Աշխարհը սպասում է և հետևում

Աշխարհը սպասում է և հետևում
Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները, հատկապես ներկա կառավարության գործունեությամբ հետաքրքրվողները, զբաղված էին ԱԱԾ-ի маски-шоу-ի հերթական սերիալները դիտելով:



Շաբաթվա անշլագը, ինչ խոսք, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ամառանոցում, չգիտես էլ որտեղ նկարահանված տեսանյութերն էին, որոնք հետո, ակներեւաբար, մոնտաժվել էին։ Ընդսմին, մոնտաժվել էին այնպես, որ ոչ մի կադրի իդենտիֆիկացում տեղի ու ժամանակի առումով հնարավոր չէր, այդքանով էլ իրար կցված կադրերը մերկապարանոց քարոզի ֆոն ծառայելուց անդին վստահություն չէին ներշնչում: Դրանք որեւէ բանական հարցադրման չէին պատասխանում՝ ճիշտ ինչպես տասը տարի առաջ Սասուն Միքայելյանի առանձնատան լողավազանից արկղերով զենք-զինամթերք հանելու կադրերն ու դրան ուղեկցող ՀՀԿ-ի սնամեջ քարոզչությունը կամ դրանից էլ վաղ` Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Ստեփանակերտի նրա բնակավայրերից հանված կիլոգրամներով ոսկեղենն ու ադամանդները:



Թեեւ Բաբայանի տնից հանված ավարի թվարկումը տպավորություն էր գործում` Ղարաբաղում մոլեգնած հանցագործությունների ու յուրացված հարստությունների տեսանկյունից: Սակայն մի կողմ թողնելով անցյալի սերիալները եւ վերադառնալով ՀՀ ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ օրերս նկարահանված-թողարկվածին՝ ծառացող թիվ մեկ հարցն այն է, թե, դիցուք, Rolls-Roys, Range Rover, տասնյակ այլ թանկարժեք, այդ թվում՝ կոլեկցիոն մեքենաներ ունեցողը պահածո էր հափշտակում, որ ի՞նչ անի… Անգամ ԱԺ-ում, ԶՈւ-ում ու դատախազությունում, փոխարեն կենտրոնանալու հարցի վրա, թե տասնյակ, ներառյալ թանկարժեք մեքենաներն եւ սեփականության վկայականներն ինչ առնչություն ունեին գեներալ Գրիգորյանի հետ, հազիվ ժամանակին ՀՀԿ-ի կազմակերպած անտաղանդ PR-ի արդյունքում հավաքված սննդի եւ երեխաների նամակների անտերունչ վիճակից էին հուզվողներ գտնվել:



Շոու կազմակերպելն էլ կարողության հարց է: Այնքան անտաղանդ շոուներ, որքան ՀՀ ԱԱԾ-ն ու հիմա էլ դրան միացած ոստիկանությունն են ներկայացնում, աֆրիկյան պետություններում էլ չեն պատահի: Բայց դե՝ առայժմ շոուները պահանջարկ են վայելում, իսկ քանի որ պահանջարկ են վայելում, շուկայական հարաբերությունների թելադրանքով ու տրամաբանությամբ դրանք ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից շարունակվում են:



**Turmoil` անկարգություն կամ ցնցում**



Բայց արի ու տես, որ կյանքը միայն սերիալային մակարդակի շոուները չեն, որ անցյալ ամբողջ շաբաթ ներկայացնում էր Հայաստանի կառավարությունը: Շաբաթը խիստ որոշիչ էր Եվրոպական Միության եւ ԵՄ երկրների հետ ՀՀ հարաբերությունների տեսակետից, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Նիկոլ Փաշինյանին չի հանդիպել, նրան Եվրոպա չի հրավիրել, նրա հետ չի զրուցել ԵՄ որեւէ ղեկավար: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի առաջին այցը եւ հանդիպումները ԵՄ-ում կկայանան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ հուլիսի 11-12-ին, երբ ՀՀ վարչապետը, որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությանը մասնակից երկրի ղեկավար, մասնակցի դաշինքի բրյուսելյան գագաթնաժողովին:



