Թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ լրագրող Կորյուն Սիմոնյանը որոշեց լուսանկարել վարչապետի օգնականին

Թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ լրագրող Կորյուն Սիմոնյանը որոշեց լուսանկարել վարչապետի օգնականին
Նար- Դոսի հայտնի ստեղծագործությունը՝ «Թե ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» այս պարագայում շատ սազական է մեր իրավիճակին։ Մի քանի օր առաջ մեր լրագրող Կորյուն Սիմոնյանը սրճարանում աշխատանքի ժամին տեսել էր վարչապետի պաղպաղակ վայելող օգնականին՝ Արեն Մկրտչյանին, լուսանկարել եւ դրել կայքում։ Նման լուրիկներ մենք գրեթե ամեն օր ենք հրապարակում՝ լուսանկարի հետ մի քանի տող տեքստ այս կամ այն պաշտոնյայի մասին։ Ո՞վ կսպասեր, որ այդ անմեղ լուրիկը փոթորիկ կառաջացնի համացանցում։



Ֆեյսբուքյան ակտիվիստները, գուցե Արեն Մկրտչյանի «ֆաները» նախ այդ տեղեկատվության տակ հարյուրավոր քոմենթներ գրեցին ու անարգանքի սյունին գամեցին մեզ՝ «ինչպես եք համարձակվել, մարդն ընդամենը սուրճ է խմում՝ չի թալանում», «բա լա՞վ է, որ մինչեւ գիշեր աշխատում են», ««աչքներդ էլ է հանում» եւ նմանատիպ այլ գրառումներ՝ համեմված տպագրության ոչ ենթակա հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Իրենք գրեցին, իրենք ուռճացրին մեր արածը, այնքան գրեցին, որ մեզնից անկախ լուրն ընկավ թոփ-լուրերի ցանկը, հայտնվեց ֆեյսբուքում շատերի պատին։ Իսկ հաջորդ օրը որոշեցին, որ եկել է «Հրապարակը մերժելու» ժամանակը։ Տառասխալներով մի ֆաշիստական գրություն տարածեցին Lili Minasyan օգտատիրոջ էջից, որտեղ 3 կետով ձեւակերպել էին իրենց բողոքը․ «Ճ-կլասսի վերնագրերով նյութեր, ապատեղեկատվություն, ոչ օբյեկտիվ քննադատություն» եւ կոչ էին արել «տարածել այս գրառումը, հանել ՖԲ էջից լայքը, ռեփորթ անել ՖԲ էջը» եւ վերջում սպառնալիք՝ «կայքի հարցերը կլուծենք հաջորդիվ»։



Կարելի էր սրան վերաբերվել որպես հերթական մանկամտություն պարապ մնացած ջահելների կողմից, մի կուշտ ծիծաղել այս փորձերի վրա՝ հիշեցնելով, որ նման փորձեր «Հրապարակի» դեմ անցյալում բազմիցս ձեռնարկվել են եւ ձախողվել, բայց քանի որ նախաձեռնողները Քաղպայմանագրի եւ «ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամներ էին, որոնք այս իշխանության հիմնական հենարանն ու պայքարող ուժն են, որոշեցինք արձագանքել։



Նախ ասեմ, որ մամուլի դեմ արշավի համարձակություն ունեցողները պետք է գոնե տարրական գիտելիքներ ունենան մամուլի մասին եւ առհասարակ՝ գիտելիքներ։ Հակառակ դեպքում՝ «ճ-կլասսի» վերնագրերից բողոքողն իրավունք չունի «ճ-կլասի» տեքստ գրի եւ բարձր մակարդակ պահանջի լրատվամիջոցից։ Անշուշտ, ֆեյսբուքում բարձր մակարդակ ակնկալելն անիմաստ է, բայց գոնե մարդը պետք է հասկանա, որ հոդվածների վերնագրերի խնդիրը բարձրացնելը նույնն է, որ խոսես դպրոցում «պատմություն» առարկայի դասավանդման մակարդակից եւ թիվ մեկ խնդիրը համարես 5-րդ դասարանի պատմության դասագրքի կազմի գույնը։ Ի դեպ, այս կետն ավելի քան ծիծաղելի էր, քանզի մեր ընթերցողները հակառակը՝ բողոքում են մեր նյութերի ակադեմիական վերնագրերից եւ մեզ մեղադրում են «սուր վերնագրեր դնել չկարողանալու» համար։



