Համայնքների ղեկավարների հրաժարականներ Կոտայքի մարզում

Համայնքների ղեկավարների հրաժարականներ Կոտայքի մարզում
Կոտայքի մարզում համայնքի ղեկավարները մեկը մյուսի հետեւից հրաժարականների դիմումներ են ներկայացնում: Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայքի վարչական ղեկավար Անդրանիկ Համբարձումյանը եւ Նոր Գյուղի վարչական ղեկավար Գրիշա Թադևոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։



Նշենք, որ Գրիշա Թադեւոսյանը 1997թ.-Նոր Գյուղ համայնքի ղեկավարն էր, իսկ 2018թ.-ին՝ Նոր Գյուղ գյուղի վարչական ղեկավար: Համայնքի ավագանուն հերթական հրաժարականի դիմում է ներկայացրել Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:



Բադալ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որոշեց հրաժարականի դիմում ներկայացրել. «Երկար տարիներ աշխատել եմ, ինքնակամ որոշել եմ տեղս զիջել երիտասարդներին, ես էլ խորհուրդներով կօգնեմ այն երիտասարդին, ով կընտրվի համայնքի ղեկավար: Ես գործնական հանդիպել եմ մարզպետի հետ, նա իր աջակցությունն է ցույց տվել համայնքի խնդիրների հետ կապված: Շնորհակալ եմ նորանշանակ մարզպետից, երիտասարդ ու կրթված կադր է: Ընդունակ է մարդկանց լսելու մինչեւ վերջ: Ես ուրախ եմ, որ մարզպետը առաջնահերթությունը երիտասարդներին է տեղ տալիս: Մենք էլ գյուղում երիտասարդ, կրթված տղաներ ունենք, արտահերթ ընտրություններ կլինեն, թող մասնակցեն»:



Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, ով համայնքի ղեկավար է շուրջ 19 տարի, հարց ուղղեցինք կշարունակի՞ աշխատել նորանշանակ մարզպետի հետ, թե՞ հրաժարական կտա, Նորայր Սարգսյանն ասաց. «Մարզպետը հանդիպել է մեզ հետ, հիմնականում ճանաչողական այց է արել համայնք: Հանդիպել է համայնքի աշխատակիցների հետ, գործնական ոչ մի բան չի քննարկվել: Իհարկե շարունակելու եմ պաշտոնավարել: Համայնքի ղեկավարին պետք է գնահատել իր կատարած աշխատանքով: Մեր աշխատանքը գնահատում է ժողովուրդը, որը բազմաթիվ անգամ մեզ քվե է տվել: Ունենք ծրագրեր եւ ձեռնամուխ ենք եղել այդ ծրագրերի իրակնացմանը: Մենք բնականոն հունով աշխատանքները տանում ենք առաջ, աշխատում ենք ավել լավ ռիթմով»:



Մեր տեղեկություններով՝ առաջիկայում եւս որոշ համայնքների ղեկավարներ հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Նշենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցեր է կատարել Եղվարդի, Չարենցավանի, Հրազդանի, Ծաղկաձորի և Նոր Գեղիի համայնքապետարաններում: Ծանոթացել է համայնքապետարանների գործունեության ուղղություններին եւ կարևորվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետ ապահովումը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասել էր, որ չի վրիպելու ոչ մի պաշտոնեական դիրքը չարաշահած պաշտոնյա: 10 տարի ավելի համայնքներ ղեկավարած համայնքապետերի հետ զրուցելու է՝ հասկանալու համար իրենց աշխատելու հետագա նպատակահարմարությունը:



**Նելլի Կարապետյան**