Բացահայտումների հեղեղ

Բացահայտումների հեղեղ
«Ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Նրան բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով», «ԱԱԾ-ն բերման է ենթարկել պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին», «Կայացվել է Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում», «Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապրիլյան պատերազմից հետո Արցախի Պաշտպանության բանակին նվիրաբերված ավտոմեքենաները յուրացնելու համար», «ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանը եւ Արսեն Համբարձումյանը օրերս հանդիպում են ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ իրենց մտահոգությունն են հայտնել, որ ավելի քան հինգ տարի տեւող նախաքննության ընթացքում բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը»։



Սրանք այն հիմնական լուրերի վերնագրերն են, որոնք հեղեղի պես թափվեցին երեկ, օրվա վերջում, ընթերցողի գլխին։ Ընթերցողի, որն անկախ Հայաստանում կարոտ է եղել արդարադատության։ Ընթերցող, որը ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մերձավորների նկատմամբ արդարադատություն կիրառելու մասին լուրերին ծանոթ է միայն արեւմտյան մամուլի էջերից եւ չէր կարող պատկերացնել, որ այդ ամենը կարող է կարճ ժամանակում իրականություն դառնալ նաեւ մեր երկրում։ Իսկ սա արդեն բոլորովին այլ իրականություն է, որը հօդս է ցնդեցնում անպատժելիության միֆը եւ ցույց տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհ հաստատած օլիգարխը, լրագրողներին երեք մատի կոմբինացիա ցույց տվող եւ հայհոյող ԱԺ նախկին պատգամավորը չեն կարող լինել անձեռնմխելի։



Նրանք չեն կարող անպատժելի կերպով շքեղ ավտոշարասյունով ֆռֆռալ մայրաքաղաքում՝ փակելով այլոց առջեւ ճանապարհները, խոչընդոտելով այլոց ազատ տեղաշարժին։ Բացահայտումների ֆոնին հօդս են ցնդում նաեւ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի եւ այլոց շուրջ ստեղծված առասպելները։ Այն առասպելները, որոնք աղերսվում էին նրանց անպատժելիությանն ու ամենազորությանը, եւ որոնց առջեւ ընկրկում էր շարքային քաղաքացին՝ չկարողանալով պաշտպանել սեփական իրավունքները։



Ինչպես քաղաքացիներն, այնպես էլ իրավապաշտպաններն այս օրերին հիշում, հրապարակում են 10, 15, 20, 25 տարիների վաղեմության դեպքեր, մանրամասներ, թե այս կամ այն գեներալը, պաշտոնյան ինչպես են թալանել ու կողոպտել իրենց, իրենց ազգականներին, ինչ բռնություններ են կիրառել։



Հիշում են նաեւ այն դատավորներին, որոնք տեղի են տվել ապօրինությունների, ուժի առջեւ եւ կայացրել անարդար վճիռներ։ Սրանք այն բարձրաձայնումներն են, որոնք պատմում են մարդկային խեղված ճակատագրերի, անարդարության զոհ դարձած քաղաքացիների մասին։ Հնարավոր չէ պատկերացնելը, թե քանի այդպիսի պատմություն է մնում չհրապարակված, ինչ վիճակագրական պատկեր կարող ենք ստանալ, եթե հանկարծ բոլոր զոհերը թերթերի խմբագրությունները հեղեղեն իրենց պատմություններով։ Արդարության հաստատման ծարավ հանրությունն այսօր կոնկրետ փաստեր է տալիս իրավապահ մարմիններին, իշխանություններին, որոնցից գլխապտույտ է առաջանում։



Հանրությունն օր առաջ ուզում է տեսնել, որ երկրում հաստատվել է արդարություն, որի համար տարիներ շարունակ զրկանքներ է կրել։ Ապօրինությունների բացահայտումներն ու ձերբակալությունները, կարծում ենք, կշարունակվեն նաեւ առաջիկայում։ Այլընտրանք չկա։ Նոր կառավարությանը պարբերաբար այդ մասին են հուշում տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի փորձին քաջածանոթ քաղաքագետներն ու վերլուծաբանները։



**Թագուհի Հակոբյան**