Կարող եք նախնական ուրախանալ

Կարող եք նախնական ուրախանալ
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներին անել իրենց առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական եւ ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք արժանի են ընդգրկվել ցուցակներում եւ գտնվել պետության պաշտպանության ներքո:



Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով եւ պարբերաբար: Նպատակը՝ Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցները, որոնք բարձր են գնահատվում հայ եւ միջազգային մասնագետների կողմից, սիրված են մեր քաղաքացիների եւ հյուրերի կողմից, ներառել հուշարձանների պետական ցուցակում:



Հնարավո՞ր է «Այրարատ» կինոթատրոնի եւ «Զվարթնոց» օդանավակայանի շենքերը ներառվեն այդ ցանկում․ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ **Արմեն Աբրոյանն** ասաց․ «Հենց նման խնդիրների համար ենք հայտարարություն տվել։ Մենք ամբողջական պատկերը չունենք խորհրդահայ մոդեռնիզմի ճարտարապետության եւ որոշել ենք մոդեռնիստական մի շարք կառույցներ ընդգրկել հուշարձանների պետական ցուցակում, որոնք արժանի են լինել հուշարձան եւ գտնվել պետության պաշտպանության տակ։ Դա կլինի «Ռոսիան», «Զվարթնոցը», Կասկադը, հրապարակի մետրոն, թե այլ մի կառույց։ Մենք ուղղակի ուզում ենք, քաղաքացիների, մասնագետների կարծիքը հաշվի առնելով, մեր քայլն անել՝ որպես նաեւ քաղաքական կողմ, եւ ձեւակերպել դա որպես հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու մտահոգություն»։



Այսինքն՝ քաղաքացիներն արդեն կարո՞ղ են ուրախանալ, որ «Այրարատ» կինոթատրոնին կամ «Զվարթոնցի» շենքին այլեւս վտանգ չի սպառնում, քանի որ այդ կառույցները պետության պաշտպանության տակ են։ «Դեռ կարող են նախնական ուրախանալ, վերջնական առումով կուրախանան այն ժամանակ, երբ դրանք համապատասխան ընթացակարգով, նախարարության մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան։ Այսինքն՝ դեռ առաջարկները պետք է գնան գիտահետազոտական կառույց՝ ՊՈԱԿ, տեղում վավերագրվեն, տվյալ շինություններն անձնագրավորվեն եւ իրենց արժեքի առաջարկներն ունենան։ Այսինքն՝ դրանք դասվելու են հանրապետական նշանակությա՞ն, թե՞ տեղական հուշարձանների ցանկում, ի՞նչ շեշտադրությամբ, որո՞նք են հանդիսանում դրա արժեքները․ այդ բոլոր տվյալները պետք է անձնագրավորվեն, որից հետո ներկայացվեն նախարարությանը։ Այսինքն՝ բավականին մեծ գործընթաց է հետո սկսվելու»։



Հանձնաժողովը, որի կազմում լինելու են ոլորտի փորձառու մասնագետներ, բաղկացած է լինելու 19 հոգուց, որը ղեկավարելու է Արմեն Աբրոյանը․ «Մշտապես պատրաստ ենք եղել, քաղաքական կամքի դրսեւորման դեպքում, բոլոր հուշարձանները, որոնք կանձնագրավորվեն եւ կկոչվեն հուշարձաններ, ներառվեն տվյալ ցանկում»։ Ցուցակների համալրման գործընթացը փորձելու են իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջնահերթ դնելով մոդեռնիստական ճարտարապետության հարցը։



Կադրային փոփոխություններ եղան նաեւ մշակույթի նախարարությունում, մասնավորապես՝ ունենք նոր փոխնախարարներ, այդ ֆոնին ամենասպասվածը, թերեւս, Արեւ Սամուելյանի հրաժարականն էր։ Ինչպե՞ս է գնահատում այդ փոփոխությունները, հատկապես փոխնախարարների մակարդակով, եւ ի՞նչ կտան դրանք․ «Թույլ տվեք քաղաքական հարցերի չպատասխանել, որովհետեւ հասկանում եք՝ քաղաքական իրադրություն է փոխվել եւ քաղաքական պաշտոններ, եւ մենք հույս ունենք, որ պետք է շատ ավելի օպերատիվ աշխատենք եւ ավելի լավ արդյունքներ արձանագրենք։ Եվ այն կամքը, որ կա մեր ոլորտում՝ ավելի բարձր քաղաքական ղեկավարների կողմից, դա թույլ է տալիս, որ մեր գիտակցական մակարդակը բարձրանա, եւ մեր խնդիրները լուծվեն, որովհետեւ մեր խնդիրներն այնպիսին են, ինչպիսին ամբողջ աշխարհում՝ մշտապես պահպանության խնդիր, անկախ քաղաքականությունից»։



Ամեն դեպքում, սա կարելի է դրական քայլ համարել, քանի որ նախարարությունը պատրաստ է համալրել պետության ենթակայության տակ գտնվող հուշարձանների ցանկը, ինչը նշանակում է, որ պատասխանատվությունը հուշարձանների պահպանության մասով նախարարության կողմից ավելի է մեծանում։ Ինչ վերաբերում է դատախազությունում գտնվող 2014-16թթ․ հուշարձանների չարաշահումների գործերին, որի շրջանակներում նաեւ պաշտոնատար անձինք են ներգրավված, ապա Աբրոյանը նշեց, որ քննությունը դեռ իրավապահ եւ քննչական մարմիններում ընթանում է, բայց որեւէ արդյունքից ինքն անձամբ տեղյակ չէ։ Սակայն՝ «համոզված զգացում ունեմ, որ պետական բյուջեի վնասը պետք է վերականգնել»։



Այս օրերին աղմկահարույց ձեւով բացահայտվեցին շատ կոռուպցիոն դեպքեր, դեմքեր, հնարավո՞ր է նմանօրինակ հնչեղ բացահայտումներ լինեն նաեւ մշակույթի ոլորտում։ Աբրոյանը չի կարող ասել, «որովհետեւ քիչ թե շատ համակարգում եղել եմ, եւ տվյալ գումարները կապված են աշխատանքների ծավալների հետ, չեմ կարող համեմատել, բայց եղել են խնդիրներ, որոնք հասել են դատախազություն․ դրանք աշխատանքային գործընթացի չարաշահումներ են»,- ասաց նա։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**