Փոխենք աշխարհը՝ գունազարդելով այն

Փոխենք աշխարհը՝ գունազարդելով այն
«Նարեկացի» արվեստի միությունն իր հյուրըկալ հարկի տակ էր համախմբել մտավոր խնդիրներ ունեցող պատանիներին «Փոխենք աշխարհը` գունազարդելով այն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի շրջանակներում:



Ցուցասրահում ներկայացված էին «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության ներառական խմբակի անդամների գունավոր երազանքները, ներաշխարհի հուզականությունն ու պոռթկումներն արտացոլող լուսանկարները: Խմբակի սաներին լուսանկարչական արվեստի գաղտնիքներին ծանոթացրել է լուսանկարիչ, ծրագրավորող Արկադի Քալանթարյանը: Փոքրիկ լուսանկարիչներն իրենց կատարած աշխատանքների համար պատվոգրեր և էլեկտրական շրջանակներ նվեր ստացան:



-Մեր դռները միշտ բաց են ձեզ համար: Դուք յուրաքանչյուրդ այս նկարներում ներդրել եք պատմություններ, որոնք մեզ համար հետաքրքրական են: Ցանկանում ենք՝ միշտ ստեղծագործեք, և որպես լուսանկարիչ ձեր ուրույն տեղն ունենաք լուսանկարչական արվեստի բնագավառում,- նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և ցուցահանդեսի հեղինակ լուսանկարիչներին միության խորհրդանշանով կավե նռներ նվիրեց:



Ողջունելի է նմանատիպ նախագծերի առկայությունը մեր երկրում, որոնք հրաշալի հնարավորություն են տալիս ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ինտեգրվել հասարակության մեջ, նոր ճանապարհներ բացում նրանց համար։ «Նարեկացի» արվեստի միությունը, առաջնային համարելով հաշմանդամություն ունեցող ստեղծագործող երեխաների ներկայացվածութունը, ստեղծում է բոլոր հարմարությունները, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ իրենց կատարած աշխատանքներով: Նրանք էլ իրենց գունավոր երազանքներն իրականացնելու, ազատ ստեղծագործելու և իրենց արվեստը ներկայացնելու համար հավասար պայմաններ ունենալու իրավունք ունեն։



**Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ**