Ի պատասխան գեներալ Աղաբեկյանի արձագանքին

Ի պատասխան գեներալ Աղաբեկյանի արձագանքին
Ցավոք, ուշ կարդացի Արթուր Աղաբեկյանի արձագանքը՝ մեր թերթում հունիսի 15-ին տպագրված հոդվածին՝ [«Գերխնդիրը դեմքը պահելն է»](https://www.hraparak.am/posts/5b23543ff0e18906e041ba29), հեղինակ՝ Կարեն Մելյան։



Չէի պատասխանի՝ համարելով, որ ցանկացած մարդ իրավունք ունի արձագանքել իր մասին գրված ցանկացած հոդվածի, եթե պատասխանն այդքան անհեթեթ ու վիրավորական չլիներ՝ ուղղված ե՛ւ հեղինակին, ե՛ւ լրատվամիջոցին։ Անկեղծ ասած՝ գեներալական ուսադիրներ կրող մարդուց ավելի վեհանձն պահվածք, ազնվություն եւ խելք էի սպասում։ Ֆեյսբուքյան ճղճիմ ու անանուն արձագանքներին վայել մի գրառում էր, որի հենց առաջին տողից սկսվում էր սուտն ու սխալը։



Պարոն Աղաբեկյանը չգիտես ինչու ենթադրել է, որ հոդվածի հեղինակը ֆեյք է՝ գոյություն չունեցող, անհայտ անձ եւ այդ սխալի վրա էլ կառուցել է իր հսկայական գրառումը, որի մի մասն անհասկանալի է, թե ինչով է կապված խնդրո առարկա հոդվածի հետ, մյուս մասում՝ առհասարակ չկան որեւէ հերքում-պնդումներ, երրորդ հատվածում էլ քծնանք է մի թերթի եւ բամբասանք ու վարկաբեկիչ արտահայտություններ՝ մյուսի հասցեին։



Հոդվածի հեղինակ Կարեն Մելյանը երկար տարիներ պաշտպանության համակարգում ծառայած սպա է, կոչումով փոխգնդապետ։ Բանակից զորացրվել է 2013 թվականին։ Բանակն անգիր գիտի, գիտի նաեւ բանակում ծառայած, քիչ թե շատ դերակատարում ունեցած բոլորին, այդ թվում եւ հատկապես՝ գեներալներին։ Ռազմական կապի եւ տեխնոլոգիաների մասնագետ է, վերջին տարիներին եւս զբաղվում է այդ գործով, բայց ոչ Հայաստանում՝ արտերկրում։ Որեւէ քաղաքական ուժի չի հարում, որեւէ խմբից չի սնվում, որեւէ մեկին հաճոյանալու կամ վնասելու շահ չունի։ Սրտացավ մարդ է, որն անհանգիստ է մեր երկրում կատարվող իրադարձություններով, հետեւում է դրանց եւ պարբերաբար [արձագանքում](https://www.hraparak.am/posts/5b0538194a13db06ca05e763)։



Եթե մի փոքր ուշադիր լինեիք, կամ՝ բարեհաճեիք իմացող մարդկանց հարցնել, կպարզեիք, որ նա բազմաթիվ [հոդվածների](https://www.hraparak.am/posts/5b1f64bcf0e18906e041b8f1) [հեղինակ](https://www.hraparak.am/posts/5afbe56eb3838a5582071894) է եւ պարբերաբար [հանդես](https://www.hraparak.am/posts/5b0e85cb15d850071328eee7) է գալիս «Հրապարակում»։ Իսկ քանի որ մեզ մոտ գրաքննություն չկա, իսկ դրսից բերված թղթակցությունները գրեթե չեն խմբագրվում՝ բառիս վատ իմաստով, ուստի կարող ենք ասել, որ Ձեր մասին հրապարակումը բացառապես ՀՀ քաղաքացի Կարեն Մելյանի կարծիքն է, իր ուսումնասիրությունների եւ իմացության արդյունքը։



Այս նախաբանից հետո մեր ընթերցողին եմ ուզում ներկայացնել գեներալ Աղաբեկյանի գրառման մի հատվածը, որտեղ լիովին բացահայտվում է հեղինակի դեմքը՝ նրա անհանդուրժողականությունը քննադատության հանդեպ, նրա ատելությունը՝ մամուլի հանդեպ, նրա նեղմտությունը եւ էգոիզմը՝ իր կարծիքից տարբերվող կարծիքի հանդեպ։ Ահա այն․



_«Հատուկ «Հրապարակ» թերթի խմբագրակազմին ասեմ, որ իրավիճակի մերօրյա զարգացումները ոչ թե անհանգստացնում, այլ հույս են ներշնչում: Համոզված եմ, որ մեր քաղաքացիները դուրս կգան ինֆորմացիոն բլոկադայից և կապրեն կանխատեսելի իրականության մեջ ու ձեր նմանները չեն կարողանա պատվերով հոդվածներով «կլիկներ» կպցնել՝ հարամ կոպեկ վաստակելու ակնկալիքով»:_