«Ապատեղեկատվություն» կետին դեռ կանդրադառնամ, հիմա խոսենք երրորդի մասին՝ «ոչ օբյեկտիվ քննադատություն»։ Հենց այս կետն է բացահայտում այս գրության հեղինակների մտադրությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը, գիտելիքների մակարդակը։ Սա ֆաշիզմ է, բռնապետությանը բնորոշ թեզ։ Բա էս աղջկա ու նրան ուղղորդողների կողքին մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ ասեր՝ էդ կետը հանեք, ամոթ է, դա հակասահմանադրական է, նման բան անգամ Սերժ Սարգսյանն իրեն թույլ չէր տալիս հայտարարել։ Որովհետեւ օբյեկտիվ քննադատություն պահանջելը նույնն է, որ պահանջես չքննադատել առհասարակ, որովհետեւ քննադատությունը միշտ տվյալ անձի սուբյեկտիվ հայացքն է, նրա տեսակետը, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր անձ կարծիք, տեսակետ հայտնելու, այն տարածելու իրավունք ունի։ Եթե դուք երեկ-մեկէլ օրը եկել եք իշխանության եւ որոշել եք հակասահմանադրական կարգեր հաստատել երկրում՝ ասեք իմանանք։ Չքննադատել, չգրել, ազատ չարտահայտվել չենք կարող, բայց թերթը փակել- գնալ, օրինակ, այգի մշակել, կարող ենք։ Եթե եկել են ազատ մամուլը ճնշելու ժամանակներ, ավելի լավ է պատվով հեռանանք ու սպասենք մինչեւ կգան մամուլի համար ավելի բարենպաստ ժամանակներ՝ երբ հանգիստ կկարողանանք աշխատել՝ գրել այն, ինչ զգում ենք, արտահայտվել այնպես, ինչպես ուզում ենք՝ առանց հետ նայելու, թե հայ՝ Նիկոլ Փաշինյանը ոնց կընդունի, հայ՝ Արարատ Միրզոյանը ինչ կասի, կամ՝ ֆեյսբուքում մի 200 ընկեր ունեցող Lili Minasyany` ինչ կոչերով հանդես կգա։



Ի դեպ, այս աղջկա պաստառը ֆեյսբուքյան իր ընկերները լայնորեն տարածեցին՝ համեմելով տարբեր մեկնաբանություններով։ Եւ ինչպես պատահում է նման դեպքերում՝ արագորեն սկսվեց մամուլի եւ, մասնավորապես, «Հրապարակի» դեմ իսկական արշավ։ Ով որ թվին, ինչ առիթով հայտնվել էր մեր տեսադաշտում եւ քննադատվել, ով՝ երբեւէ որեւէ հոդված էր կարդացել «Հրապարակում», որի վերջին տողի նախավերջին բառն իրեն դուր չէր եկել, ով հարեւան-բարեկամից ինչ զրպարտություն ու բամբասանք լսել էր մեր մասին սկսեց գրել ու տարածել։ Չար, թունոտ մենկաբանություններ արվեցին, որոնց մեջ ոչ մի օբյեկտիվություն, ճշմարտություն չկար, որոնք ոչնչով պատճառաբանված չէին։ Բնական է՝ իրենց թվաց «Հրապարակն» ընկել է եւ նրան խփելու ժամանակն է։ Բայց եթե մեր համակիրների ու ընթերցողների մի մասը լռեց, քանի որ չարացած ու ադեկվատությունը կորցրած մարդկանց հետ վիճելը բարդ է, բայց մի մասն էլ սկսեցին գրել ու արտահայտվել։



Բայց «Հրապարակը» պաշտպանության կարիք չունի, պաշտպանության կարիք ունի ազատ խոսքը, որից նահանջը հետհեղափոխական շրջանում ավելի ու ավելի ակնառու է դառնում։ Մարդկանց չգիտես ինչու թվաց, թե հեղափոխությունն արվել է, որ իշխանություն ստացած անձինք դառնան անձեռնմխելի, եւ նրանց հասցեին միայն ցածրակարգ պաշտամունքն ու անհուն սերն է թույլատրելի։ Ով հիմա ասում է՝ Նիկոլ Փաշինյանի օգնականը աշխատանքի ժամին սրճարան է գնացել, «ՀՀԿ-ի պատվերն է կատարում», «ծախու» է, «վտանգավոր», «մերժվելու» ու փակվելու արժանի։ Ուշագրավ էր, որ այս աղմուկին գրեթե բոլորը արձագանքեցին, բացի նորանշանակ պաշտոնյաներից՝ կասկածի տեղիք տալով, որ այս արշավը կամ կազմակերպվում, կամ ուղղորդվում ու թաքուն խրախուսվում է նրանց կողմից։ Ինչպես օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ հեռուստաընկերություններ «հակապետական գործունեություն» են ծավալում եւ բոլոր հեռուստաընկերությունները, չիմանալով թե ում մասին է խոսքը, «անհրաժեշտ հետեւություններ» արեցին այդ խոսքից, այնպես էլ «Հրապարակի» նկատմամբ գրոհը կզգաստացնի այն հատուկենտ ԶԼՄ-ներին, որոնք համարձակվում են թերություններ ու վրիպումներ տեսնել իրենց աշխատանքում։



