Ցավ ու կրկնակի հիասթափություն. արձագանք Արցախից

Ցավ ու կրկնակի հիասթափություն. արձագանք Արցախից
Գեներալ Մանվել Գրիգորյանը գեներալի կոչումն ստացել է Արցախյան պատերազմում մասնակցության եւ ավանդի համար․ նրան շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում։ Կոչում, որն Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչումն է, շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Արցախը, որտեղ ամեն տարի ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացություն է կազմակերպում, անմասն չի մնացել այն ցնցումից, ինչպես իրենք են ասում՝ «թեւաթափումից», որն ապրեցինք մենք՝ հայաստանցիներս, «զինվորի փայը՝ վայրի գազաններին» բացահայտումից հետո: «Մանվելը, որ շատ կոպիտ բառեր չասեմ, տանձը տուն տանող էն խարդախ թոռան օրն ա ընկել, կես ճամփին փոշմանել՝ տանձը տուն չի հասցրել, գել ու գազանի բաժին ա դարձրել»,- մեզ հետ զրույցում ասաց հադրութցիներից մեկը: Հադրութը, ի դեպ, այն շրջանն է, որտեղ մինչ օրս Մանվել Գրիգորյանին գլխի վրա ընդունողներ կան, մարդիկ հիշում են իրենց ազատագրած 5-րդ փառապանծ բրիգադը: Այստեղ, ինչպես պնդում են տեղացիներից ոմանք, գեներալի նկարը պատին փակցնողներ կան, «որ թուրքը տեսնի, զարզանդի, տնից հեռու փախչի»:



Մենք փորձեցինք կապվել Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Վարչակազմի ընդունարանից մեզ հայտնեցին, որ նա տեղում չէ, հայտնի չէ, թե երբ կվերադառա (մեր տեղեկություններով՝ այս օրերին պատկան մարմիններն օպերատիվ միջոցառումներ են իրականացնում Հադրութում գտնվող Գրիգորյանի տանը նույնպես): Նշենք, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, սկսած 2013-ից, Հադրութում եւ Մարտակերտում (գեներալը Հադրութի եւ Մարտակերտի պատվավոր քաղաքացի է) սոցիալական ծրագիր է իրականացնում՝ հիշյալ համայնքների սոցիալապես անապահով երեխաներին ամեն ուսումնական տարվա սկզբին գրենական պիտույքներ ու պայուսակներ է նվիրում: Իսկ այս տարվա հունվարի 11-ին երկրապահ ուխտագնացներն այցելել էին Մարտակերտ, ծաղկադրում արել Մարտակերտի շեներում, զորամասերում, հասել մինչեւ Մատաղիս եւ Թալիշ: Մեզ հաջողվեց զրուցել Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար **Էդգար Հարությունյանի** հետ:



**- Արցախում ինչպե՞ս արձագանքեցին Մանվել Գրիգորյանի «յուրացումների» պատմությանը:**



Եկեք ես ամբողջ Արցախի անունից չխոսեմ, խոսեմ իմ ու մարտակերտցիների անունից: Ինչպեսեւ համայն հայ ազգը, մենք նույնպես ցավ ենք ապրում եւ, կարելի է ասել՝ կրկնակի հիասթափություն: Հիասթափությունը ե՛ւ զինվորինն է, ով պահում է մեր հայրենիքը, Մարտակերտի իր անկյունը, ե՛ւ զինվորի թիկունքում՝ երկու-երեք կիլոմետր հեռվում ապրող մարտակերտցի խաղաղ բնակչինը: Այն հիասթափությունն ու մտահոգությունը, որն ապրեցինք, բառերով կամ որեւէ այլ կերպ հնարավոր չէ փոխանցել: Խիստ բացասական են հույզերը, եւ այսօր (երեկ) ԱԺ նիստի ժամանակ այն ամենն ասվեց, ինչը որ մտածում է համայն ժողովուրդը:



**- Բայց ինքը հայտարարել է, որ իր անունը կմաքրի, պարզաբանումներ կտա, հակափաստարկներ կներկայացնի: Գուցե այս պատմության մեջ դեռեւս չպարզաբանված հարցեր կան, անմեղության կանխավարկած կա, ի վերջո:**



Անմեղության կանխավարկածով առաջնորդվել հնարավոր էր մինչեւ ԱԱԾ-ի կողմից ցուցադրված տեսահոլովակը՝ զինվորի համար հատկացված սնունդը, երեխաների նամակները եւ այլն: Ինձ չի թվում, որ հետագայում ինչ-որ մի ձեով, ինչ-որ մի կերպ նա կկարողանա մաքրել կամ մաքուր անուն ապահովել: Սա իմ կարծիքն է, ես թերահավատ եմ:



**- Մանվել Գրիգորյանը մինչ այդ ի՞նչ ընդունելության է արժանացել Մարտակերտում, իր մասին միֆեր են պատմում:**



Մանվել Գրիգորյանի այցելությունը Մարտակերտ կրում էր ուխտագնացության տեսք, որովհետեւ իրենք այցելում էին Մարտակերտի զոհված ազատամարտիկների հուշարձանին եւ համապատասխան գյուղերը, որտեղ արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ դիրքավորված են եղել, այնուհետեւ ճանապարհվել են Հադրութ: Մարտակերտում իրենց լինելը տեւել է ժամեր, զուտ այցելություն հուշարձան ու հիշատակի վայր: Այսինքն՝ անմիջական շփում, առնչություն բնակիչների հետ չի եղել:



**- Իսկ հարակից համայնքների բնակիչների, վարչակազմերի ղեկավարների արձագանքն ինչպիսի՞ն է:**



Մեզ մոտ ցորենի եւ գարու բերքահավաքի գյուղատնտեսական աշխատանքների ամենաթեժ շրջանն է, եւ հավատացնում եմ Ձեզ, որ մենք հարակից շրջանների վարչակազմերի ներկայացուցիչների հետ նստելու, զրուցելու թեմա քննարկելու ժամանակ չունենք:



**- Դուք եղել եք կառավարությունում, խորհրդակցության եք մասնակցել: Խորհրդակցության ժամանակ համայն հայությանը, ինչպես Դուք եք ասում, հուզած այս հարցը քննարկվե՞լ է:**



Ես համաձայն եմ, որ սա համայն հայությանը հուզող հարց է, սակայն այդ խորհրդակցությունը նվիրված էր բերքահավաքին, մեզ մոտ կարկտահարության դեպքեր ունենք, վնաս ունենք, գյուղացիներին հուզող հարցերի շուրջ են տեղի ունենում ներկայիս խորհրդակցությունները եւ ոչ թե Մանվել Գրիգորյանի հետ կապված հարցերի: Միանշանակ՝ այդ հարցը չի քննարկվել:



**- Իսկ Դուք, որպես վարչակազմի ղեկավար, Մանվել Գրիգորյանի հետ տետ ա տետ շփվե՞լ եք: Ինչպե՞ս է նա իրեն դրսեւորում Արցախում:**



Ես անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից եմ նշանակվել վարչակազմի ղեկավար: Անցյալ աշնանը, երբ այցելել է, ծանոթացել ենք, մեր շփումը տեւել է մի քանի րոպե, այնուհետեւ նրանք ուղեւորվել են, ինչքան հիշում եմ՝ Շուշի: Ես այսքանով եմ շփվել իր հետ:



**ՀԳ.** _Մենք խնդրեցինք Հարությունյանին մեզ տվյալներ հայտնել, թե 2013-ից սկսած Մարտակերտի սոցիալապես անապահով ընտանիքների քանի երեխա է վերոհիշյալ հիմնադրամի կողմից գրենական պիտույքներ ու պայուսակներ ստացել, արդյոք մե՞ծ թիվ են կազմում սոցիալապես անապահով ընտանիքներն այս համայնքում: Հարությունյանը խոստացավ տվյալները ճշտել եւ տրամադրել:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**