Դժվար է զսպել քեզ եւ չգրել՝ գեներալ, քեզնով մի դատիր «Հրապարակի» խմբագրակազմի մասին, «կոպեկ վաստակելն» էլ ձեզ՝ գեներալներիդ է բնորոշ, Մանվել Գրիգորյանի դեպքը ցույց տվեց, որ դուք անգամ բանակի ու զինվորի սնունդը գողանալուց չեք խորշում։ Կասեք՝ մի ընդհանրացրե՞ք, ես ու գեներալ Մանվելը տարբեր արժեհամակարգ ունե՞նք, կպատասխանեմ՝ մի ընդհանրացրեք՝ կոպեկ փախցնող լրագրողներ էլ կան բնության մեջ, բայց «Հրապարակի» մասին նման արտահայտություն անողը, եթե չասենք հիվանդ, ապա բանսարկու է եւ զրպարտիչ։ Ինֆորմացիոն բլոկադայո՞ւմ ենք պահում ձեզ՝ խնդրեմ, դիմեք իշխանություններին, թող ԱԱԾ-ն հատուկ վարույթ սկսի մեր դեմ՝ փառք Աստծո տեղեկատվություն ստանալու բոլոր միջոցներին տիրապետում է։ Եւ «հարամ կոպեկները» բացահայտի, եւ կեղծիքն ու պատվերը, եւ ճեղքի ձեր ինֆորմացիոն «բլոկադան»։



Մենք հասկանում ենք, որ Դուք նոր իշխանություններին Ձեր ծառայություններն եք առաջարկում՝ «Հրապարակին» խփելով ու Նիկոլ Փաշինյանին մեսիջներ ուղարկելով։



«Նիկոլ Փաշինյանի՝ ստվերի դեմ ուղղված պայքարին ավելի շուտ եմ միացել, երբ դուք ընդհանրապես տեղեկացված չէիք այդ պայքարի մասին անգամ, և մի փորձեք շփոթեցնել ՀՀ իշխանություններին ձեր «պապաներին» բացահայտելու գործում», գրել եք Դուք, մոռանալով, որ «պապաներ», հարազատ կուսակցություններ, «շեֆեր» դուք՝ իշխանության մեջ գտնվածներդ ունեիք եւ ունեք։ Իսկ մենք միշտ լրագրողական գործ ենք արել, մեր հոդվածների հիման վրա է նաեւ այս հեղափոխությունը հասունացել, եւ մեր թերթին քիչ թե շատ հետեւած մարդիկ գիտեն, որ մենք երբեք չենք եղել ոչ մի իշխանության կողքին, ի տարբերություն ձեզ։ Հիմա էլ իշխանության կողքին չենք, քանզի մամուլի տեղը իշխանության հակառակ ճամբարում է։ Եւ երբ մենք Սաշիկ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի մասին հոդվածներ էինք գրում եւ հայտնվում դատարաններում ու քննչական մարմիններում, այդ դուք՝ գեներալներդ էիք լռում ու ծառայում գործող իշխանություններին։



Հատուկ չեմ անդրադառնում ոչ Ձեր, ոչ Կարեն Մելյանի հոդվածի բովանդակային մասին, քանի որ նախ՝ դա հեղինակի գործն է՝ իր գրածն ապացուցելը, բացի այդ՝ հոդվածի փաստերի մեծ մասը նախկինում արծարծվել է մամուլում, նաեւ չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել։ Իսկ եթե ունեիք ասելիք, ապա ոչ թե պետք է վարկաբեկեիք ու վիրավորեիք, այլ օգտվեիք մամուլի դեմ օրենքների տրամադրած հնարավորություններից։



Պարզապես, զարմանալի է, որ օրեր առաջ ԶՈՒ շտաբի պետի մասին Ձեր գրառման արձագանքները՝ այդ հախուռն հարձակումները Ձեր վրա, Ձեզ ոչ թե հանգեցրել են այն մտքին, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու, այլ Դուք անհասցե ու անապացույց հարձակումների կողմնակիցն եք դարձել եւ անում եք այն, ինչ արել էին Ձեր հանդեպ Ձեր գրառումը չհավանած մարդիկ։



Եւ մի զարմանք էլ հայտնեմ․ ինչո՞ւ չեք արձագանքում տիկին Անահիտ Բախշյանի բազում գրություններին՝ «Մարտիկ» հիմնադրամի հետ կապված, իսկ այ Կարեն Մելյանի հոդվածը չգիտես ինչու արձագանքելու առիթ է դարձել։ Գուցե մամուլի դեմ հարձակվելն այսօր մոդայի՞կ է եւ, որպես կանոն, անպատիժ է մնում՝ դրա՞ համար։



Լավ չէ, գեներալական արարք չէ, պարոն Աղաբեկյան։



**Արմինե Օհանյան**