Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում․ աշխատակիցները գործադուլը շարունակում են

Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում․ աշխատակիցները գործադուլը շարունակում են
Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողները շարունակում են առավոտից սկսած իրենց բողոքի ակցիան՝ պահանջելով տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։



Քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ **Թեհմինե Վարդանյանը**, որը նախկինում եւս անդրադարձել է բուժհիմնարկներում տիրող իրավիճակին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ հիմնականում գինեկոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներն են ակցիա իրականացնում։ Ավագանու անդամին նրանք հայտնել են, որ պոլիկլինիկա են այցելել ոստիկանները, ասել են՝ ինչո՞ւ եք գործադուլ անում, Ձեզ ո՞վ է թույլ տվել․ «Գործադուլը շարունակվում է, հիմնականում գինեկոլոգիական բաժանմունքն է, միանում են նաեւ այլ աշխատակիցներ։ Տնօրենի եղբայրն էլ եղել է «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն, իրենց մոտ արդեն ընտանեկան բիզնես է, այդ ՍՊԸ-ն վարձակալությամբ տարածք է տրամադրել «Սեբաստիա» բժշկական կենտրոնին, որի տնօրենը «Երեւան» ԲԿ-ի նախկին տնօրենն է, որը փակվել է եւ աշխատողները գործազուրկ են ու էլի տարածքներ կան, որ ՍՊԸ-ն վաձակալությամբ է տվել։ Գլխավոր հաշվապահն էլ կարծեմ իրենց բարեկամն է»։



Վարդանյանի խոսքով՝ բուժաշխատողնեը շարունակելու իրենց բողոքի ակցիան։



Պոլիկլինիկայի տնօրեն **Սամվել Սարգսյանն** էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականը պահանջում են աշխատակիցների 1,5 տոկոսը․ «Շուրջ 387 աշխատակցից 7-8 գինեկոլոգներ իրենց մանկաբարձների հետ, որը կազմում է մեր ընկերության աշխատակազմի 1,5 տոկոսը։ Ես կարծում եմ, որ մանկաբարձ-գինեկոլոգները խուսափում են իրենց պարտականությունները օրենսդրությամբ սահմանված կատարելուց։ Մարդիկ օգտվում են մեր հանրապետությունում տիրող իրավիճակից եւ ուզում են սեւը սպիտակի հետ խառնել»։



Ճշտող հարցին՝ ոստիկաններ այցելե՞լ են այսօր իրենց, տնօրենը նշեց, որ քննություն է գնում եւ այդ գործի շրջանակում այցելել են ոստիկաններ, այսօր եւս։



Նշենք, որ դեռ անցած ամսվա վերջին «Ելք» խմբակցության ավագանու անդամները կրկին այս պոլիկլինկայում էին՝ բուժաշխատողների ահազանգով։ Վերջիններս նշել էին, որ պոլիկլինիկայում չարաշահումներ կան, մասնավորապես՝ իրենց աշխատավարձերից տոկոսներ են պահվում կոմունալ վճարումների համար, սոնոգրաֆիայի եւ մամոգրաֆիայի սարքավորումները չեն աշխատում։



**Աննա Պապիկյան**