Ուրիշ ելք չկա

Ուրիշ ելք չկա
Անցումային էսքիզներ



Մորս մահվանից հետո ամռան այս անձրեւախառն օրերին առաջին անգամ եմ գյուղում: Ինչպես շատերի մայրերը, իմ մայրը նույնպես շքամուտքից մի քիչ հեռու վարդերի թփեր ու ծաղիկներ էր աճեցրել: Պատի տակ երկուսով նստում էինք եւ էդ վարդերի ու ծաղիկների բուրմունքը վայելելով՝ խոսում դեսից-դենից, թե որ հարեւանն ուր է գաղթել: Մայրս մատների վրա մեկիկ-մեկիկ թվարկում էր, որ մեր փոքր թաղերից տարիներ շարունակ 50 տուն արդեն գաղթել է․ որը՝ Ռուսաստան, որը՝ Ուկրաինա, մեկ-մեկ էլ՝ Ամերիկա ու Ֆրանսիա: Հիմա, սովորականի պես, շեմին մոտեցա, նստեցի նստարանին ու հիշողությունների գիրկն ընկա: Մեկ էլ ի՜նչ տեսնեմ՝ վարդի թփերի ու ծաղիկների փոխարեն եղինջի ու մոլախոտի մի անտառ է գոյացել: Ի՜նչ վարդի թփեր, ի՜նչ ծաղիկներ: Էդ պահին մորս կորուստն էլ ավելի զգացի: Ու ներքին մի ձայն հուշեց, թե՝ ի՞նչ ես նստել, վեր կաց, քաղհանի՛: Ու երկու ձեռքով բռնում եմ եղինջի ցողունից, սկսում դուրս քաշել: Էդ ո՜նց է ծակում, էդ ո՜նց է մռմռացնում: Հիշեցի, որ, ախր, աշխատանքային ձեռնոցներ եմ բերել: Խեղճ մայրս առանց ձեռնոցի էդ ո՞նց էր արել: Հագնում եմ ու կատաղած հո չե՜մ քաշում, հո քոքահան չե՜մ անում: Հետն էլ ախուվախ եմ անում, երբ որ քաղհանի հետ մեկ-մեկ էլ թուփ ու ծաղիկ են դուրս գալիս: Բացվող վարդերի ու ծաղիկների կոկոններն սկսում են երեւալ: Ավարտեցի։ Թփերն ու ծաղիկները սկսեցին շնչել:



Հիմա նստած տեղս միտք եմ անում, որ էս 30 տարի է՝ Հայաստան աշխարհը եղինջի ու մոլախոտի մեջ կորցրել ենք: Ո՛չ թուփ է երեւում, ո՛չ ծաղիկ: Քաղհանողից էլ դժգոհում ենք, թե ծակում ու մռմռացնում է: Ուրիշ ելք չկա, առանց ծակելու ու մռմռոցի բան դուրս չի գա…



* * *



70-ականներին, երբ Չեխիան ու Սլովակիան դեռեւս միասին էին, իսկ երկիրը կոչվում էր Չեխոսլովակիա, այնտեղից մի գործարար եկավ, որպեսզի Հայաստանում «Ադիդասի» արտադրամաս դնի: Այդ տարիներին Հայաստանում «ցեխավիկության» ծաղկման շրջանն էր: Էլ չասեմ, որ նույնիսկ բարձունքին գտնվող «Արարատ» ֆուտբոլային թիմի համար «բոթաս» ու «բուտի» ձեռք բերելու ուղղությամբ երջանկահիշատակ վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն է զբաղվել: Կարճ ասած՝ Երեւան ժամանած գործարարին ոգեւորված պատմում են կոշկակարության մեր ժողովրդի ավանդույթների մասին, ցույց տալիս խորհրդային երկրով մեկ հայտնի ու փառաբանված «Մասիս» կոշիկի ֆաբրիկան: Նա ականատես է լինում Երեւանի կենտրոնում գտնվող «Կոշիկի տան» առեւտրի հերթին, թե ինչպես Ռուսաստանի ծայրերից եկած հարյուրավոր զբոսաշրջիկներից ամեն մեկն իր պարտքն է համարում մի քանի զույգ երեւանյան կոշիկ գնել: Եվ գործարարը համոզվում է, որ «Ադիդասի» գործը ճիշտ եւ ճիշտ Հայաստանի համար է: Ավելին՝ ղեկավարությունը հրահանգում է, որ «Մասիս» ֆաբրիկայի կոշկակարներից որի վրա գործարարը մատը դնի, նրան էլ կարող է վերցնել: Եվ ո՜վ զարմանք՝ գործարարն այդ մեր հմուտ կոշկակարներից հրաժարվում է՝ ասելով. «Դուք իսկապես ձեր գործի վարպետն եք, շատ հրաշալի կոշիկ եք կարում, սակայն մենք միայն անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ երիտասարդների ենք ընտրելու ու ինքներս էլ սովորեցնելու ենք»: Էս մեր մեծամեծները շվարում են, երեւույթը չեն ընկալում, որ ինչքան էլ լավ կոշկակար լինես, միեւնույն է՝ քո ձեւով ես կարելու:



Հիմա, երբ մեր այս կառավարության երիտասարդ ու անփորձ նախարարներին եմ նայում, Հայաստանում «Ադիդաս» արտադրելու պատմությունն եմ հիշում….



**Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ**