ՀԵՀ գործադիր տնօրենը խնդրում է հարգել իր իրավունքը

ՀԵՀ գործադիր տնօրենը խնդրում է հարգել իր իրավունքը
Թավշյա հեղափոխությունից հետո աղմկոտ բացահայտումների շարքում կարելի է դիտարկել գրեթե մեկ ամիս առաջ, մայիսի 25-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին ՀԵՀ գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326․000․000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր։



ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջերս փորձել էինք պարզաբանում ստանալ ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանից, սակայն նա միայն նշել էր, որ իրեն մի քանի անգամ կանչել են հարցաքննության։ Այս անգամ եւս փորձեցինք Ալեքսանդր Տեր-Հովակիմյանից տեղեկանալ գործի ընթացքի մասին։



«Ընթացքի մեջ է, մի քանի անգամ ինձ կանչել են հարցաքննության»,- արձագանքեց ՀԵՀ գործադիր տնօրենը՝ խնդրելով ավելի չծավալվել։ Հարցին, թե իրեն մեղավո՞ր ճանաչում է, ՀԵՀ գործադիր տնօրենը պատասխանեց․ «Ներկա պահին քննություն է ընթանում, ես այս պահին հանդես եմ գալիս որպես մեղադրյալ, մնացածի մասին թույլ տվեք կարծիք չհայտնել։ Գործընթացը քննության փուլում է, ես ոչ մի հայտարարություն չեմ ուզում անել այդ գործընթացի վերաբերյալ։ Ես խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը։ Հետագայում, կարծում եմ, մենք ավելի մանրամասն կզրուցենք, եւ ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց մեր զրուցակիցը։