Ի՞նչ եղավ Մանե Թանդիլյանի հրաժարականը

Ի՞նչ եղավ Մանե Թանդիլյանի հրաժարականը
Օրեր առաջ անսպասելի հրաժարական ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Սոցիալական ցանցերում ոմանք դա գնահատեցին որպես սկզբունքայնություն, քանի որ Մանե Թանդիլյանը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին եւ կարծում էր, որ այդ համակարգը պետք է ներդրվի՝ ելնելով մարդու կամահայտնությունից եւ ընտրությունից։ Իսկ կառավարությունն էլ կողմ է պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի ընդունել այդ հրաժարականը, իսկ կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Մանե Մադոյանը մեզ տեղեկացրեց, որ Մանե Թանդիլյանը սովորականի պես աշխատում է, քանի որ վարչապետը չի ստորագրել նրա հրաժարականի դիմումը։



Իսկ նախարարի հրաժարականի դեպքում ընթացակարգերի մասին նա խորհուրդ տվեց դիմել կառավարության իրավաբանական վարչություն։ «Նախադեպեր եղած կլինեն, իրենք էլ ճիշտ կհուշեն, թե որ դեպքում է հետաձգվում վարչապետի ստորագրությունը։ Իսկ տիկին Թանդիլյանը ներկայանում է աշխատանքի։ Հրաժարականի դիմումը տրված է, սակայն ամեն ինչ մնում է նույնը»,- ասաց Մանե Մադոյանը՝ հիշեցնելով, որ իր հրաժարականի պատճառների մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշել է իր հայտարարության մեջ։



Իսկ մնացյալը, ըստ մեր զրուցակցի, կարող է որոշվել վարչապետի եւ նախարարի համատեղ քննարկման արդյունքում։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն էլ նշեց, որ այս պահին հրաժարականը հաստատված չէ։ Թե որքան ժամկետում կարող է հաստատվել նախարարի հրաժարականը՝ Արման Եղոյանն ասաց, որ չկա ժամկետների սահմանափակում։ Բայց, ըստ Եղոյանի, մի որոշակի պահի վարչապետը կա՛մ պետք է ընդունի հրաժարականը, կա՛մ ոչ։