ, գողություն են անում ավիաընկերություններից՝ իջեցնելով ուղեւորների ծանրոցների իրական քաշի արժեքը, ինչը, անխոս, համարվում է հանցագործություն։ Այնինչ օդային տրանպորտային միջոցի հստակ գրանցված քաշը համարվում է օդանավի անվտանգ թռիչք կատարելու առաջնահերթ պայմանը: Նման անօրինական գործողությունների վրա ոստիկանության, ավիացիոն եւ օդանավակայանի ԱԱԾ աշխատակիցները աչք են փակում, քանի որ այս գործի մեջ վաստակում են իրենց բաժին հասնող գումարը»։ Նախկին օդաչուն նշել է նաեւ մաքսանենգ ավիացիոն բեռների խնդիրը՝ առաջարկելով սկսել քննություն այս ուղղությամբ:



Հունիսի 13-ին էլ Զբոսաշրջային եւ ավիագործակալների ազգային ասոցիացիան է նամակով դիմել վարչապետին: Մոտ մեկ տասնյակ ավիագործակալներ ավիացիայի ոլորտի կնճռոտ հարցերն են բարձրացրել եւ լուծումներ առաջարկել: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահ **Վիկտոր Վանցյանը**, նախկին՝ մասնավորապես Կարեն Կարապետյանի կառավարությունը, ականջի ետեւ էր գցում բարձրացված խնդիրները: Նոր կառավարության ղեկավարից դեռ պաշտոնական գրավոր պատասխան չեն ստացել, սակայն վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ առաջիկայում կլինի հանդիպում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: 7 խնդիր են բարձրացրել, մասնավորապես. ՀՀ օդանավակայանները, գործելով մենաշնորհային հիմունքներով, սահմանում են սպասարկման չհիմնավորված բարձր սակագներ՝ չհամաձայնեցնելով դրանք որեւէ պետական մարմնի հետ:



Բացի այդ, առկա է «Ավիացիայի մասին» օրենքի վերանայման եւ փոփոխության, նաեւ՝ ազգային մրցունակ ավիափոխադրողներ հիմնելու անհրաժեշտություն, օդային տրանսպորտով ՀՀ-ից մեկնողների համար սահմանված 10 հազար դրամ տուրքի վերանայման, ավիափոխադրումների շուկայի կարգավորման, ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագրում հեղափոխական լուծումների, ինչպես նաեւ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին նախկին կառավարության կողմից տրված մենաշնորհի վերանայման անհրաժեշտություն: Ինչպես հայտնի է, պետական կառույցներն իրենց կարիքների համար ավիատոմսերի ձեռքբերման համար մեկ տարուց ավելի է՝ այլեւս պետական գնում չեն հայտարարում եւ ավիատոմս են ձեռք բերում ԷԿԵՆԳ-ի միջոցով: Այս պատճառով, ըստ ասոցիացիայի, պետբյուջեից տարեկան մոտ 180 միլիոն դրամ է ծախսվում: Թեեւ ԷԿԵՆԳ-ի (govtravel.am-ի) միջոցով ավիատոմսեր պատվիրելու կառավարության որոշումը հիմնավորվում էր պետական միջոցների արդյունավետ օգտագործմամբ ու այս ոլորտում առկա «պրիմիտիվ գողությանը» վերջ տալու մղումով: Նամակագիրներն առաջարկել են կառավարությունում ձեւավորել աշխատանքային մասնագիտական խումբ, որի կազմում հասարակական հիմունքներով պատրաստ են ներգրավվել նաեւ իրենք՝ ոլորտին խորությամբ տիրապետող, պրոֆեսիոնալ մասնագետները: Հիշեցնենք, որ տուրիզմի զարգացման եւ ավիաոլորտի հարցերն ԱԺ բարձր ամբիոնից հնչեցրել է Էդմոն Մարուքյանը՝ դեռ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի քննարկման ժամանակ։ «Ասում եք՝ տուրիզմ ենք զարգացնում: Հայաստանը 30 տարվա երկիր է արդեն, ցերեկային չվերթ չկա դեպի Եվրոպա: Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ չունենք ցերեկային չվերթ դեպի Եվրոպա, ինչո՞ւ չենք կարողանում ցերեկով գալ ՀՀ: Ո՞նց է տուրիզմը զարգանում»,- հարցրել էր նա:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**