Եղեգիսը «բաժանվել» է ներկա և նախկին համայնքապետերի կողմնակիցների միջև

Եղեգիսը «բաժանվել» է ներկա և նախկին համայնքապետերի կողմնակիցների միջև
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններից հետո համայնքը բաժանվել է երկու մասի։ Այդ օրը համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Ստեփանյանը։ Մինչ այդ մի քանի համայնքներ միավորվել են, այդ թվում նաեւ՝ Շատին համայնքը։ **«Հրապարակ»** օրաթերթի խմբագրություն այցելած համայնքի ղեկավարի խորհրդական Թաթուլ Մաթեւոսյանն ու Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում են, որ ընտրությունները մաքուր են անցել, եւ Արթուր Ստեփանյանն արդար ընտրություններով է ընտրվել համայնքի ղեկավար։



Նրա հիմնական հակառակորդը եղել է Տիգրան Խուդոյանը, որը չի հաշտվում ընտրությունների արդյունքների հետ։ Տիգրան Խուդոյանը ժամանակին, մեկ տարի ժամկետով, եղել է Շատին համայնքի ղեկավարը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ ՀՀԿ անդամ է նաեւ Արթուր Ստեփանյանը։ «Հիմա Տիգրան Խուդոյանի կողմնակիցները խժդժություններ են ստեղծում՝ ճանապարհ են փակում, գյուղապետարանի լուսամուտներն են ջարդում, շրջափակում են գյուղապետարանի շենքը, պահանջներ են ներկայացնում։ Տիգրան Խուդոյանը ժամանակին կողմ էր, շահագրգիռ անձ էր, որ կառուցեն ՀԷԿ։ Հիմա ժողովրդին հավաքել է, լոզունգը փոխել, պահանջում է, որ համայնքի ղեկավարը հեռանա, «Արթուր, հեռացի՛ր» են վանկարկում»,- պատմում է Թաթուլ Մաթեւոսյանը։



Գործող համայնքի ղեկավարի դեմ պայքարի դուրս եկած Տիգրան Խուդոյանը, ըստ մեր զրուցակցի, ժամանակին սպառնալիքներով ՀՀԿ-ի համար մարդկանց ձայնն է գողացել։ Համայնքի ղեկավարը ասում է նաեւ, որ համայնքի ղեկավար եղած ժամանակ Տիգրան Խուդոյանը երկու մեքենա ունեցող քաղաքացու ընտանիքին տրամադրել է օգնություն, մինչդեռ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք չեն եղել իր կողմնակիցը, ոչ մի օգնություն չի հատկացրել։ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները, ըստ Թաթուլ Մաթեւոսյանի, նրանք են, ովքեր դեմ են, որ Քարագլուխ գյուղի բնակիչը Շատինում լինի համայնքի ղեկավար։



Գործող համայնքի ղեկավարի խորհրդականը որոշ ուշագրավ մանրամասներ էլ ներկայացրեց Տիգրան Խուդոյանի գործունեությունից։ Երբ Գուրգեն Արսենյանը հիմնում է իր Միավորված աշխատանքային կուսակցությունը, վերջինս անդամակցում է այդ կուսակցությանը։ Հետագայում, ըստ մեր զրուցակցի, նա անդամակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հետո էլ՝ ՀՀԿ-ին։ Լարված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով համայնք է այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, առաջարկել է, որ գյուղապետարանի աշխատակազմը տեղափոխվի որեւէ վարձով շենք, իսկ Խուդոյանի կողմնակիցների ներկայացուցիչը նստի գյուղապետարանի շենքում։



«Սուրեն Պապիկյանը տեղի տվեց անօրինական պահանջներին, ագրեսիային։ Իսկ դրանից հետո նրանք ավելի ոգեւորվեցին։ Իրենց առիթ էր պետք կոչերով միամիտ ժողովրդին ոտքի հանելու համար, եւ ինչ-որ առումով իրենք հաջողեցին»,- ասաց մեր զրուցակիցը։ Աշոտ Ղահրամանյանն էլ նշում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ինքն իր քվեն տվել է Տիգրան Խուդոյանին։ Մեզ հետ զրույցում, սակայն, նա նշում է, որ Արթուր Ստեփանյանը համայնքի ղեկավար է ընտրվել առանց խախտումների, հաղթել է։



Եվ հիմա, ըստ նրա, Տիգրան Խուդոյանի գործունեությունն արդարացված չէ։ Նրան տարակուսանք է պատճառում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի պահվածքը, քանի որ կարծում է, թե ցանկության դեպքում կարճ ժամանակում կարող էր հանգուցալուծել համայնքում ծագած խժդժությունները եւ առողջացնել մթնոլորտը։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ներկայացված բողոքների մասին արձագանքեց․ «Հարցը լուծվելու է օրենքի շրջանակներում։ Նախարարն ամբողջովին իրազեկ է խնդրին եւ հայտարարում է, որ հարցը լուծվելու է օրենքի շրջանակներում։ Կողմերից որեւէ մեկի նկատմամբ չկա հովանավորություն»։



**Թագուհի Հակոբյան**