Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ պրոցեսներ արագացնել

Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ պրոցեսներ արագացնել
**Hraparak.am**-ի հարցերին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։



**- Պարոն Զուրաբյան, նոր կառավարության քայլերն արդեն տեսանելի են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն չարաշահումների բացահայտումներ։ Ըստ Ձեզ՝ միանշանակ ճի՞շտ են այն բոլոր գործողությունները, որոնք իրականացնում է կառավարությունը**։



Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղի է ունենում ժողովրդի իշխանության կայացման պրոցես, արդարության վերականգնման պրոցես։ Ես կարծում եմ, որ այն բացահայտումները, որոնց մենք ականատես ենք, սարսափելի են իրենց բովանդակությամբ եւ բնույթով։ Կարծում եմ, որ պրոցեսը շարունակական կլինի, եւ ակնհայտ կդառնա, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին 20 տարիներին։ Շատ դրական եմ գնահատում կառավարության գործունեությունն այս փուլում, եւ կարծում եմ, որ մեր հասարակությունը նույնպես դրական է վերաբերում այդ բացահայտումներին։ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։



**-Այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ-ում Դուք, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նրան հիշեցրիք ժամանակին Վանո Սիրադեղյանի գրած նամակը Վազգեն Սարգսյանին։ Ո՞րն էր այդ ուղերձի նպատակը։**



Բնականաբար, ես կարծում եմ, որ այս փուլում, երբ մարդիկ կատարում են հսկայական աշխատանք արդարության վերականգնման համար, որոշակիորեն կարող են վտանգված լինել։ Մենք ունենք դրա դառը փորձը։ Չեմ ուզում նաեւ ծավալվել այդ հարցի շուրջ, քանի որ ինչ ասվել է՝ ասվել է, եւ պետական մարմինները պրոֆեսիոնալ մակարդակով պետք է իրենց գործունեությունն իրականացնեն։ Պետք է մի քիչ զգույշ լինել, եւ դա արդեն իսկ պատկան մարմինների գործն է։



**-Ե՛վ հանրությունը, եւ՛ գործադիր իշխանությունը շահագրգռված են, որ որքան հնարավոր է՝ շուտ լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Ներկա քաղաքական իրողությունների պայմաններում ո՞րն եք համարում ԱԺ ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը։ **



Ես կարծում եմ, որ ժամկետը կապված է ընտրություններին առնչվող խնդիրների լուծման հետ․ դրանք են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որոշակի օրենսդրական կարգավորումներ, նոր հանձնաժողովների ձեւավորումներ, լիցենզավորված անձանց առկայություն, համապատասխան տեխնիկական միջոցների առկայություն, եւ այլն, եւ այլն։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է ինչ-որ պրոցեսներ արագացնել։ Ճիշտ ասած՝ այսօր դժվար է հստակ ժամկետ նշելը, բայց չեմ կարծում, թե ԱԺ ընտրությունները պետք է ուշանան։



**-Հաճախ է շեշտվում, որ անցած 20 տարիների ընթացքում քաղաքական դաշտը հետեւողականորեն փոշիացրել են իշխանությունները։ Այս դեպքում ՀՀՇ-ն ի՞նչ ձեւաչափով է պատրաստվում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին**։



Վաղ է ձեւաչափերի մասին խոսելը։ Կա մի պարզ խնդիր՝ ցանկացած իրավիճակ ծնում է նոր ձեւաչափեր։ ՀՀՇ-ն մաս է կազմել «Ծառուկյան» դաշինքին, կա դրական համագործակցություն, եւ այդ համագործակցությունը կարող է շարունակվել։ Բայց «Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղը կարող է ձեւավորել այլ ձեւաչափեր։ Մտահոգիչ է, որ քաղաքական դաշտը աղճատված է։ Կարծում եմ, որ այստեղ էլ, սկսած օրենսդրական կարգավորումներից մինչեւ քաղաքական հստակեցումներ կա լուրջ աշխատանքի կարիք։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, այն պատկերը, որ կա Հայաստանում։ Իսկ նոր ընտրությունները կձեւավորվեն մեր հասարակության կամքով, ոչ թե իշխանությունների։ Այդ առումով արդար ընտրությունները խիստ կարեւոր են, դրանք պետք է լինեն արդար եւ թափանցիկ։



**-ԱԺ- ն 77 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով իր համաձայնությունը տվեց ՀՀ գլխավոր դատախազի՝ գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը։ Այն մթնոլորտը, որ ձեւավորվել է վերջին օրերին Մանվել Գրիգորյանի շուրջ, կարո՞ղ ենք համարել օրինաչափ։**



Հանցագործություն էլ կա, հանցագործություն էլ։ Ես կարծում եմ, որ գեներալ Մանվելը անցել էր բարոյականության եւ մարդկայնության բոլոր սահմանները։ ԱԺ-ում ձեւավորված պատկերը հավանաբար հետեւանքն էր նրա, որ բոլորը կարծում էին, թե սա անընդունելի, դատապարտելի, սարսափելի իրողություն է։ Երբ մարդկային բարոյականությունը ստորադասվում է անսահման ագահությանը, դա արդեն չունի ոչ մի բացատրություն։



**-Հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել 2008թ․ մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ Մարտի 1-ը բացահայտելու նպատակով։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում Մարտի 1-ի գործով կլինեն սենսացիոն բացահայտումներ։**



Դա ՀՔԾ-ի քննությունն է, եւ ես կարծում եմ, որ այդ բացահայտումների առկայությունը կամ բացակայությունը կվկայեն, թե պատկան մարմինները ճի՞շտ են աշխատում, թե՞ ոչ։ Մարտի 1-ի բացահայտման պրոցեսը պետք է պարզ ու թափանցիկ լինի Հայաստանի քաղաքացիների համար, որովհետեւ Մարտի 1-ի հետեւանքով է զավթվել իշխանությունը։ Պետք է բացահայտվեն հրաման տվողները, կազմակերպիչներին, զորքը քաղաքացիական հասարակության դեմ հանողներին։ Եվ այդ ամենին պետք է տրվի իրավական եւ քաղաքական գնահատական։



**Թագուհի Հակոբյան**