2008թ․ աշխատանքից ազատված դիվանագետները չեն փորձել վերականգնել իրենց իրավունքը

2008թ․ աշխատանքից ազատված դիվանագետները չեն փորձել վերականգնել իրենց իրավունքը
Նախկին իշխանությունների ապօրինությունները, սխալները սրբագրելու, մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու հարցում բազում սպասելիքներ կան նոր իշխանություններից։ Այդ ապօրինություններն ու սխալներն ունեն 10 եւ ավելի տարիների վաղեմություն։



2008թ․ փետրվարին համաժողովրդական շարժմանը միանալու եւ հայտարարությամբ հանդես գալու պատճառով այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանին, ԱԳՆ Ամերիկայի եւ Կանադայի բաժնի պետ Կարինե Աֆրիկյանին, ԱԳՆ սպառազինությունների վերահսկման միջազգային վարչության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Մարթա Այվազյանին, ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանին եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երկրորդ քարտուղար Էլեն Պետեյանին։



Վարդան Օսկանյանն այն ժամանակ նշել էր, որ դիվանագետները խախտել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի դրույթները, ըստ որոնց՝ դիվանագետը իր զբաղեցրած պաշտոնից ազատվում է, երբ իր ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների շահերի կամ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն ծավալելու համար։ Աշխատանքից ազատված դիվանագետներն իրենց իրավունքները փորձեցին պաշտպանել Հայաստանի դատարաններում, իսկ հետո հասան մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։



ՄԻԵԴ-ը, սակայն, մերժեց նրանց հայցը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան մեր հարցի, թե հնարավո՞ր է վերականգնել աշխատանքից ազատված դիվանագետների իրավունքները, արձագանքեց․ «Եթե չեմ սխալվում, դիվանագետները ՀՀ վարչական դատարանում վիճարկել են նախկին արտգործնախարարի հրամանն իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ, եւ դատարանը ուժի մեջ էր թողել այդ հրամանները։ Այդ գործը վիճարկվել էր նաեւ ՄԻԵԴ-ում, եւ այն չէր բավարարել։ Իսկ իրավունքների վերականգնումն օրենքով է կարգավորվում, պետք է խոսել իրավաբանների հետ։ Նրանք հրամանով ազատվել են աշխատանքից գործող օրենսդրությունը խախտելու պատճառով»։



Աշխատանքից ազատված դիվանագետ Մարթա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն իշխանափոխությունից հետո չի դիմել արտգործնախարարություն։ Իր՝ աշխատանքից ազատվելու իրավունքը վերականգնելու փորձ չի արել նաեւ Վլադիմիր Կարապետյանը, որը համաժողովրդական շարժմանը միանալուց հետո անդամակցեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, առ այսօր ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների վարչության պատասխանատուն է։ Թե՛ Մարթա Այվազյանը, թե՛ Վլադիմիր Կարապետյանն անցած տարիներին մամուլում հանդես են եկել արտաքին քաղաքականությանը վերաբերող հոդվածներով, մեկնաբանություններով ու վերլուծություններով։