«Քաջարի» նախարար Զաքիր Հասանովը

«Քաջարի» նախարար Զաքիր Հասանովը
Ինչեր ասես, որ չի մոգոնում հակառակորդի քարոզչությունը: Մերթ «լիովին վերաբնակեցնում են ազատագրված Ջոջուք Մարջանլի գյուղը», մերթ շփման գծի երկայնքով ադրբեջանական դրոշներ են ծածանում, մերթ էլ հնարում, որ «վերահսկում են Լաչինի միջանցքը»: Վերջին հայտարարության հեղինակը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, որ հունիսի 20-ին հատուկ այդ նպատակով մամուլի ասուլիս է հրավիրել:



Նա տեղեկացրել է, որ «վերջերս Նախիջեւանի ԻՀ Շարուրի շրջանում ադրբեջանական բանակը հակահարձակողական գործողություն է իրականացրել, որի արդյունքում օկուպացիայից ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք, արդյունքում ադրբեջանական բանակը վերահսկում է Լաչինչ միջանցքը»: Հնարավոր է՝ դիրքային վերջին փոփոխություններից հետո ադրբեջանցիները հեռադիտակով տեսնում են Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ մայրուղու մի հատվածը, թեեւ դա էլ կասկածելի է: Բայց եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, ապա կարող ենք ասել, որ հայկական զինված ուժերը վերահսկում են Գյանջա, Նավթալան, Գերանբոյ, Թարթառ, Բարդա, Աղջաբեդի եւ Բեյլագան քաղաքներն ու հարակից բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, որովհետեւ նշված բոլոր բնակավայրերն ու հարակից տարածքները եւ տեսանելի են, եւ հրթիռա-հրետանային կրակի համար՝ հասանելի: Այդ դեպքում հարկ կլինի ասել, որ Արցախի Պաշտպանության բանակը վերահսկում է Ադրբեջանի տարածքի գրեթե կեսը:



Հասկանալի է, թե ինչ նպատակով է Զաքիր Հասանովը նման հայտարարություն անում: Ադրբեջանի համար ստեղծվել է փակուղային իրավիճակ, որտեղից միայն մեկ ելք կա՝ համաձայնել Արցախի հետ ուղղակի բանակցությունների տարբերակին: Բայց քանի որ Ալիեւը դրան պատրաստ չէ, մնում է հասարակությանը ներշնչել միլիտարիստական առասպելներ: Միեւնույն է, դրա համար Ադրբեջանում նրանից ոչ ոք հաշիվ չի պահանջելու: Ակնհայտ է նաեւ, որ դրան ոչ ոք նշանակություն չի տալիս: Իշխանությանը մնում է ինքնաբավարարվել «քաջարի» նախարար Հասանովի մտավարժանքներով: