Ֆսյո, մոռացեք Մանվել Գրիգորյանին, գնում ենք առաջ

Ֆսյո, մոռացեք Մանվել Գրիգորյանին, գնում ենք առաջ
«Ցուլը որ ընկնում է, դանակավորները շատանում են, այսօրվա վայնասունը, որ դրել են, այդ ճառերը, որ ասում են՝ սկսած երբեմնի իշխանություն կազմած մարդկանցից, ՀՀԿ-ից կամ ուղղակի հասարակական գործիչները, ես ուղղակի ապշում եմ այս մարդկանց ճկունության վերաբերյայլ։ Ի՞նչ է դուք չգիտեիք։ Պարտադիր չէր, որ այս քրեական գործով հստակ մանրամասները իմանայիք։ Այ, երբ մենք բարձրացնում էինք որոշակի հարցեր առհասարակ Մանվել Գրիգորյանի աշխատելաոճի վերաբերյալ եւ ոչ միայն իր, այլ նաեւ իրեն զուգահեռ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ, քար լռություն էր։ Հիմա այդ վայնասուն դնողները չհամարձակվեցին ասել՝ էդ ինչ եք ասում»։



Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ **Գագիկ Սարուխանյանը**՝ խոսելով օրեր առաջ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ առաջացած սկանդալի մասին։ Մեր զրուցակցի խոսքով՝ հաջորդը լինելու է Սաշիկ Սարգսյանը, եւ ինքն իր ընկերների հետ պայքարը շարունակելու է. «Երբ Մանվել Գրիգորյանը Սերժին ասեց՝ մեխն էլ ա ձեռդ, չագուչն էլ, էդ ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում ասեց՝ կան մի խումբ ազատամարտիկներ, ովքեր նվնվում են։ Հասկանո՞ւմ եք՝ այն ժամանակ չեղավ մեկնումեկը, որ ասեր՝ պարոն նախագահ, այդ տղաները նվնվացողներ չեն, այդ տղաները ճիշտ հարց են բարձրացնում։ Ես Մանվել Գրիգորյանի մասին խոսել չեմ ուզում, ես հիմա շարունակում եմ առաջ ընկնել։ Այ հիմա վայնասուն դնողները թող գան իմ հետեւից, հաջորդը Սաշիկն ա, դե խոսեք, թե սպասում եք, որ նորից ընկնի, դանակներն առնեք, գնաք։ Ես եւ իմ ընկերները միշտ պայքար ենք տարել սրիկայության, տականքության դեմ, այ տենց էլ լինելու է»։



Անդրադառնալով Մավել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու կոչերին՝ Սարուխանյանն ասաց․ «Ինչի՞ էին տվել սկզբում, որ հիմա էլ զրկեին։ Տվել եք, լավ եք արել, հիմա էլ դատում եք, լավ եք անում, զրկելը ո՞րն ա։ Էդ ինչ հեքիաթներ ա, որ զրկեցիք, հա ի՞նչ։ Ծիծաղելի եմ համարում դա, որպեսզի էն մեկին էլ չզրկեք էն բաներից, կոնկրետ ասում եմ՝ սա թողեք քննչական մարմիններին, ֆսյո, մոռացեք Մանվել Գրիգորյանին, գնում ենք առաջ։ Սաշիկ Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ո՞վ ա գալի իմ հետ։ Ժամանակին պետք չէր այդ մարդուն հերոսի կոչում տալ, ասում էին՝ կռվի դաշտում սենց բաներով ա զբաղվում, բայց մարդուն հերոսի կոչում որ տալիս են, հո չե՞ն տալիս մի դրվագի համար, առհասարակ ուսումնասիրում են նրա բարոյական կերպարը»։



Գագիկ Սարուխանյանը, խոսելով իր մասնակցության վերաբերյալ Կարեն Գրիգորյանի դեմ պայքարին, նշեց․ «Իմ մասնակցության իմաստը նրանում էր կայանում, որ ես՝ որպես քաղաքացի չեմ տարանջատում, եթե այդտեղ գնում է հայ քաղաքացու զարթոնք, վերելք, ես ուղղակի կողքը կանգնում եմ։ Նույն քաղաքացին նաեւ մեղավոր ա, որ ժամանակին թույլ ա տվել կեղծիքներով քաղաքապետ անցկացնել, ինչպես որ ես եմ մեղավոր։ Թույլ ենք տվել Ռոբերտի նմանին, Սերժիկի, Լեւոնի նմանին, որ էսօր պայքարի, հեղափոխության միջոցով հասանք հաղթանակի։ Ուղղակի նա է տարբերությունը, որ 30 տարվա մեջ մեծացավ մի սերունդ, որը վախերից հեռու է, քան մեր սերունդը»։



**Աննա Պապիկյան**