Գեներալն իրեն քաղբանտարկյալ չի համարում, փաստաբանն էլ պնդում է՝ դատարանի որոշումը քաղաքական է (տեսանյութ)

Գեներալն իրեն քաղբանտարկյալ չի համարում, փաստաբանն էլ պնդում է՝ դատարանի որոշումը քաղաքական է (տեսանյութ)
«Ես չէի ուզենա շատ մեկնաբանեի, բայց սովորական, տրաֆարետ հիմնավորումներ էին, որ կարող է խուսափի, թե ոչ»։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը։



«Հրապարակի»-ի հարցին՝ իր կարծիքով դատարանի որոշումը հիմնավորվա՞ծ էր, ինչպե՞ս կգնահատի, փաստաբանը պատասխանեց․ «Ես զերծ կմնամ մեկնաբանությունից, դա նման է մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են հայտնի ամբաստանյալների նկատմամբ»։



Մեր ճշտող հարցին՝ քաղաքական դատավարությունների՞ մասին է խոսքը, Մկրտչյանը տվեց դրական պատասխան։ Իսկ թե Մանվել Գրիգորյանը իրեն քաղբանտարկյալ համարո՞ւմ է, փաստաբանն ասաց․ «Ոչ, ինքն ինձ նման բան չի ասել։ Ես ունեցել եմ իր հետ զրույց, անգամ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ձգձգվում էր որոշում կայացնելու պահը։ Դատավորը հայտարարեց, որ լրացել է 72 ժամը, դուք իրավունք ունեք ազատ լինել, պահանջեց, որ ուղեկցողները դուրս գան։ Դրանից հետո ես պահանջեցի իրավական հետեւանքները, որ մենք կարող ենք ցանկացած ուղղությամբ գնալ, սակայն պարոն Գրիգորյանն ասաց, որ ես որեւէ տեղ չունեմ գնալու, չեմ խուսափում։ Եվ ինչ-որ լինելու է, թող այստեղ լինի»։



Նշենք նաև, որ այսօր ԱԺ-ում կայացած արտահերթ նիստում, փակ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից։ Կողմ էր քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 3։



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։



**Աննա Պապիկյան**