Թե բյուջեում ինչքա՞ն փող է եղել, ո՞նց են ծախսել, դա որեւիցե ձեւով իմ հետ չի առնչվում. ԵԿՄ փոխնախագահ

Թե բյուջեում ինչքա՞ն փող է եղել, ո՞նց են ծախսել, դա որեւիցե ձեւով իմ հետ չի առնչվում. ԵԿՄ փոխնախագահ
Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Համլետ Հայրապետյանից հետաքրքրվեցինք, կատարվե՞լ են արդյոք փոփոխություններ կառույցի ներսում, եւ ինքը կշարունակի՞ մնալ որպես ԵԿՄ կառույցի փոխնախագահ։ «Երեւույթը տգեղ է, ցնցող, մարդկային բանականության մեջ չտեղավորվող: Ես չգիտեմ՝ ով ինչ է արել, դա կպարզի նախաքննությունը: Ով ուզում է լինի, ովքեր ուզում են լինեն, պետք է խստագույնս պատժվեն: Ավելին, պետք է արժանանան ժողովրդի դատաստանին: Մարդ իր աչքերին չի հավատում, ո՞նց կարող է մարդ արարածը նման քայլ անել: Ինչ վերաբերվում է մնալ ԵԿՄ փոխնախագահ կամ դուրս գալ ԵԿՄ-ից, ասեմ. ինչո՞ւ հրաժարվեմ, երկրապահը իմ կոչումն է: Ես երկու պատերազմների մասնակից եմ: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություն պետք է լինի: Իրավիճակ է փոխվել, թող առաջադրվեն 10 հոգի , ով ում կառաջադրի, եւ թող ընտրեն նրան, ով արժանի է կառույցի ղեկավար լինել»:



**-Եթե Ձեր թեկանածությունը առաջադրեն, կհամաձայնե՞ք:**



-Ես դեմ չեմ լինի: Մենք պետք է ետ կանչենք բոլոր նրանց, ովքեր երկրապահից գնացել են, ոչ թե դուրս են եկել, այլ ինչ- որ առումով խռովել են, գնացել են այլ կազմակերպություններ են ստեղծել, որոնք երկրապահի հիմքն են եղել: Մենք խնդիր ունենք նրանց կանչելու, մեծ միասնական ընտանիք կազմելու, Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցը պահելու: Հիմա առավել եւս մի բռունցք պետք է դառնանք հանուն ժողովրդի, հանուն մեր սահմաննների:



**-Կա՞ն երկրապահներ, ովքեր կամովի դուրս են եկել ԵԿՄ-ի շարքերից:**



-Նման ինֆորմացիա ինձ չի հասել: Ես չեմ կարծում, որ անհատների արածները պետք է անդրադառնա որոշ երկրապահների վրա: Մենք այն ընտանիքն ենք, որ Վազգենից հետո կարողացանք ստեղծել եռասերունդ երկրապահ:



**-ԵԿՄ-ի կողմից տարբեր համայնքների ղեկավարներին պարբերաբար գրություններ եւ դրամական օգնություններ են ուղարկվել: Տեղյա՞կ եք՝ այդ գումարներն ինչի՞ վրա են ծախսվել:**



-Ընդհանուր առմամբ հետեւյալն է. ցանկացած միջոցառման ժամանակ կամ ուխտագնացությանից առաջ երկրապահ տարածքային բաժամունքները դիմում են տվյալ համայնքի ղեկավարին՝ աջակցել տվյալ ակցիան իրականացնելուն: Դա էդպիսի գումարներ չի եղել, ով որ էդպիսի բաներ է խոսում, չարաչար սխալվում է: Կարող է մի քաղաքապետ, մի բաժանմունքին 50 հազար դրամ փող տված լինի, կամ մի գյուղապետ 20 հազար դրամ փող տված լինի, որ այդ բաժանմունքից 20-30 հոգի գնան Արցախ՝ ուխտագնացության:



**- ԵԿՄ վարչությունը բյուջե չի՞ ունեցել:**



-Էնպիսի հարցեր եք տալիս, ես ֆինանասական հարցերով չեմ զբաղվում: Ո՞նց կարող է եղած չլինի: Մեծ կառույց է, բյուջե էլ կունենա, փող էլ կունենա, ինչ մասին է խոսքը: Կներեք, ես չեմ կարող այդ մասին խոսել, որովհետեւ իմը գաղափարախոսությունն է եղել, թե վարչության բյուջեում ինչքա՞ն փող է եղել, ո՞ւր է ծախսվել, ո՞նց են ծախսել, դա որեւիցե ձեւով իմ հետ չի առնչվում:



**Նելլի Կարապետյան**