Չղջիկները՝ հեղափոխության փեշի տակ

Չղջիկները՝ հեղափոխության փեշի տակ
ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի ղեկավարած բուհի գիտական հրապարակումները գերազանցում են Գյումրիում գործող երեք բուհերին միասին վերցրած: 2006-ից նրա հրատարակած «Արվեստ եւ ժամանակ», «Հայացք Գյումրուց» ամենամյա ամսագրի պատվավոր խորհրդականներն են եղել Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Արաքս Սարյանը:



ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ նա կազմակերպել է տասնյակ գիտաժողովներ՝ «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը եւ Գյումրին», «Մշակույթների երկխոսություն», «Հայ-ռուսական մշակութային կապեր», «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը»։ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի եւ մյուս երեւելիների հոբելյաններին նվիրված գիրք-հանրագիտարանները տպագրվել են զուտ գյումրեցիների ուժերով՝ Վահան Թոփչյանի գրաֆիկայի նրբագույն զգացողությամբ արված տիտղոսաթերթերով եւ էջային ձեւավորումներով, Համազասպ եւ Արամ Պիճիկյանների պոլիգրաֆիկ ոսկերչական լուծումներով, խմբագրական փայլուն աշխատակազմով:



ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ Կարինե Ավդալյանի հրավերով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Գյումրի են ժամանել 15 հազարից ավելի երաժիշտ կատարողներ։



2009 թվական։ Էդվարդ Միրզոյանը գրում է. «Հղում եմ իմ օրհնությունը մրցույթի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ոգեւորությունս մեծ է»:



Պատմում է **Կարինե Ավդալյանը**․ «2014 թվական. մեծ ջանքերի գնով ինձ հաջողվեց աշխարհահռչակ հինգ առաջատար տենորներից մեկին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Զուրաբ Սոտկիլավային հրավիրել Գյումրի՝ վարպետության դասերի:



2016 թվական. Ապրիլյան քառօրյան բոլորիս թեւաթափ արեց: Փառատոնը նույնպես չէր կարող թեւաթափ չլինել։ Իմ անձնական հրավերով Գյումրի ժամանեց անվանի օպերային երգչուհի, պրոֆեսոր Լյուբով Կազարնովսկայան: Նա ծնկի իջավ դրամատիկականի բեմին, երգեց ի հիշատակ զոհված հայորդիների։ «Ես հասկանում եմ այս երկիրը, ես Ձեզ հետ եմ»,- ասաց երգչուհին՝ արցունքն աչքերին: Մի քանի օրից նա մեկնեց Արցախ:



2017 թվական. «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնին հրավիրված էր ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի, պարի ակադեմիական անսամբլը: Ի ցավ բոլորիս՝ երաժիշտներն ավիաաղետի զոհ դարձան: Մենք, ի հիշատակ զոհված արվեստագետների, 9-րդ մրցույթ-փառատոնում հիմնեցինք նոր անվանակարգ՝ «Զինվորական երգչախումբ եւ նվագախումբ»: Գյումրի ժամանեցին հրաշքով կենդանի մնացած Իգոր Ռաեւսկին եւ Բորիս Դյակովը:



2018 թվական. Իմ հրավերով առաջին անգամ Գյումրին հյուրեր ընդունեց Կեմերովոյից: Բեմի վրա Կեմերովոյի արվեստի պետական ինստիտուտի արվեստի բաժնի դեկան Նինա Շորոխովային հանձնվեց Կապանի արվեստի դպրոցի սան Արփի Ավագյանի «Գարուն» ստեղծագործությունը, որը խնդրեցինք փոխանցել Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ մահացած 10 տարեկան աղջկա մայրիկին:



«Վերածնունդ» միջազգային փառատոնի հայտնի երաժիշտ կատարողների, ժյուրիի անդամների անունները թվարկելն անշնորհակալ գործ է, քանի որ մեղք կլինի նրանցից թեկուզ մեկնումեկին չհիշատակելը»:



Տեղատվությունից հետո տիղմը միշտ ջրի երեսին է մնում. լյումպենները համակարգը «մաքրելու» ֆարս են իրականացնում Գյումրիում: Կարինե Ավդալյանը, իհարկե, համագործակցել է «Փյունիկ» հիմնադրամի եւ Լեւոն Սարգսյանի հետ ո՛չ թաքուն, ի տարբերություն նրա դեմ այսօր պայքարողների: Եթե ունեին մի քիչ համարձակություն, թող ռեկտորի հրաժարականը պահանջեին ռեժիմի օրոք: Մեջքը կոտրած քաղաքում նա իրականացրել է ծրագրեր, որոնք պիտի աներ կա՛մ կառավարությունը, կա՛մ մշակույթի նախարարությունը, կա՛մ գոնե Կոմիտասի անվան մայր բուհը։ Չե՛ն արել կամ արել են մայրաքաղաքի համար: Կարինե Ավդալյանը նաեւ իր անձնական կապերի շնորհիվ, իմաստնության եւ արվեստը խորապես ընկալելու շնորհիվ իրականացրել է ծրագրեր, որոնք դեկլարատիվ չեն, շինծու չեն, «Արի տուն» կամ «Բազե» չեն… Այնպես որ, Կարինե Ավդալյան սուբյեկտը վտանգավոր չէ հետհեղափոխական ժամանակաշրջանի համար:



Հավելենք. շուրջ երեք տարի առաջ «Վերածնունդ» փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Մոսկվայից եւ Ստոկհոլմից անվանի երաժիշտներ: Եռամյա համագործակցությունը եւ երկարատեւ բանակցությունները Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինության հետ արդյունք տվել են՝ ռուս եւ շվեդ ներդրողների գործնական այցը Գյումրի նախատեսված է հունիսի վերջին: Գյումրեցիներին հայտնի «Սեւյանի պալատ»-ը, որը 19-րդ դարի կառույց է, կվերականգնվի ոչ միայն որպես հուշարձան, այլեւ Գյումրին կունենա համերգասրահ:



**Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ**



**Գյումրի**