Մինչ այդ, սակայն, անցյալ շաբաթվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություն եղավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների դաշտում: Հունիսի 18-ից եռօրյա այցով Հայաստանում էր Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը` ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄաքԱլիսթերի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հայաստանում էր գնահատողական առաքելությամբ, քանի որ հուլիսի 4-ին Ստրասբուրգում գումարվող ԵԽ լիագումար նիստում քվեարկվելու է CEPA-ն (ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը): Ակնկալվում է, որ ԵԽ-ն համաձայնագիրը կվավերացնի, սակայն հետաքրքիր է, թե ձայների ինչ հարաբերակցությամբ եւ ինչ ուղեկցող ելույթներով:



Իսկ, ահա, հայաստանյան իրադրությանը եւ պաշտոնատարներին հանդիպելուց հետո հետաքրքիրը ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին պատվիրակության կողմից հնչեցված բնորոշումն էր` recent political turmoil, թարգմանաբար` «վերջերս տեղի ունեցած քաղաքական անկարգություններ կամ ցնցումներ»: Սա Հայաստանի, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» գնահատականն է՝ այն հեղափոխության, որը բարձրացնում էր Հայաստանի վարկը:



Էլ ավելի կարեւոր եւ արդեն առարկայական հարցին, թե երբ տեղաշարժ կլինի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հարցում, ՄաքԱլիսթերն առանց քողարկումների եւ ազնվորեն հայտարարեց, որ դրա համար երկու նախապայման է պետք ապահովել․ առաջինը` ԵՄ տարածքում անօրինական մնացող ՀՀ քաղաքացիները վերադարձվեն Հայաստան, եւ երկրորդ՝ որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում արդյունք արձանագրի: Փաշինյանի կառավարության բացահայտումները որքան էլ հագուրդ են տալիս լյումպեն զանգվածի ակնկալություններին, ակներեւաբար, առանձնապես չեն տպավորում հավասարակիռշ, մտածող մարդկանց, ինչպիսիք, բնականաբար, նաեւ ԵԽ պատգամավորներն են։ Նրանց հետաքրքրում են օրինականությունն ու արդյունքները՝ նախընտրական շոուների փոխարեն:



**Սպասելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին**



ՄաքԱլիսթերի պատվիրակության մեկնումից գրեթե անմիջապես հետո Բրյուսել մեկնեց արդեն ՀՀ պատվիրակությունը` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Մեկնումի առիթը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստն էր: Նախկինում այդ խորհուրդը կոչվում էր ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհուրդ, քանի որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ գործող շրջանակային համաձայնագիրը կոչվում էր ոչ թե Partnership Agreement, այլ Cooperation Agreement։ Գործընկերության խորհրդի նիստից հետո արդյունքներն ամփոփվեցին Մնացականյանի եւ Մոգերինիի համատեղ ասուլիսում, որտեղ հետաքրքրականը լրագրողների տված երկու հարցերն էին:



Առաջին լրագրողը դարձյալ վիզաների ազատականացման մասին հարցրեց․ Մոգերինիի պատասխանն այնքան բաց եւ հստակ չէր, որքան ՄաքԱլիսթերի պատասխանը, բայց Մոգերինին էլ հուսադրող ոչինչ չուներ ասելու, բացի նրանից, որ վիզայի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելը կախված է Եվրոպայի խորհրդի, այսինքն՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին միավորող մարմնի դիրքորոշումից ու որոշումից, նրանք են հարցի ավելի ճիշտ հասցեատերը։



Երկրորդ հարցին, թե ինչով է բացատրվում Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունն առանձնապես չմեծացնելը, երբ 2014-17թթ. այն կազմել է 140 մլն եվրո, 2018-21-ի համար նախատեսվում է 160 մլն եվրո՝ ընդամենը 20 միլիոնով ավելի, Մոգերինիի պատասխանն այն էր, որ ինքը 160 մլն-ն էլ փոքր օգնություն չի համարում եւ հույս ունի, որ ապագայում ԵՄ Հարեւանության ծրագրին ավելի մեծ հատկացումներ կարվեն, ինչը թույլ կտա մեծացնել նաեւ Հայաստանին ուղղվող մասնաբաժինը:



Արդյոք ինչ-որ բան կփոխվի՞ Փաշինյանի Բրյուսել մեկնելուց հետո, արդյոք նրան կընդունե՞ն ԵՄ ղեկավարները, կլինե՞ն հանդիպումներ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ, կլինե՞ն արդյունքներ, կերեւա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկու օրվա ընթացքում: Հուսանք՝ Փաշինյանի օրակարգն էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հագեցած կլինի ոչ թե եկեղեցիներ ու գերեզմանատներ այցելելով, այլ ԵՄ ղեկավարների հետ բանակցություններով:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**