Կառավարության կողմից կան հստակ ազդակներ, որ լրջորեն են պայքարելու կոռուպցիայի դեմ

Կառավարության կողմից կան հստակ ազդակներ, որ լրջորեն են պայքարելու կոռուպցիայի դեմ
**Hraparak.am**-ը ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերից (որն, ի դեպ, այսօր մասնակցում էր «Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինարին) հետաքրքրվեց, թե նոր կառավարության օրոք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգացման ինչ ընթացք կարող են ունենալ։



«Այդ հարաբերությունների հիմքը դրվել է անցյալ տարի, երբ ստորագրվեց Եվրամիության հետ համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը։ Եվ ես արդեն ասել եմ, որ ներկա կառավարությունը իսկապես շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, նրա ծրագրում հատուկ նշված է նաեւ այդ համաձայնագրի մասին։ Եվ կառավարության ծրագրում կան բազմաթիվ կետեր, որոնց իրագործման հարցում իսկապես կարող է օգտակար լինել Եվրամիությունը եւ ԵՄ անդամ առանձին պետություններ։



Այսինքն՝ համաձայնագիրը լավ հիմք է ստեղծում՝ խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, նաեւ՝ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ։ Հունիսի 21-ին եղավ ՀՀ-ԵՄ խորհրդի առաջին նիստը, պետք է լինի շարունակական աշխատանք, որպեսզի կոնկրետ ծրագրերով հնարավոր լինի իրականացնել համաձայնագրում նշված կետերը»,- ասաց Մաթիաս Քիսլերը։



Դեսպանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի նոր կառավարության իրականացրած կոռուպցիոն բացահայտումները համահո՞ւնչ են Եվրամիության առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին։ «Իհարկե, կառավարությունը եւ հասարակությունը պետք է պայքարեն կոռուպցիոն երեւույթների դեմ։ Կոռուպցիան միայն ՀՀ-ում չէ, այլ երկրներում էլ կա, եւ դա պետք է ասվի հստակ։



Յուրաքանչյուր երկիր ունի իր գործիքները՝ պայքարելու կոռուպցիայի դեմ։ Այն, ինչ արվում է հիմա, կառավարության կողմից հստակ ազդակներ են, որ լրջորեն են պայքարելու կոռուպցիայի դեմ։ Իսկ դրա համար հարկավոր են երկարաժամկետ ջանքեր, որպեսզի ինստիտուցիոնալ մակարդակով հնարավոր լինի պայքարել կոռուպցիայի դեմ»,- արձագանքեց Մաթիաս Քիսլերը։



**Թագուհի Հակոբյան**