Չչափազանցել

Չչափազանցել
Ֆեյսբուքում մի գրառում կարդացի. «Խուզարկել են Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատունը, հայտնաբերվել է Խաչատուր Աբովյանը»: Իրոք, երբ բանը հասնում է կատարյալ աբսուրդի, դժվարանում ես մոտիվացիան հասկանալ: Լրատվամիջոցներից մեկն, օրինակ, [գրում](https://www.lragir.am/2018/06/24/358864/) է, որ Մանվել Գրիգորյանը Հադրությում եւ Մարտակերտում այնքան էր «տարված թալանով, որ իր հրամանատարության տակ գտնվող ուժերը սարսափելի կորուստներ էին կրում ռազմի դաշտում»:



Հադրութում պատերազմի տարիներին չեմ եղել, գուցե այնտեղ թալանելու բան կար, բայց Մարտակերտի մասին կարող եմ վկայել, որ հայկական ուժերն ազատագրում էին մեկ տարի առաջ հակառակորդից գրավված բնակավայրեր, որոնք մինչեւ վերջին թելը կողոպտել էին ադրբեջանցիները: Այդ գյուղերում՝ Չլդրանում, Դրմբոնում, Վաղուհասում, Հաթերքում, Մեծ շենում, Մատաղիսում եւ Թալիշում հատուկենտ տներ էին կանգուն մնացել, ամայությունից եւ ավերակներից ի՞նչ պիտի թալաներ Մանվել Գրիգորյանը: Իսկ հաջորդ պնդումն ուղղակի երեւակայության ոլորտից է. «…Մարտակերտում նա տապալեց մի օպերացիա, որով ծրագրված էր հայկական ուժերը դուրս բերել Միր –Բաշիրի եւ Թարթառի ուղղությամբ»:



Հեղինակն այնքան է անտեղյակ, որ չգիտի, որ Միր-Բաշիրը եւ Թարթառը նույն քաղաքի տարբեր՝ խորհրդային եւ հետխորհրդային անվանումներն են: Իսկ թե ինչպե՞ս է զորամասերից մեկի հրամանատարը տապալել ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված ռազմագործողությունը եւ մնացել անպատիժ՝ մնում է առեղծված: Չի կարելի չափազանցել, ընկածին վերագրել երկրային եւ երկնային բոլոր մեղքերը: Թե չէ ֆեյսբուքայն օգտատիրոջ գրառումը կդադարի հումոր լինելուց: