Ավերածություններ Շիրակի մարզում

Ավերածություններ Շիրակի մարզում
Այսօր անակնկալ տեղացած կարկուտը Շիրակի մարզում ավերածություններ է արել, մոտ 30 րոպե տևած կարկուտից մասնավորապես տուժել են 3 համայնքները՝ Քեթիին, Փոքրաշենն ու Թորոսգյուղը։ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղի համայնքապետ Արտուշ Մանուկյանը **hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ ուժեղ անձրևն արդեն կեսօրին վերածվեց կարկուտի․ «Կարկուտը համարյա հալել է, հիմնականում Արտենիի տարածքի վրա է եկել, ցանքատարածություններ Թորոս գյուղում կան, գյուղացիները ցանել են ցորեն, գարի, վարսակ։



Վնասի չափը դեռւս հաշվելու ենք, երբ առավոտյան արևը զարկի, ամբողջությամբ հալի, նոր պարզ կդառնա, թե ինչ է։ Կներկայացնենք մարզպետարանի համապատասխան բաժին։ Գյուղը հակակարկտային կայաններ չունի։ Շիրակի մարզում կա Ախուրյանի տարածքում է, այլ տեղերում, բայց Աշոցքում չկա»։



Քեթիի վարչական տարածքի ղեկավար Թորգոմ Սահակյանն էլ տեղեկացրեց, որ այս անգամ գյուղը կարծես թե փրկվել է։ Կարկուտը ըեղացել է Քեթթի ոլորաններում, որտեղ ցանքատարածքներ գրեթե չկան։ Իսկ ահա Փոքրաշեն համայնքում պատկերը բոլորովին այլ է։ Վարչական տարածքի ղեկավար Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ափսոսանքով նշեց, որ գյուղում հակակարկտային կայան չկա, կարկուտն էլ եկավ Աշոցքից, որտեղ նույնպես կայան չկա, մինչդեռ հարևան մի քանի համայնքներում կայանները գործում են, եթե քամին կարկուտի ուղղությունը չփոխեր, հարևան գյուղերում տեղակայված հակակարկտային կայանները հնարավոր է օգնեին։



«Լորի ձևի մեծության կարկուտ էր։ Մոտավորապես 80 հա-ի կարգի ցանքատարածություն ունենք, որից 30-35 հա-ի կարգի տուժել են։ Առավոտյան ամեն ինչ պարզ կլինի, թե ինչքան կորուստ ունենք։ Կարկուտ միշտ էլ եղել է մեզ մոտ, բայց այսպիսի խոշոր մասշտաբի չէր եղել»,-ասաց Կարեն Վարդանյանը:



**Արևիկ Հակոբյան**