Խոսեք մարդկանց հետ

Խոսեք մարդկանց հետ
Իրականում այնքան էլ բարդ չէ մարդկանց հումանիզմի, դեմոկրատիայի գաղափարներ սերմանելը։ Դրա համար մի քիչ համբերություն է հարկավոր, մի քիչ էլ, հավանաբար՝ իրենց լեզվով խոսելու ունակություն։ 82 տարեկան ծերունին, որը վրդովված զանգահարել էր խմբագրություն, բողոքում էր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից։ Ասում էր այն, ինչ այս օրերին տարբեր մարդիկ անում են Ֆեյսբուքում, համացանցում, առօրյա կյանքում։ Նրա խոսքերում անհուն ատելություն կար Մանվել Գրիգորյանին պաշտպանող փաստաբանների նկատմամբ։



Պարզ է, որ հասարակությունը չի գիտակցում պաշտպանության ինստիտուտի դերն ու նշանակությունը եւ մերժում է հատկապես ԱԱԾ բացահայտումների արդյունքում տարբեր կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվողներին պաշտպանողներին։ Գուցե մարդկայնորեն դա հասկանալի է, եւ դա պետք է գիտակցեն նաեւ այդ պաշտպանությունը ստանձնած անձինք, բայց սա վնասակար է, վտանգավոր այդ նույն հանրության համար, ուստի հարկավոր է այս օրերին խոսել, բացատրել, համոզել մարդկանց։ Բացատրել այն, ինչ չեն բացատրել ժամանակին դպրոցն ու ընտանիքը, կրթել, անգամ եթե մարդը դուրս է կրթվելու տարիքից։ Համոզել, եթե անգամ նա հայտնի կենդանու համառությունն ունի։ Եվ դա պիտի անեն բոլոր ադեկվատ, գրագետ մարդիկ ու ինստիտուտները, իշխանությունը, մտավորականները, մամուլը։



Չի կարելի թույլ տալ, որ ցածր բնազդներն ու նսեմ կրքերը հաղթեն բանականությանն ու գիտելիքին։ Եվ դա անհնարին չէ։ Ես դրանում համոզվեցի տարեց զրուցակցիս արձագանքից։ Ճիշտ է՝ այդ զրույցն ու բացատրական աշխատանքն ինձնից ժամանակ ու էներգիա խլեցին, բայց միանգամայն արդարացված, քանզի խոսակցության ավարտին մարդն ընդունեց, որ ինքը սխալ է, եւ ես շնորհակալ էի, որ մոլորված, բայց գիտակից մարդու հետ եմ զրուցում։