Հիմա դառնանք՝ «ապատեղեկատվությանը, բամբասանքին, ստերին», որի մեջ մեղադրում են մամուլն ու մեզ, նկատեք՝ ոչ մի կոնկրետ օրինակ չբերելով։ Հեղափոխության եւ հետհեղափոխական շրջանում ինչպես կրքերը բորբոքվեցին, այնպես էլ կեղծ-լուրերի՝ «ուտկաների» հեղեղ թափվեց։ Առհասարակ, բոլոր քննադատողները պետք է իմանան, որ ոչ մի լրագրող չի ուզում եւ նրան ձեռնտու չի սուտ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելը։ Դա շատ է վնասում եւ իր՝ որպես լրագրող հեղինակությանը, եւ լրատվամիջոցի։ Այդ լուրերի սկզբնաղբյուրը լրագրողները չեն, այլ հասարակությունն է, քաղաքական շրջանակները, իշխանությունը։ Ոմանք միտումնավոր, ոմանք ակամայից տարածում են այդ լուրերը՝ օգտվելով լրագրողների դյուրահավատությունից, սենսացիոն լուր գրելու մղումից, երբեմն անտեղյակությունից։ Հենց Ֆեյսբուքը կեղծ լուրերի, բամբասանքի, ապատեղեկատվության մեծ դարբնոց է։ Եւ ՖԲ-ում մեր դեմ արշավ սկսած օգտատերերը, որոնք ճշգրիտ լուրեր են մեզնից պահանջում, մեծ մասամբ իրենք են բամբասանք ու կեղծ տեղեկատվություն տարածում։ Միայն այն, թե ինչքան անհիմն էին մեզ ուղղված մեղադրանքները, շատ բան է ասում։ Ով որ լրատվամիջոցում ինչ կարդացել էր վերագրում էր մեզ։ Ով ինչ չգիտեր, չէր լսել, չէր հասկացել՝ մենք էինք մեղավոր։ Մինչդեռ՝ եթե ուշադիր լինեք կնկատեք, որ մեր լուրերի չնչին մասն է միայն հերքվում։ Դրանք հիմնականում հաստատվում են։ Ամբողջ լրատվական դաշտը սնվում է «Հրապարակի» հոդվածներից՝ մամուլի տեսություններ են անում, ֆեյսբուքում են տարածում, ցիտում են տարբեր հոդվածներում։ Այդ մենք ենք նաեւ վերջին 10 տարվա մեջ ապահովել ազատ խոսքի իրավունքը մեր երկրում եւ բնականաբար՝ օգտվել այդ իրավունքից։ Նաեւ «Հրապարակի» գոյությունն է հիմք տվել, որ մեր իշխանություններն ամենուրեք հայտարարեն, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։



Վերջապես, եթե մեր թերթում ինչ որ բան դուր չի գալիս, դրա դեմ քաղաքակիրթ պայքարի մեթոդներ կան․



1. Չկարդալ մեր թերթը-կայքը։ Այն մասնավոր ձեռնարկ է՝ մի խումբ լրագրողների եւ հեղինակների աշխատանքի արդյունքը, որտեղ հրապարակվում են կոնկրետ անձանց հեղինակային նյութեր։ Մենք չենք հավակնում լինել լավագույնը, լինել մամուլի էտալոն։ Վստահ ենք՝ էտալոնային թերթ չի կարող հրապարակվել մի երկրում, որտեղ բազում խնդիրներ կան եւ մամուլը՝ որպես բիզնես շատ մեծ դժվարություններ ունի։

2. Հերքում պահանջել կամ պատասխան ուղարկել՝ եթե կա ապատեղեկատվություն կամ վրիպակ։ Կրկնեմ՝ մենք շատ քիչ հերքումներ ենք ստանում։ Իսկ երբեմն «հերքում» են ակնհայտը, կամ այն, ինչ օրեր անց իրականություն է դառնում։

3. Դիմել դատարան՝ դրամական փոխհատուցման կամ հերքման պահանջով։ Մենք նման դատական պրոցեսներ շատ ենք ունեցել՝ մեծ մասում հաղթել ենք, մյուսներով հաշտության ենք գնացել կամ եթե դատարանը գտնվել է ճնշման տալ՝ կոմպրոմիսային հերքման տեքստ են սահմանել՝ հրապարակելու համար։



Սրանից դուրս ցանկացած դրսեւորում խոսքի ազատության սահմանափակում է, ճնշումներ՝ հոգեբանական, ֆինանսական, այլ բնույթի եւ պետք է մերժվի հասարակության ու հատկապես՝ իշխանության կողմից։ Եւ եթե իշխանությունն ու հասարակության ակտիվ հատվածը դա չի անում, մենք ստիպված կլինենք մեր իրավունքները պայքարել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով։ Մենք Կորեայի վերածելու երկիր չունենք։



**Արմինե Օհանյան**