Ինքնավստահությունն էլ պետք է խելամիտ լինի

Ինքնավստահությունն էլ պետք է խելամիտ լինի
Ելան-գնացին Նախիջեւանի սահման, իրենց աչքով տեսան, որ Արենի գյուղն ու Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը ադրբեջանցիների թիրախում են, եւ վերադարձան ու հպարտ-հպարտ հայտարարություններ արեցին ֆեյսբուքներում, թե բա՝ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան ներկայացվում է, թե ադրբեջանցիները ոչ մի տարածք էլ չեն վերադարձրել, պարզապես իրենց նախկին դիրքերն են հասել: Սրանց քթին թուրքերը մի անգամ էլ խփեցին` հրապարակելով կին սպայի լուսանկար, որտեղ՝ նրա կանգնած տեղից, երեւում են Արենի գյուղն ու ճանապարհը: Մերոնք էլի կռնակներին չեն ընկնում, համառորեն չեն ուզում հասկանալ, որ Ադրբեջանը (հիմա՝ նաեւ Նախիջեւանը) կատակ չի անում եւ պատրաստ է հերթական արկածախնդրության, որը եթե ուրիշ բան էլ չտա նրան, ապա մեզ վրա շատ թանկ կարող է նստել` նոր արյուն:



Շատ կցանկանայի, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաքվից հնչող հայտարարությունները մեկնաբանելիս ներթափանցեր նաեւ դրանց խորքը եւ չասեր բաներ, որ ասել է ապրիլյան պատերազմից առաջ` խաբելով մեզ, թե դրանք միայն հոխորտանք են, երազանք եւ այլն:



Հունիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասուլիսում հայտարարել էր, որ «օկուպացված տարածքների ազատագրմանը» ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է: Այդկերպ նա իր երկրի բարձրագույն ղեկավարությանը զեկուցել էր, որ նախագահի հրամանը` պատրաստ լինել պատերազմի, կատարված է: Իսկ ի՞նչ հետեւեց Հասանովի աղմկահարույց ասուլիսին Հայաստանում: Առնվազն` ոչինչ: Ոչ մի այնպիսի բան, որ գոնե մտածեինք, թե դա Բաքվի արձագանքն էր Նիկոլ Փաշինյանի` Մոսկվայից վերադառնալուն պես Արցախ կատարած կայծակնային այցի:



Ինչո՞վ է զբաղված Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը, ո՞ւր է արտգործնախարարը, ինչո՞ւ են այս տագնապի պայմաններում գլխավոր շտաբի պետի եւ ԱԽ քարտուղարի անուններն այնպես կորել նորանշանակ պաշտոնյաների անունների մեջ, որ չենք էլ կարողանում մտապահել: Լավ, մի՞թե կարելի է Ադրբեջանի նկատմամբ վարել բաց ձեռքերի այսպիսի անխոհեմ քաղաքականություն: Իսկ գուցե որեւէ մեկը երաշխի՞ք է տվել, որ մինչեւ ՀՀ ԱԺ ընտրություններ եւ նոր կատավարության ձեւավորում ոչ մի պատերազմ էլ չի լինի: Ոչ մի գնահատական` ո՛չ Ալիեւի եւ ո՛չ էլ Հասանովի հայտարարություններին: Միայն խրոխտ զեկույցներ ու մամուլ նետված անլուրջ մտքեր այն մասին, որ Ալիեւը կա՛մ վախենում է, կա՛մ էլ խուսափում է մեզնից: Պարոնայք, ինքնավստահությունն էլ պետք է խելամիտ լինի:



Չի բացառվում, որ Ադրբեջանն իր հերթական արկածախնդրությունը փորձի ներկայացնել որպես բնակության նախկին տարածքներ փախստականների վերադարձի գործողություն: Ի՞նչ ենք հակադրելու հակառակորդի այդ խորամանկությանը, եթե այսօր նրա ռազմատենչ հայտարարություններին որեւէ կերպ չենք արձագանքում: Նիկոլ Փաշինյանի վերջին քաղաքական հայտարարությունն Արցախում այն էր, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Հետո՞: Ո՞ր Արցախի մասին է խոսում ՀՀ վարչապետը` հասկանալի չէ: Պատահաբար դա այն տարբերակը չէ՞, որ Արցախին նախ տալիս են միջանկյալ կարգավիճակ, իսկ հետո որոշում են վերջնականը, այն է` Լաչինի պոչով Հայաստանի հետ կապված մի բան:



Հասկանալի է, որ ՊՆ-ում, ավանդույթի ուժով, շարունակում են սապոգի նման մտածել, բայց զարմանալի է, անշուշտ, որ ՀՀ ԱԳՆ-ն է լռում, երբ Բաքուն բացահայտորեն փախստականների վերադարձի սեփական ծրագրերն է որոճում: Ո՞վ պետք է Ալիեւին հիշեցնի, որ այդ հարցի հետ կապված՝ արդեն իսկ գոյություն ունեն բանակցային գործընթացում ձեւավորված բոլոր պատկերացումներն ու դրանց իրագործման մեխանիզմները, եթե, իհարկե, բանը հասնի փախստականների վերադարձին, որը, ի դեպ, միայն ազատագրված տարածքներին չի վերաբերում, այլ նաեւ Շահումյանին եւ այլ բնակավայրերի: Մեկը չկա՞, որ այս հասարակ բանը հուշի կառավարության նիստերին հաճելի տրամադրությամբ նստող, մշտաժպիտ մեր ԱԳ նախարարին:



Երկրի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության հոգսը մի կողմ դրած, խառնվել է կոռուպցիոն բացահայտումների շարժմանը: Եղբայր, երկրի պաշտպանությունը զորամասի հրամանատարություն չէ, որ ձեռքի հետ էլ ուրիշ գործով զբաղվես: Լինեինք Շվեյցարիա, հարց չկար, բայց մեր հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք, երբ որոշում են հարձակվել, չեն նայում` Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Գլխավոր շտաբի պետը բենզինի չարաշահում է հայտնաբերել… Չի կարելի այդքան ծիծաղելի դարձնել այդ բարձր պաշտոնը` ձեւացնելով, թե Հայաստանի եւ Արցախի սահմաններին ամեն ինչ նորմալ է: ՊՆ-ից մինչ օրս որեւէ մեկը հոդաբաշխ պատասխան չի կարողացել տալ` Նախիջեւանի սահմանին հակառակորդի ձեռնարկած վերջին քայլերը վտանգո՞ւմ են մեր սահմանամերձ գյուղերն ու միջպետական ճանապարհը, թե՞ ոչ։ Վերջապես խոսեք, հասարակությանը համոզեք, որ չեք եկել արյան գնով ձեռք բերվածը շան մսի գնով վերադարձնելու: